Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Գուցե ոչնչացված ձայնագրություններում Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել` քշեք-գնացեք». Սևակ Հակոբյան

«Գուցե ոչնչացված ձայնագրություններում Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել` քշեք-գնացեք». Սևակ Հակոբյան
184
Երեկ, 19:48

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու դատական ակտ, մեկը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 29-ին, մյուսը՝ այսօր՝ հուլիսի 30-ին։ Երեկվա դատական ակտը կայացրել է այս, ինչո՞ւ չէ՝ նաև նախորդ իշխանության չսիրած դատավոր, այսօրվա ակտը կայացրել է այս և ինչու չէ՝ նախորդ իշխանության սրտի դատավոր։ Այսօրվա դատական ակտը վերաբերում է Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սկանդալային ու ողբերգական մահվանը։ Ովքեր չեն հիշում, չնայած վստահ եմ, բոլորդ էլ լավ հիշում եք դեպքն էլ, բոլորդ էլ մեղավորին ինքներդ գիտեք կամ հասկանում եք՝ ով է։ 2022 թվականի ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 8 ամսական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Շարասյան ոչ մի մեքենա չկանգնեց՝ օգնություն ցուցաբերելու համար։ Ավտոշարասյունը Նիկոլ Փաշինյանին տեղափոխում էր ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման։ Հարվածից Սոնան միանգամից չի մահանում և ով գիտե՝ եթե կանգնեին օգնություն ցույց տային, տեղափոխեին դեպքի վայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Նաիրի» հիվանդանոց կամ էլ գոնե Նիկոլի ավտոշարասյան կազմում գտնվող բժիշկը օգնություն ցույց տար, գուցե հնրավոր կլիներ փրկել կյանքը։ Էսօր տարածվեց տեսանյութը, թե ինչպես Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ վիրահատարանի 5 հոգանոց բուժանձնակազմը ոչ միայն չի փախչում, այլև պահում են վիրահատական սեղանին պառկած հիվանդին։ Հիպոկրատի երդմանը հետևելը դա է։ Դժվար թե Նիկոլի շարասյան բժիշկը երդում տված լինի միայն նրան ծառայություն մատուցել։ Ու այստեղ հարց է՝ գուցե չե՞ն թողել, ասել են դավայ-դավայ գնացինք։
Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշում կայացրեց Իսակովի պողոտայում երթևեկելի նվազագույն արագությունը 80-ից դարձնել 60, ու Նիկոլ Փաշինյանը մի ելո՜ւյթ ունեցավ քաղաքացիների կյանքի ու առողջության մասին՝ հայտարարելով, որ այսուհետ Երևանում 60-ից արագ ոչ մեկ իրավունք չունի քշելու։ Ի՞նչ արագությամբ էր սլանում Նիկոլի շրասյունը քաղաքացուն սպանելու ժամանակ․ մոտ՝ 110։ Նիկոլը սահմանել է կարգ, որ իրավունք չունի որևէ մեքենա Երևանում 60-70-ից արագ վարելու, բայց ինքը սլանում է 110 կիլոմետր ժամ, որ հասնի քպ-ականների հետ փակ ժողովին։ Աշխատանքի բերումով, Նիկոլի շարասյանը հաճախ եմ հանդիպում և կարող եմ վստահ ասել, որ բնության մեջ առավել կատաղի գազան դժվար թե տեսած լինեք։ Սոնա Մնացականյանի դեպքից հետո դրանց արագությունը և ոչ մի կիլոմետր-ժամ չի պակասել, ուղղակի հիմա բոլոր հետիոտնային անցումների, մայթերի մոտ պարեկներ են տեղադրվում, որ մարդկանց էլ չլղճի անիվների տակ։
Նիկոլ Փաշինյանին քանի անգամ հարց են տվել Սոնա Մնացականյանի սպանության մասին ու ամեն անգամ շեղել է թեման, ուրիշ բաներց է խոսել, արդարացրել է իրեն, իր շարասյունը, կամ առհասարակ՝ իբր ինքը ինքը չի․ երբ այդ շարասյան ու մեքենայի մեջ է՝ նա վարչապետն է․ հա՝ մի գժանոց։ Երբ ԱԺ-ում իրեն հարցրին էդ թեմայով, պատասխանելու փոխարեն ասաց՝ բա նախկինում․․․ Օրերս երբ լրագրողը հարց տվեց Նիկոլին, ասաց՝ ես մեջն եմ նստած եղել, բայց տեղյակ չեմ եղել, երբ իմացել եմ՝ զանգել եմ ցավակցել եմ, համ էլ դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի շրասյունն է ու նման բաներ։ Դատական նիստերի ժամանակ տուժող կողմը պահանջում է հրապարակել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը։ Դե ասեք, ի՞նչ մտածենք․ ոչնչացրե՞լ են։ Ինչո՞ւ․ ըստ երևույթին՝ նրա համար, որովհետև կարող էր պարզվել՝ գուցե վարորդին, որը Սոնային հարվածելուց վայրկյաններ անց կանգնել է, նրան հրահանգել են քշել-գնալ, գուցե Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել՝ քշեք-գնացեք։ Ներսի ձայնագրությունը սա կարող էր պարզել, իսկ դա չկա։ Հնարավոր է պարզվեր՝ մի քանի հոգի մասնակից են այդ սպանությանը, կազմակերպված է։
Նիկոլ Փաշինյանենց այս վարքագիծը ի՞նչ է ժողովրդին ներշնչում։ Աչքովս ընկավ ՔՊ-ական քնարերգու Արսեն Թորոսյանն ասում է՝ ՀՀ իշխանություններին հաջողվեց վառ պահել հույսն ու հավատը մեր երիտասարդների մեջ, երիտասարդները լիահույս են, որ ունենալու են այնպիսի ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ երկիր, որտեղ նրանք ցանկանալու են ապրել և արարել։ Սա էդ ժողովրդավարական երկիրն է, որտեղ վարչապետի շարասյունը մարդ է սպանում, չի պատժվում, ու դատական նիստի ժամանակ նիկոլենց փաստաբանն ասում է՝ դե կարող է Սոնա Մնացականյանը ընդդիմադիր է եղել, դիտմամբ հետ ու առաջ է գնացել, հապաղել է։ Այսինքն, ըստ Նիկոլենց, կարելի է ընդդիմադիրին սպանե՞լ, կամ ըստ իրենց, ինքն իրեն գցել ու սպանել է, նաև իր չծնված երեխուն, մի ցնդաբանություն, ի՞նչ ասեմ։
Քաղաքացու համար թիվ 1 օրինակ պետք է լինի իր երկրի ղեկավարի վարքը․ երբ երկրի ղեկավարի շարասյունը մարդ է գցում ավտոյի տակ, նա պետք է պատասխանատվություն կրի դրա համար, եթե ինքը ղեկին չէ, ուրեմն գոնե բարոյական ու քաղաքական։ Մի քանի օր առաջ անդրադարձա մեծ ցանկով, թե որ երկրի ղեկավարը ինչի համար է հրաժարական տվել։ Վստահեցնում եմ, որ իմ ուսումնասիրած 100 երկրներից 100-ում էլ վարչապետը նման իրավիճակում հրաժարական կտար․ չէր ասի՝ ես չեմ մեղավորը, դա իմ ավտոբուսն է, շարասյունը չէ, և այլն։ Բայց մենք գործ ունենք խմբի հետ, որը տեսել ենք մարդկանց կյանքին ինչպես է վերաբերում։
Աս դեպքում ոչ միայն վարչապետը չպատժվեց, այլ անգամ անմիջական մասնակից վարորդը։ 3 տարի տևած դատական նիստերից հետո դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Արամ Նավասարդյանին՝ շարասյան առաջին մեքենայի վարորդին, մեղավոր ճանաչեց ու նրա նկատմամբ խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը թողեց անփոփոխ։ Դատական վերջնական վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին։ Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, երկու կյանք է խլել ու չի նստել և ոչ մի օր, ընդամենը երկրից բացակայելու արգելք։ Ու գուցե նաև պարզվի, որ դա էլ առանձնապես սովորական է իր համար, որովհետև կան Փաշինյանի շարասյան ու թիկնազորի մեջ անձնինք, որոնք այսպես թե այնպես երկրից դուրս գալու սահմանափակումների մեջ են գործի բերումով։ Ընդամենը պետք է հույս ունենամ, որ դատավորը գոնե Սոնա Մնացականյանի հոգու հանգստության համար, նրա ընտանիքի, հարազատների տառապանքի համար, կկայացնի արդար վճիռ։ Ակնկալիք չունեմ, մաղթանք ունեմ։
Այս պահին կալանքի տակ են մեր երկրում մարդիկ ոչ մի բանի համար, ընդամենը գրառում են արել, հեռուստաեթերում կամ համացանցային եթերում քննադատել են Փաշինյանին, կալանքի տակ են, նրանք համարվել են հանրության համար խիստ վտանգավոր, իսկ կնոջը ու նրա երեխային ավտոյի անիվների տակ լխճած-սպանածն ընդամենը ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ գալիս է մի քանի ժամով դատական նիստի ու գնում է իր գործերով․ իր գործն էլ որն է՝ շարունակում է խելակորույս արագությամբ տեղափոխել հայ ժողովրդի պատմության ամենամեծ չարիքը համարվողներից մեկին։
Կրկնում եմ, ընդդիմադիրներից մեկը մի հատ տող է գրում ֆեյսբուքում, եթերում քննադատում է իշխանությանը, իբր խափանման միջոց, իսկ իրականում՝ որպես պատիժ տանում- կալանավորում են, մի օր արդարացվում է, բայց մեկ է՝ կալանքի են նախ տանում, պատժում են․ իրենց պարագայում պատիժ չկա, երբ անգամ մարդ են սպանում։ Քիչ առաջ հիշատակածս ՔՊ-ական պատգամավոր Թորոսյանն ասում է՝ իշխանությանը հաջողվեց ապահովել ազատ խոսքի գերակայությունը և դառնալ աշխարհում ազատ խոսք ունեցող երկրներից մեկը։ Բանտերը այս պահին լի են ազատ խոսքի համար կալանավորվածներով։ Դուք բանտից ազատ եք արձակում սպանության համար ցմահ դատապարտվածին, ինչպես արեցիք երկու օր առաջ ու կալանք եք նշանակում ձեր իշխանությանը քննադատողներին, ինչը էլի արեցիք երկու օր առաջ։
Մյուս դատական ակտը, որին ուզում եմ կարճ անդրադառնալ, հրապարակվեց երեկ․ դատավոր Վազգեն Ռշտունին ազատ արձակեց հունիսի 26-ին երկու ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանին, ում կալանավորել էին իբր «հեղաշրջման պլանի» գործով։ Հիշում եք՝ ինչ-որ ձայնագրություններ էին իրար միացրել, ՔՊ կուսակցության լրատվամիջոցում իբր բացահայտել, հետո 16 հոգու բռնեցին, ծանր հոդվածներ դրեցին, թե՝ նոր հոկտեմբերի 27 ենք բացահայտել, իրենց հարմար դատավորների մակագրեցին գործերը, կալանքի տարան բոլորին, ու հոպ, մեկ էլ, ըստ երևույթին՝ խիստ պատահաբար գործը հասնում է բարձր վարկանիշ ունեցող դատավորի, պարզվում է՝ տակը գործ չկա, ու բաց է թողնում մեղադրյալին։ Ուշագրավ է՝ սարկավագին դատարանը ոչ թե տնային կալանք է տվել, այլ բացակայելու արգելք և վարչական հսկողություն, ինչև ևս խոսում է արարքի ոչ ծանր լինելու մասին։ Այնինչ օրեր շարունակ պետական-ֆեյքային քարոզչությունը էդ մարդկանց հասցեին ինչ ասես չէր ասում, էլ տեռորիստ, էլ Բեն Լադեն, էլ Նաիրի Հունանյան․ մեկ էլ տեսնում ենք՝ հերթով բացեն թողնում, մեկն էլ պարզվեց առհասարակ ինչ որ սանտեխնիկ մարդ էր, իսկի խաբար էլ չէր՝ ինչ է կատարվում։ Աբսուրդ է, որ երկրից բացակայելու արգելք է և՛ հղի կնոջն ու նրա չծնված երեխային սպանածի համար, և՛ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորականի։ Ու դատավոր Ռշտունին ազատ արձակելով սարկավագին, ծանր իրավիճակում է դնում էն դատավորներին, որոնք նույն գործի շրջանակներում որոշում պետք է կայացնեն տասնյակ կալանավորվածների մասով։ Նման գործերով է, կարծում եմ, որ երևում է Փաշինյանի բառապաշարով ասած՝ վնգստացող դատավորը։ Այդ գործն էլ, լիքը այլ գործեր էլ, մեծ վստահություն ունեմ, որ արագ փլվելու են․ ուղղակի ափսոս են զուր վատնված ժամանակն ու փոշիացրած պետական ռեսուրսները։
Կարճ ասած՝ աբսուրդ քրեական գործերով հատկապես վերջին տարիներին ծանրաբեռնված է դատական համակարգը․ թվարկեցի ընդամենը երկու դատական ակտ, որոնք պատկերացում են տալիս ՀՀ դատական համակարգի ամբողջ խառնաշփոթության, վայրիվերումների մասին։ Ինձ մի բան է հետաքրքիր՝ իշխանությանը իրոք թվում է, թե ժողովուրդն այս ամենը չի՞ հասկանում, չի՞ տարբերակում։ Էդ գրառումները Թորոսյան Արսենը ո՞ւմ համար է անում, ո՞ւմ է ինչ համոզում»։