Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գեղամ Նազարյանը նեղվել է, որ մատաղ սերունդը «Վերջին զանգ»-ն ուրախ է անցկացրել»․ Նաիրա Մարգարյան

«Գեղամ Նազարյանը նեղվել է, որ մատաղ սերունդը «Վերջին զանգ»-ն ուրախ է անցկացրել»․ Նաիրա Մարգարյան
141
Այսօր, 16:18

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառմանը․ «Երբ լռել էիր, հիմա մի խոսիր։
Գեղամ Նազարյանը նեղվել է, որ մատաղ սերունդը վերջին զանգն ուրախ է անցկացրել։ Նեղվել է, որովհետև երեխաները ժպտացին, երգեցին, հագան ազգային տարազներ, տոնեցին իրենց մանկության վերջը։ Բայց ինչի՞ց է նեղվում։ Ու միթե իրավունք ունի։
Որովհետև մոռացել է։
Մոռացել է այն օրերը, երբ մեր տղաները մարտի դաշտերում արևի տակ, քամու ու ձյան մեջ՝ գիշատիչների ոտքերի տակ, անտեր թողնված նեխում էին։ Երբ մայրը խելագարված՝ որդու մարմին էր որոնում, հայրը՝ լուռ հեծկլտում։ Երբ տղաների մարմինները դիահերձարանների հատակին էին շպրտված՝ սառը, անանուն։ Երբ ուրիշները գերության մեջ էին՝ լուռ, մոռացված։ Երբ վիրավոր զինվորները ճչում էին ցավից, վերքերը թաց էին, սիրտը՝ լուռ կուլ էր տալիս խեղված մարմինը։
Ու հենց այդ ժամանակ… Այո՛, հենց այդ ժամանակ, մենք նշում էինք գունագեղ անկախության տոն։
Երբ Արցախի կեսը արդեն հանձնված էր։ Երբ թուրքը թիկունքից անցել էր ու նստել Հայաստանի սուվերեն տարածքում։ Ու մենք… մենք փարթիներ էինք անում՝ սպիտակ փարթի, գինու փառատոն, բարձրախոս, լույսեր։
Հիմա՞ եք խոսում։ Հիմա՞ եք նեղվում, երբ մի ողջ սերունդ գոնե փորձում է լինել հայկական, արժանապատիվ, հպարտ։
Հարցս մեկն է՝ բա էդ ժամանակ որտե՞ղ էիք։ Էդ ժամանակ ինչու լուռ էիք։
Ոչ, պարոն Նազարյան, մենք չենք մոռանում մեր հերոսներին։ Բայց նաև չենք մոռանում՝ ով երբ է լռել։ Ու երբ խոսում ես ազգի ցավից, հիշիր՝ ցավի մեջ փարթիներ անողները չէն կարող դատել հիշողությամբ տոնող սերնդին։
Մեր երեխաները ժպտացին՝ առանց մոռանալու։ Իսկ դուք լռեցիք՝ կարծես մոռացել էիք»։

Աղբյուրը`   Նաիրա Մարգարյան