Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արայիկն ասել էր․ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանն ինձ «կուտի»»․ Ռոբերտ Քոչարյան

«Արայիկն ասել էր․ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանն ինձ «կուտի»»․ Ռոբերտ Քոչարյան
170
Այսօր, 01:42

«Ի՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից։ Հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա»,- այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը այս կարծիքը հայտնեվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այնուհետև ներկայացրեց իր դիտարկումները 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ։

«Ահաբեկվում էր գեներալիտետը, և հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ, և ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Առաջ, եթե զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում են թաքցնել, ու սենց երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Արվում էր գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե ձեզանից որևէ մեկը փորձի ուսումնասիրել 2018, 2019, 2020 թվականների մամուլը, դուք կտեսնեք, որ սա տեղեկատվական դաշտի գերակա, հիմնական թեմաներից մեկն էր, և սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա, որովհետև հրամանատարական կազմը տեղեկատվական դաշտում ամեն օր ահաբեկվում էր։ Այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել էր, կառավարման մոդելներ փոխվել, և պոպուլիզմը, իսկապես, դարձել էր լուրջ գործոն, գրեթե ամեն ինչում, և միգուցե․․․ Մեկ քայլ վերադառնամ․ ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էին պետք՝ կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 2018 թ․- ից, դա անտեսվել էր, ոչ ոքի չէր հետաքրքրում, ուղղակի, մի կողմ էր դրվել, և բանակի հիմնական բարեփոխումները դարձել էին ավելի շատ «ելակային» բարեփոխումներ, հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն էր։ Սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, ընդհանրապես չէին հետաքրքրվում մարտական պատրաստվածությամբ։ Հիմնական թեման եղել է, թե զինվորին ո՞նց են կերակրում, կենցաղն ինչպիսի՞ն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի։ Ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների։ Ի՞նչ է բանակը։ Այն ունի 2 տարվա ցիկլ։ 5 - 6 ամիս պետք է զինվորին պատրաստելու համար, 2 տարի հետո նա զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստվածության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու, կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես, այսպես է վիճակը, որովհետև KPI եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, սպայական կազմը, որն այն ժամանակ փոխվեց, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք,- նշեց Քոչարյանը։

Նա նաև հայտնեց, որ պատերազմը սկսելուց հետո՝ 3-րդ օրը Ղարաբաղում է եղել։ «Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանին, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկը ասաց․ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ «կուտի» Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»։

Քոչարյանն անդրադարձավ նաև ԱԹՍ-ների խնդրին, որոնք Ադրբեջանն օգտագործել էր 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ և ընդծեց, որ պետք էր լուրջ հետևություններ անել։ «Հիմա այդ դրոնների դերակատարությունը բոլորը տեսնում եք, Ուկրաինայում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ի՞նչ դերակատարում ունեն։ Բայց առաջին ծիծեռնակները երևացել են 2016 թ․-ին, որից ուղղակի պետք էր շատ լուրջ հետևություններ անել, ոչ թե Սու 30 սելֆիի համար գնել, այլ պետք էին ՌԷՊ համակարգեր, պետք էին շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ, չարվեց դա։ Հիմա սրանք են հիմնական պատճառները, որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան՝ 91-94 թ․-ին, 16 թ․-ին, որը հետաքրքիր էր, որ շատ կարճ էր, բայց նախանշում էր տրենդը, և մենք այդ տրենդից, ըստ էության, հետևություն չարեցինք։ Ուրեմն հետևյալ եզրակացության գանք․ մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանին ոչ միայն քանակական գրեթե բոլոր ցուցանիշներում, սկսել ենք շեշտակի զիջել նաև որակական հարցերում՝ կապված մեր անվտանգային խնդիրների հետ»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ