Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ազատության հրապարակից վրանը կհանվի. խորհուրդը կտեղափոխվի Արցախի ներկայացուցչություն»․ Նժդեհ Իսկանդարյան

«Ազատության հրապարակից վրանը կհանվի. խորհուրդը կտեղափոխվի Արցախի ներկայացուցչություն»․ Նժդեհ Իսկանդարյան
407
Երեկ, 19:54

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը. նրանք կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը և կտեղակայվեն Արցախի ներկայացուցչությունում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

«Իրականում մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշեց Իսկանդարյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ ոչ միայն երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ «Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,- ընդգծեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ կառավարությունը միայն երկու հարցի շուրջ իրենց հետ զիջման չի գնացել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և Երևանում ու հարակից բնակավայրերում բնակապահովման համար աջակցության չափը անձի հաշվով 3 մլն դրամից 4 մլն դրամ բարձրացնելու հարցերում։

«Եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքն անելու, մենք կաշկանդված չենք, և գնալու ենք այդ ճանապարհով»,- ընդգծեց Իսկանդարյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը