«Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա»․ Մետաքսե Հակոբյան
297
Այսօր, 00:24
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։ Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․ 1. Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։ 2. 2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, նպաստելով ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։ 3. Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է՝ երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։ 4. Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում ադրբեջանին բայրամի կապակցությամբ։ 5. Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր, «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։ Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։ Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝ 1. Արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։ Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։ 2. Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։ Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը փաշինյանին, այլ ազգային օրակարգի հավատարմությունը։ 3. Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։ Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։ 4. Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։ 5. Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։ Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։ 6. Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։ Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։ Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։ Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։ Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել»։