«Շիրակում տուրիզմը չի կարող զարգանալ, եթե Խարկով գյուղի մոտակա փշալարերը չտեղափոխվեն». Վահան Թումասյան
203
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 22:36
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակում տուրիզմը չի կարող զարգանալ, եթե Խարկով գյուղի մոտակա փշալարերը չտեղափոխվեն Առհասարակ Շիրակ աշխարհի, Անիի նախկին վարչական շրջանի պատմական վայրերն ու հուշակոթողները կարելի է դասել ամբողջովին չներկայացվող ու չօգտագործվող, անգամ ոչ պատշաճ գնահատված գանձերի շարքը: Անշուշտ, գլուխգործոցը և զբոսաշրջության զարգացման գլխավոր խթանը կա ու մնում է Անին: Զբոսաշրջություն, որը կնպաստեր հատկապես Անիի շրջանի՝ Հայաստանում ամենաաղքատների թվում գտնվող գյուղերի զարգացմանը: Դեռևս 2020 թվականին իշխանությունները խոստացան, որ շատ մոտ ապագայում պետք է Խարկով գյուղի տարածքում փշալարերով սահմանային արգելապատնեշները տեղափոխեն դեպի Ախուրյան գետի ափը, որը շատ տրամաբանական կլիներ: Այդ լուրը, թե Խարկով գյուղ մտնելն ու Անին մոտիկից տեսնելը դառնալու էր իրականություն, մեծ ոգևորություն առաջացրին, առանց վարանելու կարող եմ ասել, համայն հայության շրջանում: Լուրը թերահավատորեն ընդունեցին մոտակա գյուղերի բնակիչները, թեև արգելապատնեշների՝ փշալարերի տեղափոխումը պահանջված է, քանի որ պարզապես անհասկանալի է մնում հսկայածավալ՝ հազարավոր հեկտար վարելահողեր սահմանային գոտու մեջ առնելը, որի պատճառով այդ վարելահողերի 10-15 տոկոսն է միայն մշակվում: Առհասարակ տրամաբանությունից դուրս է, որ փշալարերով արգելապատը մի տեղ հենց բնակավայրերի սահմանագծին է կառուցված, Ախուրյանի կիրճի եզրին, իսկ մյուս, տվյալ դեպքում Խարկովի տարածքում, մոտ 3 կմ հեռավորության վրա: Ինչի հետևանքով առնվազն երկու գյուղ ամբողջովին դատարկվել է: Առաջ ընկնելով ասեմ, որ գյուղը բացելու մասին լուրը որքան արագ ոգևորություն առաջացրեց, այնքան էլ արագ մարեց… Եվ հիմա էլ այն մնում է փակ այնպես, ինչպես նախկինում: Հասկանալի է, որ ծախսատար է երկու տասնյակ կիլոմետր երկարություն ունեցող արգելապատի տեղափոխումը կամ նորի կառուցումը: Բայց լավ կլինի նման ծրագրերին կամ նույնիսկ հայտարարություններին նախորդեին հասարակական քննարկումները ինչպես մոտակա գյուղերի բնակիչների, այնպես էլ թեմայով շահագրգիռ ոլորտի մասնագետների հետ, եթե իհարկե նման ծրագրերի իշխանական խոստումներն ընդամենը լոզունգային կամ սին չեն: Թեման առավել ևս Անիի պարագայում շատ կարևոր է, քանի որ այն առնչվում է համայն հայության շահերին: Բայց ես հիմա շեշտադրումն ուզում եմ անել մոտակա կիսադատարկ բնակավայրերում աղքատության կրճատման և գյուղերի զարգացման տեսանկյունից: Ինչ անել, որ Անիի փաստարկն օգտագործելով կտրուկ զարգանա տուրիզմը, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը և նպաստի այդ համայնքներում աղքատության կրճատմանն ու նույնիսկ կայուն զարգացմանը: Ես այնուամենայնիվ այն կարծիքին չեմ, թե այդ բնակավայրերի աղքատության պատճառը միայն ու միայն Խարկով գյուղի հատվածում սահմանի փակ լինելու կամ մեզ Անին մոտիկից տեսնելու հնարավորությունից զրկելու հանգամանքն է: Ուստի ուզում եմ այստեղ հպանցիկ թվարկել ըստ իս այդ շրջանի գյուղերի աղքատության հիմնական մի քանի պատճառները: Գյուղերի վարելահողերի առնվազն 90 տոկոսը զրկված է ոռոգման համակարգից, այն դեպքում, երբ այդ հողերի մեծ մասը գտնվում են Ախուրյան գետի և Հայաստանում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի ափերին: Վերջիններս եւս փշալարերով արգելափակված են, մարդիկ զրկված են հսկայածավալ ջրի պաշարից օգտվելու հնարավորությունից, ինչի պատճառով ոչ միայն արտերն են անջրդի, այլ նաև գյուղերում բացակայում են այգիներն ու բանջարանոցները: Աշխատատեղեր գրեթե չկան, նախկին ձեռնարկություններն ու հատկապես քարի հանքերի մեծ մասը փակված են: Արոտները հիմնականում քարքարոտ սարերում են և անասնապահության համար քիչ բարենպաստ են, չկան նաև արոտներում ջուր: Իսկ Խարկով գյուղի մերձակա արոտավայրերում անասնապահությունը արգելված է, կրկին սահմանային գոտու տարածք համարվելու պատճառաբանությամբ: Առհասարակ ես կողմ եմ, որ արգելապատնեշները՝ փշալարերը Խարկով գյուղի ներկայիս տարածքից ամբողջովին հանվեն և տեղափոխվեն Ախուրյան գետի ափամերծ տարածք: Ավելին, որպեսզի շատ մոտ ապագայում վերականգնվի Խարկով գյուղը, ստանա համայնքի կարգավիճակ, դրա համար առաջին հերթին խմելու ջուր է հարկավոր: Չմոռանամ ասել, որ Թուրքիայի կողմից ոչ մի փշալար կամ նմանատիպ արգելք գոյություն չունի և նրանց կողմից անասնապահները իրենց նախիրն ազատորեն բերում են Ախուրյան գետը՝ ջրելու: Կարծում եմ՝ այս որոշումների հիմքում, բացի հայկական ճարտարապետության բացառիկ կառույցները դիտելու հնարավորություն ընձեռելուց, պետք է դրվի նաև այդ մոտակա գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելու քաղաքականություն: Ասեմ, որ փշալարերի տեղափոխումը հաստատապես կնպաստի Հայաստանում այդ՝ ամենաաղքատ սահմանային գյուղերի թռիչքային զարգացմանը, այդ թվում հյուրատնային և ռեստորանային բիզնեսին, ինչը իր ետևից կբերի աղքատության կտրուկ կրճատում»: