600000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրենի որդին
![]() 174 Երեկ, 19:36 «Հետք»-ը գրում է. «Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Իշխանությունները գրեթե նույն պարբերականությամբ խոսում են «թալանվածը վերադարձնելու» վճռականության մասին։ Բռնագանձման գործերով հիմնականում անցնում են 2018 թ-ին նախորդող տարիներին պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքական և տնտեսական ազդեցություն ունեցած անձինք։ Մենք ուսումնասիրել ենք միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը և պարզել, որ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։ Հակակոռուպցիոն դատարանում 2023 թ-ի հոկտեմբերից քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի շարք գույք բռնագանձելու՝ Դատախազության հայցը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության հիման վրա Գագիկ Ծառուկյանից և նրա մերձավորներից պահանջվում է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամական միջոցներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ և բնակարաններ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Դրմեյանի նախագահությամբ արդեն 1.5 տարի քննվում է այս հայցը։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաև Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Տիգրան Մանուկյանը Հայաստանում «Միցուբիշի» և «ՄԱԶ» մեքենաներ ներմուծող ընկերության՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Մանուկյանը եղել է նաև «Շանգրի լա» խաղատան տնօրենը և Ծառուկյանի հետ կապ ունեցող այլ ընկերությունների բաժնետեր։ Դատախազությունը Տիգրան Մանուկյանից պահանջում է բռնագանձել հետևյալ գույքը՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը Աբովյան փողոց 9 շենքը Երևանի փոքր կենտրոնում է՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շենքը կառուցել է դեռևս 2005-2007 թթ-ին։ Այս շենքում պատահական մարդիկ չեն բնակվում։ 2024 թ-ի փետրվարին բարձրահարկ շենքի 9-րդ հարկի ընդարձակ 225.8 քմ մակերեսով բնակարանը 240 միլիոն դրամով գնել է Ռոբերտ Աբազյանը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի 31-ամյա որդին։ Գործարքի պահին Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն մոտ 600 հազար դոլար է կազմում (593 721 USD)։ Բնակարանի 1 քմ-ը Ռոբերտ Աբազյանը գնել է 2,627 դոլարին համարժեք դրամով։ Տվյալ ժամանակահատվածում Երևանի փոքր կենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքն ավելին է եղել, քան սահմանվել է նշված գործարքում։ Ըստ անշարժ գույքի գործակալների, Երևանի փոքր կենտրոնում 2024 թ-ին 1 քմ բնակտարածքի շուկայական արժեքը տատանվել է 3500-4000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Այդ պայմաններով Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի շուկայական արժեքը պետք է լիներ 790- 900 հազար ԱՄՆ դոլարի սահմանում։ Գնված բնակարանի մակերեսն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ երևանյան միջին վիճակագրական 3 սենյականոց բնակարանի մակերեսը 75–110 քմ է։ Եթե մեծ մակերեսով երկու 3 սենյականոց բնակարան միացնենք, կստացվի այնքան տարածք, որքան գնել է Ռոբերտ Աբազյանը։ Բնակարանը ձեռք է բերվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի տրամադրած հիփոթեքային վարկով։ Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որի ղեկավարած կառույցի կազմում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը եւ որի աշխատանքը մինչեւ 2024 թ․ նոյեմբերը համակարգել է Արդարադատության ներկայիս նախարար Սրբուհի Գալյանը։ Ներկայացնելով Աբովյան 9 շենքի 30-րդ բնակարանի պատմությունը՝ Դատախազությանը հարցրել ենք՝ Ինչո՞ւ Տիգրան Մանուկյանին պատկանած «Երևան, Աբովյան փ․ 9 շ․, 30 բնակարան» հասցեի գույքը չի ներառվել ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկում, որը հետագայում անխոչընդոտ վաճառվել է (գույքի վրա որևէ արգելանք չի դրվել ո՛չ ուսումնասիրության շրջանակում, ո՛չ էլ, բնականաբար, դատաքննության փուլում)։ «Ինչ վերաբերում է Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված և հայցապահանջում չներառված որևէ գույքի, ապա հարկ է նշել, որ Իրավասու մարմինը Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված ոչ ամբողջ գույքի իրական շահառու է համարել Գագիկ Ծառուկյանին, վերջինը համարվել է այն գույքի իրական շահառու, որի՝ Օրենքի իմաստով Գագիկ Ծառուկյանին պատկանելությունը հիմնավորելու տեսանկյունից ստացվել են այնպիսի ապացույցներ, որոնց համակցությունը բավարար է գնահատվել Իրավասու մարմնի վկայակոչած փաստերի հաստատման տեսանկյունից: Հետևաբար, այս պարագայում որևէ գույք ոչ թե դուրս է թողնվել պահանջվող գույքի ցանկից, այլ Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված այլ գույքի մասով պահանջ չներկայացնելը պայմանավորված է այդպիսի գույքի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանին համարելու և դրանց ձեռքբերումն ապօրինի որակելու փաստերի վկայակոչման նպատակով վերը նշված ապացույցների անբավարարությամբ կամ բացակայությամբ»,- գրավոր պատասխանել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Այսինքն՝ Դատախազությունը «Երևան, Աբովյան փ․ 9 շ․, 30 բնակարան» հասցեի իրական սեփականատեր է համարել Տիգրան Մանուկյանին, որից պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 15 բնակարան, որից 2-ը՝ Աբովյան 9 շենքում։ Հետաքրքիր է, թե ի՞նչ անհերքելի փաստեր է ձեռք բերել Դատախազությունը, որ Աբովյան 9 շենքի 36 եւ 39 համարի բնակարանների իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, իսկ 30 համարի բնակարանի իրական շահառուն՝ ոչ»։ |
ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատակից դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար
7923:18«Պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը»․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
8123:00«Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցը կքննարկվի վաղը»․ Ալեքսանդր Կոչուբաև
9722:18Amnesty International-ը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը
11422:13«Արեգակի վրա դիտվել է հիպերձայնային տորնադո». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14122:00«Այդ մարդկանց Արցախը երբեք չի հուզել». Արգիշտի Կիվիրյան
14121:36Հնդկաստանի վարչապետը բանակին տվել է «լիակատար գործառնական ազատություն»
15721:14Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Վրաստանի նախագահին
17220:12