Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Անկեղծորեն ուզում եմ, որ Արտուշ Գաբրիելյանը ապացուցի իր անմեղությունը»․ Նաիրի Հոխիկյան

«Անկեղծորեն ուզում եմ, որ Արտուշ Գաբրիելյանը ապացուցի իր անմեղությունը»․ Նաիրի Հոխիկյան
155
Այսօր, 10:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի համար մեղադրվող և դատախազության միջնորդությամբ կալանավորված փորձառու դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինձ էլ էր դատում։ Իմ դեմ հարուցված քրեական գործն այնքան հորինված ու կեղծ է և առերևույթ իշխանության կողմից իջեցված, որ 3 դատավորներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին դատաքննություն անել, և միայն Արտուշ Գաբրիելյանն էր համաձայնել իր վրա վերցնել այդ գործը։
Ավելի քան 2 տարի անիմաստ քաշքշուկի մեջ են ինձ գցել այս իշխանություններն՝ իրենց դատական համակարգով ու դատախազներով հանդերձ՝ չկարողանալով որևէ խելամիտ ապացույց կամ փաստարկ բերել։
Վերջին դատական նիստում երբ իմ փաստաբանը հարցրեց, թե ինչու եք վիրավորվում դատավորների մասին Նաիրի Հոխիկյանի քննադատությունից, բայց չեք վիրավորվում Նիկոլ Փաշինյանի արած «պատերի տակ վնգստացող դատավորներ» վիրավորական արտահայտությունից, նույն դատավոր Արտուշ Գաբրիելյանը շտապեց հանել հարցը՝ դա համարելով անթույլատրելի։
Հիմա նույն իշխանությունը կալանավորում ու դատում է նույն այն դատավորին, ով ինձ էր դատում։
Ես անկեղծորեն ուզում եմ, որ Արտուշ Գաբրիելյանը ապացուցի իր անմեղությունը և դատավորի անկողմնակալությունը, հակառակ դեպքում ակնհայտ կլինի, որ ավելի քան 2 տարի ինձ փորձել է դատել մի մարդ, ով հանցագործ է։
Բոլոր դեպքերում ևս մի քանի ամիս հետաձգվելու են իմ դեմ դատական նիստերը, հավանաբար մինչև լրանա վաղեմության ժամկետն ու գործը փակեն։ Իսկ թե Արտուշ Գաբրիելյանից հետո ով այս անգամ իր վրա կվերցնի այդ հորինված գործը, կտեսնենք առաջիկա ամիսներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան