Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չի գտնում պետությանը մեծ վնաս հասցրած մեղավորներին»․ Ոսկան Սարգսյան

«Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չի գտնում պետությանը մեծ վնաս հասցրած մեղավորներին»․ Ոսկան Սարգսյան
171
Երեկ, 23:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակակոռուպցիոն կոմիտեն էլ պետությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար մեղավոր չի գտել։
Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստևի հունն ավերելու, այնտեղ ապօրինի կերպով մեծ, երկար պատ սարքելու հետևանքով գրեթե 5 տարի առաջ Իջևանի դենդրոպարկի ջրառը զրկվեց Աղստևի ջրից, չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր և մոտ 24 հազար տնկի, Աղստև գետի հունին, ափերին, Իջևանի դենդրոպարկին պատճառվեց միլիոնավոր դոլարների վնաս։ Աղստևի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության, վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեի կարևորագույն գործերով զբաղվող վարչությունում այդ գործով փոխվեց երեք քննիչ, սակայն գործով մեղադրյալ չկա։ Գործը փոխանցվեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջևանի գինու, կոնյակի գործարանը «պարգևատրվել է», վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք՝ այն հանգստի գոտի դարձնելու նպատակով։ Քրեական այդ գործի վերաբերյալ տեղեկատվական հարցում եմ կատարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հարցնելով՝ Իջևանի դենդրոպարկին, Աղստև գետի հունին, շրջակա միջավայրին պատճառված վնասների չափը ճշտելու նպատակով 2021թ․ հոկտեմբերի 15-ից մինչ այժմ, անցած երեքուկես տարում փորձաքննություններ անցկացվե՞լ են, որքա՞ն է կազմում վնասի ընդհանուր չափը, քրեական վարույթով որևէ մեկին քրեական մեղադրանք առաջադրվե՞լ է, ո՞ւմ է առաջադրվել; Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Ղազարյանի ստորագրությամբ ստացել եմ հետևյալ պատասխանը․ «ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում Ձեր կողմից նշված դեպքով ներկայումս թիվ 38-0292-24 քրեական վարույթով շարունակվում է նախաքննությունը և հիշյալ քրեական վարույթով Դուք որևէ կարգավիճակով ներգրավված չեք։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննության տվյալ փուլում ընթացակարգ չի նախատեսում քրեական վարույթով կողմ չհանդիսացող անձին այդ վարույթով կատարված գործողությունների արդյունքների կամ ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու»։
Կարծում եմ, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեն այդ վարույթով ինչ-որ ասելիք ունենար, կնշեր, ոչ թե քրեական դատավարության դրույթը կներկայացներ։ Աղստև գետի հունը ավերելու, այնտեղ անօրինական կերպով մեծ երկար, պատ կառուցելու, Իջևանի դենդրոպարկի ջրառն ավերելու, որի հետևանքով հազարավոր արժեքավոր, հազվագյուտ ծառեր, բույսեր չորանալու, պետությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասի գործով անցած երեքուկես տարում ՀՀ քննչական կոմիտեն և հակակառուպցիոն կոմիտեն մեղավոր չեն գտել, որ մեղադրանք առաջադրեն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան