Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եթե ՀՀ-ն գրագետ չկառուցեց համաշխարհային շուկային ինտեգրված արդյունաբերություն, կորցնելու է անկախությունը»․ Կարեն Ադոնց

«Եթե ՀՀ-ն գրագետ չկառուցեց համաշխարհային շուկային ինտեգրված արդյունաբերություն, կորցնելու է անկախությունը»․ Կարեն Ադոնց
179
Այսօր, 17:18

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Հայաստանը գրագետ չկառուցեց՝ համաշխարհային շուկային ինտեգրված ու կոպերացված, բազմաճյուղ արդյունաբերություն՝ ուշ թե շուտ կորցնելու է իր անկախությունը, երբ, ինչ ձևով՝ սցենարները կարող են լինել տարբեր։

Ստեփանակերտում, 1999թ. կայացած մի Համաժողովում կարճ ելույթի ժամանակ, ասել եմ հետևյալը՝ «ապագայի մասին խոսելիս, բոլոր ելույթ ունեցողները խոսում են գյուղատնտեսությունից։ Եթե արդյունաբերությունը չզարգացավ՝ ո՛չ մարդիկ կավելանան, ո՛չ տարածքները հնարավոր կլինի պահել»։
Հիմա անդրադառնամ մեկ այլ պատմության։ 1991թ-ին, «Տեխսարքավորում» արտադրական միավորումը, որտեղ Գլխավոր տնօրենի տեղակալ էի աշխատում ու որն իր կազմում, բացի Երևանի գլխամասային ձեռնարկությունը, ներառում էր նաև՝ Արտաշատի, Վարդենիսի, Մեղրիի գործարանները, արտադրում էր Միության բազմաթիվ մեքենաշինական ձեռնարկությունների համար (պարզ լեզվով ասեմ, որ հասկանալի լինի)՝ «շտամպեր», «պրեսֆորմաներ» ու ամենակարևորը՝ սվերլիննի հաստոցների ու դրելների համար «պատրոնների» լայն տեսականի։ Մինչև «վերջին պահը» ձեռնարկությունը մեծաքանակ պատվերների խնդիր չի ունեցել։
Միայն այդ ձեռնարկության պահպանումն ու նոր սարքավորումներով համալրելը (ներառյալ՝ փոքր շարժիչների արտադրության գործարկումը), բավարար կլիներ, որ «պատերազմում» չպարտվեինք։ Մեկնաբանելու կարիք չկա։ Փոխարենը՝ ամեն ինչ արվեց, որ ձեռնարկությունը կանգ առնի, սննկացվի, թալանվի, «մասնավորեցվի», խանութների ցանցի վերածվի, լցվի թուրքական ու չինական ապրանքներով, փակի հայրենական արտադրության հեռանկարի դռները ու մեզ դրանով «պատժի»։ Հիմա մեզ տեղն է, թե չէ՞։ Մենք ունեցել ենք բազմաթիվ նման ձեռնարկություններ։
Այսօր արդեն, նման արտադրանք արտադրելու համար, մենք չունենք՝ ոչ շուկաներ, ոչ տեխնոլոգիա, ոչ էլ մասնագետ։ Ավելին, նման արտադրանքների գրեթե բոլոր տեխնոլոգիական ցիկլերն այլևս՝ հոսքագծային են, ավտոմատացված են ու ռոբոտիզացված են՝ ստանդարտիզացման խիստ պահանջներով։
Հիմա մեզ, մեր անկախությունը պահելու համար, հարյուրավոր նման ձեռնարկություններ են պետք։ Ո՞նց անենք, կարա՞ք անեք՝ արեք։ Դրա համար եմ ասում՝ «տնտեսական զարգացումների, հեղափոխությունների», «աննախադեպ աճերի» և նման բաների մասին անիմաստ մի խոսեք։ Լսեք ու փորձեք հասկանալ՝ ինչ է ասվում ու ինչի համար է ասվում։
«Ղարաբաղի հարցը», «շրջափակումը» մեզ երբեք չեն խանգարել զարգանալ։ Սա ասել եմ միշտ ու բոլոր մակարդակներում։ Բայց այսօր արդեն՝ խաղաղությունը տարածաշրջանում, բաց ու կանոնակարգված սահմանները, այլընտրանք չունեն։ Հարավային Կովկասի 3 պետությունները՝ ոչ պատերազմ «սկսողն» են, ոչ էլ «խաղաղություն» երաշխավորողն են։ Պատերազմը Հարավային Կովկասում չի բխում որևէ գերտերության շահերից, բայց իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Մենք պետք է պատրաստ լինենք, թե՞ չէ։
Իմ մոտեցումը հետևյալն է՝ «Խաղաղության համաձայնագիր» ստորագրելը կամ չստորագրելը մեզ ոչ անվտանգության երաշխիք է ապահովելու, ոչ էլ զարգացման հեռանկար է բացելու։ Հետևաբար՝ արագ պետք է լուծել այդ 2 «նախապայմանների» հարցը, ստորագրել «Համաձայնագիրը» միակողմանի, հանձնել Ադրբեջանին, դադարեցնել այս հարցի շուրջ բոլոր քննարկումները։ Ադրբեջանի ստորագրելուց հետո նոր միայն, քննարկել հարաբերությունների հաստատման, սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման և այլ հարցեր։
Պետք չէ իրավաբան լինել, որ հասկանալ՝ Սահմանադրություն փոխելու կարիք չկա, պետք է ԱԺ-ը փոխի ԱՀ-ի իրավական հիմք չունեցող «գլխացավանք» առաջացնող հատվածը։
Տեսեք, սա պատմական իրավական գործընթացներն են՝
1. 1991թ. սեպտեմբերի 2-ին, ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։
2. 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
3. 1991թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանը հայտարարել է իր անկախության մասին։
4. 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հանրաքվե։
5. 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելովեժյան համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրել է իր գոյությունը:
6. 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ընդունվել է «Ալմա Աթայի հռչակագիրը»։
Սա «Անկախության հռչակագրի» վիճելի հատվածն է, ընդունված՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում.
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։
Նախ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, դե յուրե, չեր կարող տեղի ունենալ երկու իրավաբանորեն դեռ չանկախացած «պետությունների» միավորման կամ վերամիավորման մասին համատեղ որոշում։ Սա, իրավական որևէ հիմք կամ հեռանկար չունեցող որոշում էր և պետք է չեղյալ համարվեր նորանկախ պետության ԱԺ-ի կողմից։ Եթե մտադիր էինք «վերամիավորվել», 1991 թվականի դեկտեմբերի 21-ից հետո, լիքը ժամանակ կար՝ կարող էինք և «ճանաչել» և «վերամիավորվել»։
Հիմա, գանք Սահմանադրությանը։ Ինչ է ասում Սահմանադրությունը։ Սահմանադրությունը հղում է կատարում ոչ թե «Անկախության հռչակագրին», որպես այդպիսին, այլ՝ «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին»։
Վերը բերված «վիճելի աբզացը»՝ ոչ հիմնարար սկզբունք է, ոչ էլ համազգային նպատակ։
Իսկ մեր գլխավոր անելիքները առաջիկա 6 ամիսների համար (ինչը դուք իհարկե չեք կարող անել), հետևյալն են։
Առաջնահերթ քայլերը՝ գերազանցապես «հանքա-ագրարային, ծառայություններիր ու սպասարկման տնտեսությունից» անցում կատարելու դեպի գերազանցապես «արտադրական տնտեսության»
1. ՀՀ տարածքի քարտեզագրում՝ «արտադրական պոլիգոնների» համալիր կառուցման համար։
2. Արդյունաբերական հիփոթեքի շահավետ պայմանների և համապատասխան որոշումների մշակում ու վավերացում։ Առնվազն 1000 միավոր «արտադրական տարածքներով», 20 համալիր «արտադրական պոլիգոնների» կառուցման ծրագրերի նախապատրաստում։
3. «Արդյունաբերական էլեկտրոնային բորսայի» և «Արդյունաբերական կորպորացիաների» մասին նոր պարզեցված օրենսդրության մշակում և ընդունում։
4. Արտադրական գերակայելի ոլորտների՝ 10 տարով շահութահարկից ազատման որոշման կայացում ու վավերացում։
5. Արտաքին խոշոր շուկաներում՝ առևտրային և լոգիստիկ համակարգերի ձևավորում։
6. Արտադրական ոլորտների համար, հումքի շահավետ ու մրցունակ ներքին շուկայի ձևավորում։
7. Հիմնական արտադրական մասնագիտությունների գծով՝ կադրերի արագացված վերապատրաստման կենտրոնների գործարկում, նաև զինված ուժերի համակարգում։
Հ.Գ.
Նշված 7 կետերը վերացական նշված կետեր չեն, դրանք մասն են կազմում արդեն մշակված մեծ «Ծրագրի», որը դուք, դժբախտաբար, չեք կարող իրագործել։ Միակ բանը, որ կարող եք անել՝ հասկանալ դրա նշանակությունը, պատրաստ լինել ու ամեն ինչ անել, որ ես կարողանամ Ծրագիրը արագ, անսխալ ու արդյունավետ իրագործեմ»։

Աղբյուրը`   Կարեն Ադոնց