Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«20թ․ պատերազմից հետո Մայիսի 9-ն ասես ռետինով ջնջած բառ լինի»․ Գարեգին Խումարյան

«20թ․ պատերազմից հետո Մայիսի 9-ն ասես ռետինով ջնջած բառ լինի»․ Գարեգին Խումարյան
133
Այսօր, 00:30

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «20 թվականի պատերազմից հետո այս օրն ասես ռետինով ջնջած բառ լինի։ Էն, որ ջնջելիս այնպես են սեղմել, որ ռետինը տետրի տողերն էլ հետն է տարել, քրքրել թուղթը, տեղ-տեղ հասել տակի էջին, բայց թանաքի հետքը, մեկ է, երևում է։
Ու հատկապես այսօր ուզում եմ 3 դրվագ հիշեցնել, որոնք իհարկե ճակատներս չեն պարզեցրել, բայց երկար դադարից հետո և մեզ և դիմացիններին ցույց են տվել, որ, այնուամենայնիվ, «տանը մարդ կա»։
23 թվականի փետրվար-մարտ ամիսներն էր։ Օրը չեմ հիշում։ Երեք տարի անընդմեջ ինչ ուզում հետներս անում էին։ Կհիշեք՝ էն, որ մի ամբողջ 2-3 տարի հաճախ նույնիսկ առանց կրակելու՝ զուտ «քրֆելով» գալիս մերոնց բարձունքներից փետ ու քարով լարում էին։ Պլյուս 21-ի Իշխանասարը ու 22-ի Վարդենիս-Ջերմուկ-Կապանը։ Ու մեկ էլ էդ ֆոնին ՊԲ-ից դիրքի տեսախցիկի կադրեր են գալիս, որոնց վրա երևում է, թե ինչպես են հարևանները հերթական անգամ, այ տենց՝ շվշվացնելով առաջ գալիս ու ընկնում ականանետային համազարկի տակ։ Դեպքը Ստեփանակերտից Լիսագոր տանող շրջանցիկ գրունտային ճանապարհին էր։ Հետո իմացանք, որ հենց էդ ճանապարհով նրանց առաջանալը, հենց էդ տեղում հայտնվելն ու գերդիպուկ հրետանային կրակը փոքրիկ, բայց շատ սրամիտ օպերացիայի արդյունք էր։ Էն, որ երեք տարվա անդադար նվաստացումից հետո առաջին անգամ շունչ քաշելու պես բան էր, որովհետև բանակն իրեն վերջապես բանակի պես պահեց։
2-րդ դրվագն էլի 23-ին էր, ապրիլ 10-11, Գորիսի Տեղ գյուղի մոտակայքում, երբ հարևաններն էլի շատ արխային ընկած մոտեցան ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանմանը, փորձեցին փետ ու քարի սցենարը գործարկել, բայց ամեն ինչ թարս գնաց։ Մերոնք կարծես լավ պատրաստված էին ու ոնց-որ թե սպասում էլ էին։ Մի խոսքով՝ շատ լավ դիմավորեցին։ Մենք էլ կորուստներ ունեցանք։ Հազար փառք նահատակներին։ Բայց էդ կողմերում հարևանները այս էլ երկու տարի է՝ խաղեր չեն տալիս։
3-րդ դրվագն էլ է 23-ից։ Մայիս ամիս։ Կհիշեք, որ եկան Սոթքի հանքն ամբողջությամբ վերցնելու։ Շփման գիծը հենց հանքով է անցնում։ Տենց լավ էին էկել՝ հրետանիով, տանկերով․․․ տեղը տեղին, բայց այստեղ էլ շատ գրագետ ու հյուրընկալ մարդկանց հանդիպեցին։
Երեք դրվագների հետ կապված էլ՝ ցանցում վիդեոներ կան։ Կարող եք դիտել։ Հատկապես այսօր ուզում եմ այդ երեք գործողությունները պլանավորած, ղեկավարած ու իրականացրած մարդկանց սրտանց շնորհակալություն ասել։ Այո, ամեն ինչ իսկապես շատ վատ է։ Բայց այս երեք դրվագներն ուսումնասիրելիս հավատ է առաջանում, որ այսպես չի մնա, ու Վազգեն Սարգսյանի ասած ՝ թուրքը նույն թուրքն է, իսկ մենք նույն մենք ենք, ուղղակի սասանվել է հավատը մեր ուժերի նկատմամբ։
Հազար շնորհավոր 45-ին Բեռլին մտած մեր պապիկ-տատիկներին․ ցավոք շատ քիչ են մնացել։ Հազար շնորհավոր 92-ին Շուշին վերցրածներին, իսկ մնացածներիս չի հասնում։ Բայց պատմածս երեք դրվագները հույս են տալիս, որ գուցե մի օր հասնի էլ»։