Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչո՞ւ ես կառուցում»․ Արթուր Խաչատրյան

«Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչո՞ւ ես կառուցում»․ Արթուր Խաչատրյան
173
Այսօր, 15:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․
Նիկոլն ու նիկոլականները, ոգևորության պահին, հայտարարում են, թե Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր երկրի միակ հաջողությունը Կիրանցի հատվածում կառուցած պատն է։ Այն, որ նիկոլն ու նիկոլականները հպարտանալու ոչինչ չունեն, անվիճելի փաստ է։ Իրենք կործանել են 1990 թվականի օգոստոսի 23-ից ի վեր արձանագրած մեր բոլոր հաջողությունները․ Արցախը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածաշրջանային գործոնի հանգամանքը․․․ Ի՞նչ են բերել։ Մահ, ավեր, կորուստներ, ներքին ատելություն ու արտաքին արհամարհանք։ Մի քանի մետրանոց բետոնից պատ են կառուցել, մի քիչ ավելի երկար մետաղական ցանկապատ ու ուրախանում են։
Իրենք կարող են սեփական ծանծաղամտությամբ կամ ծակ գուլպաներով ուրախանան, իրենց գործն է։ Բայց մարդկանց մոլորեցնում են, թե այդ պատը խորհրդանշում է անխախտ սահմաններ և խաղաղության դարաշրջանը։ Զառանցանք․․․ Պատ են կառուցում ու ասում են, թե «խաղաղության դարաշրջան» են կերտում։ Պատ և խաղաղություն․․․ Մարդկության պատմության ընթացքում երկրների սահմաններին պատեր կառուցվել են։ Կառուցվել են թշնամուց պաշտպանվելու համար։ Չինական մեծ պատը կառուցվեց, որ Չինաստանը պաշտպանվի հյուսիսի քոչվոր ցեղերի հարձակումներից։ Ֆրանսիան Մաժինոյի գիծը (պատը) կառուցվեց, որ պաշտպանվի Գերմանիայից։ Բեռլինում պատ կառուցվեց, որ բեռլինցիները չփախնեն թշնամական Արևմտյան Բեռլին։ Իսրայելը պատ է կառուցել Պաղեստինի հետ Կանաչ գծի երկայնքով և Արևմտյան ափի տարածքում։ Իրենք ասում են, որ պաշտպանվեն պաղեստինցիներից։ Պաղեստինցիները պատը կոչում են Ապարտեիդի պատ և հայտարարում են, որ դրանով Իսրայելը ձգտում է բռնազավթել Արևմտյան Ափի մի հատվածը։ ՄԱԿ-ը, Հաագայի դատարանը դատապարտել են Իսրայելի կողմից պատի կառուցումը։ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով է ցանկանում պատ կառուցել, որ կանխի ապօրինի ներգաղթը Միացյալ Նահանգներ։
Պատը, պարիսպը երբեք, կրկնում եմ՝ երբեք խաղաղություն ու բարիդրացիություն չեն խորհրդանշել։ Իսկ Նիկոլը պատ է կառուցում ու հայտարարում, որ խաղաղություն է կերտում, ու որ այլևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու։ Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչո՞ւ ես կառուցում․․․
Պատը, որ ինքը կառուցեց, ողբի պատ է։ Պատ ողբերգության, ողբերգության, որ Նիկոլն ու նիկոլականները բերեցին մեր ազգի գլխին։ Իրենց կառուցած պատը, ո՛չ խաղաղություն է խորհրդանշում, ո՛չ ինքնիշխանություն այլ պարտություն ու նվաստացում։ Եվ հպարտանալով այդ պատով, իրենք հպարտանում են իրենց գործած նախճիրով»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան