«Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում նոր նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը»․ Արարատ Միրզոյան
![]() 237 Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 23:01 Բրազիլ պաշտոանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ազդեցիկ օրաթերթերից մեկին՝ «Folha»-ին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։ Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։ Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։ Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։ Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ»։ Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլ երկկողմ հարաբերություններին։ Աղբյուրը` ՀՀ Արտաքին գործերի նախարարություն |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
