Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նախընտրական տրամաբանության մեջ է «ներբեռնվում» նաև Կենտրոնական բանկը»․ Հակոբ Բադալյան

«Նախընտրական տրամաբանության մեջ է «ներբեռնվում» նաև Կենտրոնական բանկը»․ Հակոբ Բադալյան
125
Այսօր, 18:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ թերևս նույնիսկ խիստ մտահոգիչ, երբ, ըստ էության, բավականին նկատելի նախընտրական տրամաբանության մեջ է «ներբեռնվում» նաև Կենտրոնական բանկը:
Մասնավորապես, ԿԲ-ն առաջարկում է բանկերին սառեցնել բոլոր այն վարկերը, որոնք քաղաքացիների անունով ձևակերպվել են զեղծարարության հետևանքով:
Թերևս հասկացաք, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ քաղաքացուց կորզվել են տվյալներ և նրա անունով ձևակերպվել վարկեր և յուրացվել փողեր: Բազմաթիվ քաղաքացիների բողոքում են բանկերին, և ստանում պատասխան, որ՝ մեղավորը դուք եք, պետք է ուշադիր լինեիք ձեր տվյալները ուրիշին չտալու համար:
Խոշոր հաշվով, իհարկե, զուտ այդ, կրկնեմ՝ զուտ այդ ձևակերպումը իրավացի է: Բայց, մենք չենք կարող իրավիճակը գնահատել զուտ մի ձևակերպումով: Որովհետև, ի վերջո, տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ և ոչ բոլոր քաղաքացիներն են, որ կարողանում են դրանց հետևից հասնել իրենց տեխնոլոգիական գրագիտությամբ:
Այո, հարգելիներ, գուցե ձեզ համար այդ ամենը այլևս այբբուբենին հավասար պարզություն ունի, բայց կան հազարավոր քաղաքացիներ, որոնք ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող են չկողմնորոշվել տեխնոլոգիաների, զանազան կոդերի աշխարհում:
Հետևաբար, սրա համար է պետությունը, որպեսզի պահանջի տնտեսվարողներից քաղաքացիների հետ հարաբերության այնպիսի ստանդարտներ, որոնք կպաշտպանեն ընդհուպ տեխնոլոգիապես անգրագետ քաղաքացիներին:
Հիմա, ԿԲ-ն դիմում է և առաջարկում սառեցնել զեղծարարների կորզած վարկերը, որոնք քաղաքացիների անունով են անկախ նրանց կամքից:
Իհարկե, լավ առաջարկ է, և ինքս կողմ եմ, որ լինի այդպես, որ այդ մարդիկ կարողանան գիշերը քնել հանգիստ:
Բայց, ո՞ւր էր մինչև հիմա ԿԲ-ն: Ինչու՞ հանկարծ այդ մեծահոգի քայլի մասին միտք հղացավ հիմա՝ դե ֆակտո նախընտրական տարում: Այն դեպքում, երբ խնդիրը առկա է մի քանի տարի: Մի քանի տարի է տարբեր մասնագետներ, փաստաբաններ՝ որոնք զբաղվում են զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների խնդիրներով, տարբեր քաղաքացիներ, ահազանգում են այս կապակցությամբ, բայց ոչ մի սկզբունքային ու համակարգային պետական արձագանք:
Հիմա որոշել են սառեցնել և ուսումնասիրել խնդիրը, այն դեպքում, երբ այս ընթացքում նորանոր զոհեր են հայտնվել զեղծարարների թակարդում: Մինչդեռ, պետք էր խնդրին արձագանքել առաջին իսկ դեպքերից հետ, առաջին իսկ ահազանգից հետո, և դնել անվտանգության համակարգերը բարձրացնելու պահանջ՝ բոլոր բանկերի առաջ:
Առավել ևս, եթե կան տեխնոլոգիական գրագիտության «գուրուներ», պետք է որ հենց նրանց մտքով առաջինն անցներ, որ ժամանակակից թվային աշխարհը ստեղծում է այդպիսի ռիսկեր, հետևաբար մարդկանց դեպի այդ աշխարհ մղելուն միտված որոշումներից բացի, կառավարությունները պարտավոր են զուգահեռ կայացնել այդ աշխարհում մարդկանց անվտանգությունն ու պաշտպանվածությունը բարձրացնող որոշումներ: Ընդ որում, հարցերով զբաղվել՝ չսպասելով նախընտրական ժամանակահատվածի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան