Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հասկացնում են, որ քաղաքական ակտիվացմանն արձագանքելու են այլանդակություններով»․ Տիգրան Աբրահամյան

«Հասկացնում են, որ քաղաքական ակտիվացմանն արձագանքելու են այլանդակություններով»․ Տիգրան Աբրահամյան
138
Այսօր, 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապահներին, ովքեր չկարողացան իշխանության քարոզչության և քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել և գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց:
Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի և տարածված ուղերձից անմիջապես հետո՝ ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով:
Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն»: