«Մի քանի բան հիշենք հազար ու մի խոստացած-խաբածներից». Սևակ Հակոբյան
131
Այսօր, 00:48
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած» Երեկ ԲՏԱ նախարարը հայտնեց, թե Հայաստանում արհեստական բանականության էնպիսի գործարան կկառուցվի, որը արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Ի դեպ նույնկերպ, Նիկոլն էլ 2018-ին էր ասում, թե հեսա էնպիսի գործարան կկառուցվի, որ մեր սաղ տնտեսությունը կփոխի արմատապես․ 7 տարի է անցել։ Մխիթարն ասում է՝ գործարանի համար կներդրվի կես միլիարդ դոլար, 2026-ին կկառուցեն։ Նիկոլն էլ կառավարության նիստում ներդրումը որպես փաստ ներկայացրեց ու ասում է՝ բա ասում եք երկիրը կործանվում ա, ներդրողները փախչում են, բա ո՞ւր ա։ Ցանկացած մեկը, եթե խոսի փող ներդնելու մասին, այն էլ՝ շատ մեծ փողեր, պետք է նայել այդ խոսողի լրջությանը․ Նիկոլն ու իր խմբակը, երբ խոսում են 500 մլն դոլարանոց ներդրում բերելու մասին, կարծում եմ՝ կարելի է հռհռալ և անցնել առաջ։ Տեղացած ձյունը մաքրել չկարողացողները, անձրևը հեղեղ դարձնողները կես միլիարդ դոլարից են խոսո՞ւմ։ Լո՞ւրջ։ Մի քանի բան հիշենք հազար ու մի խոստացած-խաբածներից․ ու հասկանանք՝ ինչպես վերաբերվենք 500 մլն դոլարով իբր կառուցվող գործարանի մասին լուրի հետ։ Երեկ Տիգրան Ավինյանն ասում է՝ վստահ եմ, որ մենք կկառուցենք Մետրոյի «Աջափնյակ» կայարան։ Այս անգամ ժամկետ չասաց։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին անգամ Երևանի քաղաքապետի թեկնածու, այն ժամանակ ՔՊ-ական Հայկ Մարությանը խոստացավ մետրոյի «Աջափնյակ» կայարան կառուցելու մասին։ 2019-ի հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի: Ասաց, որ մինչև 2019-ի վերջ կնախագծեն։ 2022թ․ դեկտեմբերի 13-ին Նիկոլը հայտարարեց՝ 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը: 2024-ին պետք է սկսեին։ 2024թ․ հունվարին մի հատ էլ Ավինյանը խոստացավ 2024-ին սկսել շինարարությունը։ 2025 թիվն է, խոստանում են, որ մի օր կկսեն շինարարությունը, չգիտեն՝ երբ։ Բայց զուգահեռ խոստանում են արհեստական բանականության զավոդ։ Խնդալու է, չէ՞։ Հա, չմոռանամ ասել, Նիկոլենք խոստացել են մետրոյի ևս երկու կայարան կառուցել․ մեկը Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ, մյուսը՝ էդ Աջափնյակի կայարանը հասցնել մինչև Ակադեմիական քաղաք։ Ի դեպ, էս թազա՝ կես միլիարդ դոլարանոց գործարանն էլ են ուզում ակադեմիական քաղաքում կառուցել։ Իսկ թե ակադեմիական քաղաքը որերորդ դարում են նախատեսել կառուցել, դա չգիտեմ։ Այ էսքան անլուրջ։ Մետրոն սրանց միակ ձախողված խոշոր ներդրումը չէր, այլ՝ բազմաթիվ տապալումներից ընդամենը մեկը։ Մոռացած կլինեք, 2019 թվականի հուլիսին Տիգրան Ավինյանը 500 միլիոն դոլարի ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տեսնես ի՞նչ եղավ։ 2020 օգոստոսի 6-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որ հիմա դեսպան է, հայտնեց, թե՝ առաջիկա տարիներին, այսինքն, հիմա, Չինաստանը 10-15 մլրդ դոլար կներդնի և կկառուցի «Խելացի գիտական քաղաք»։ Մեր բոլոր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ ՔՊ-ականը օդի տատանում է արել, այսինքն՝ քամի։ 2018թ․ նոյեմբերին Նիկոլը Վանաձորում խոստացավ Կոտայքի մարզում 2 հազար աշխատատեղանոց ադամանդի գործարան։ 2018թ․ նոյեմբերին Նիկոլը Վանաձորում 150 աշխատատեղանոց բալոնների գործարան խոստացավ։ Օրը 800 հատ բալոն պետք է արտադրեին։ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2 հատ տրակտորի գործարան բացել ու տարեկան մինչև 5 հազար տրակտոր արտադրել։ 7 տարի անցել է։ Առաջարկում եմ հաջորդ անգամ էդ արտադրած տրակտորով գործի գնալ, համ էլ կիմանանք՝ ինչ վիճակում է։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Մերձավան համայնքում մի հատ դարպասի մոտ լենտ կտրեց ու ներկայացրեց հայկական տեխնիկայի գործարան։ Տարեկան 126 հազար հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան էր խոստանում արտադրել։ Լավ, ո՞ր մեկը հիշեմ, «Սեպուհ» ավտոնե՞րը հիշեմ, որ արտադրում էին, հայ-իրանական ավտոների գործարա՞նը Լոռիում, լիֆտերի գործարա՞նը, օդանավերի գործարա՞նը, Եվրոմիության տրամադրելիք 2,6 մլրդ եվրո՞ն։ Որն էլ բացեցին, աղմուկով, անաղմուկ փակեցին գնաց։ Պետբյուջեից միլիարդներ տվեցին ու բացեցին Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերություն, որը տարիուկես անց սննկացավ, ու պարզվեց՝ թալանել են հարկատուներին։ Բայց դրա նախապատմությունը հիշո՞ւմ եք։ 2020 թվականի հունվարին Նիկոլն ասուլիսում ասաց՝ մենք պետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, բայց ոչ թե նենց, որ 3 տարի անց սնանկանա․ պետք է լինի մրցունակ։ Բացեցին ու ի՞նչ երեք տարի, մեկուկեսը հազիվ ձգեցին մրցունակները։ Ու խնդալուն էն է, որ սրանք ոչ թե մի բանը խոստանում են ու չեն կատարում, նոր անցնում են մյուսին, այլ բոլորը խոստանում ու ձախողում են միաժամանակ։ էս մետրոյի, նոր զավոդների հետ մեկտեղ էլ որոշել են Դիլիջանի թունելի կողքը մի հատ էլ թունել սարքել։ Դե ասում են գործողը պետք է վերանորոգենք, բայց ավելի լավ ա մի հատ էլ սարքենք, ի՞նչ կա դրա մեջ։ Կսարքի՞, իհարկե կսարքի, էդ Նիկոլը ե՞րբ իր խոսքի տերը չի եղել։ ԱԺ ՔՊ-ական փոխնախագահն ասում է՝ եթե հիմա «խաղաղության խաչմերուկն» աշխատեր, միլիարդավոր դոլարներ կանցնեին Հայատանով։ Արշակյանին կոչ եմ անում սա սարքել գրառումների շարք ու բոլոր նախագծերին անդրադառնալ՝ եթե Հայկական կենցաղային տեխնիկայի գործարանն աշխատեր, միլիարդներ կաշխատեինք, եթե բալոնների գործարանն աշխատեր, միլիարդներ կշրջանառվեին, եթե տրակտորների գործարանը, լիֆտերի գործարանը ու էսպես երկար եթեներով լցներ։ Բա 15 մրդ դոլարանոց քաղաքը որ կառուցվե՞ր, ինչ կլիներ։ 2023թ․ դեկտեմբերին, երբ տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը, որի շուրջ կարծեմ, քրգործ կա կոռուպցիոն հատկանիշներով, շատերն էին հարցնում՝ հիմա ի՞նչ պետք է անի այդ արբանյակը։ Ասեմ ինչ պետք է անի․ էսքան ներդրում, որ Հայաստան է բերել Նիկոլը, 30 մլրդ դոլարից ավելի, դրանք բոլորը վերևից հսկելու է։ Այդ արբանյակը տիեզերքից նկարելու է Նիկոլի «ներդրումային բումը»։