Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Հորմուզի նեղուցի փակմամբ». Վահե Դավթյան

«Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Հորմուզի նեղուցի փակմամբ». Վահե Դավթյան
118
Այսօր, 17:48

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէ բացառել, Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Հորմուզի նեղուցի փակման մեջ:
Իրավիճակն այնքան պարզ ու գծային չէ, որքան կարող է թվալ:
Այո, Իսրայելը կարող է դիտարկել նեղուցի փակումը՝ որպես հակաիրանական կոալիցիան ընդլայնելու առիթ, հատկապես՝ Ծոցի նավթ արտահանող երկրների կոնսոլիդացման միջոցով:
Սակայն արդյո՞ք դա կհանգեցնի ԱՄՆ-ի ուղիղ ռազմական միջամտությանը:
Դիտարկենք հարցը ավելի լայն՝ գեոտնտեսական տիրույթում:
ԱՄՆ-ն այսօր աշխարհի առանցքային գազ ու նավթ արդյունահանող երկրներից է: Ավելին՝ Թրամփի կողմից իրականացվող պրոտեկցիոնիստական էներգետիկ քաղաքականությունը նպաստում է համաշխարհային շուկաներում ամերիկյան ծագման ածխաջրածինների (հիմնականում թերթաքարային նավթ ու հեղուկացված բնական գազ) տեսակարար կշռի շարունակական ավելացմանը:
1973թ-ի միջազգային նավթային ճգնաժամից հետո սահմանված՝ ԱՄՆ-ից նավթի արտահանման էմբարգոն չեղարկվեց 2015թ-ին, իսկ արդեն 2017թ-ին Թրամփը հայտարարեց «the golden age of American energy dominance»- ի մասին՝ դեմփինգի միջոցով ամրապնդվելով մի շարք շուկաներում, նախ և առաջ՝ եվրոպականում:
Այսօր էլ, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրերից դուրս գալուց հետո, Թրամփը հաջողությամբ ամրապնդում է ամերիկյան «կապույտ վառելիքի» դիրքերը Եվրոպայում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանից իրականացվող մատակարարումներից կախվածության նվազեցման ԵՄ քաղաքականության համատեքստում:
Գանք Հորմուզ:
Նեղուցի պարալիզացումն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի միջազգային գների աճի, ինչի առանցքային շահառուներից կարող է հանդես գալ հենց Վաշինգտոնը: Այո, ինչպես գրել էի օրեր առաջ, ԱՄՆ-ն աշխարհի համար մեկ նավթ ներկրող երկիրն է, և կտրուկ գնաճը ռիսկային է առանց այդ էլ խարխլված ամերիկյան տնտեսության համար:
Սակայն Նահանգներն ունեն երկու անվտանգության բարձիկ:
Առաջինը սեփական նավթաարդյունաբերությունն է: Արտաքին շուկաներում ավելի բարձր գնով նավթ վաճառելով՝ Վաշինգտոնը կարող է կոմպենսացնել ներկրվող նավթի համար վճարվող բարձր գինը: Դա թույլ կտա ԱՄՆ-ին նաև պահպանել դիրքերը համաշխարհային շուկաներում: 1973թ-ի առաջին միջազգային նավթային ճգնաժամից առաջ Նահանգներն առավել քան կախված էին Մերձավոր Արևելքից իրականացվող մատակարարումներից: Այսօր այդ կախվածությունը նվազել է:
Երկրորդը նավթի ռազմավարական ռեզերվներն են: Ազգային ռեզերվներից զատ ԱՄՆ-ը կարող են նախաձեռնել Միջազգային էներգետիկ գործակալության ռեզերվից նավթի դուրսթողումը շուկա՝ գնաճը զսպելու նպատակով: Այս մեխանիզմը բավականին արդյունավ կիրառվեց 1991թ. Պարսից ծոցի պատերազմի, 2011թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև 2022թ. մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:
Իր հերթին, Հորմուզի փակման դեպքում դադարեցվում է նաև հեղուկացված բնական գազի արտահանումը Քաթարից Եվրոպա: Հեղուկացված գազի ոլորտը դինամիկորեն զարգացնող ԱՄՆ-ի համար սա ևս լավ հնարավորություն է եվրոպական շուկաներում սեփական կշիռն ավելացնելու համար:
Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից:
Իհարկե, հենց Ծոցի երկրները, հատկապես՝ վերոնշյալ Քաթարը, ինչպես նաև Քուվեյթն ու Բահրեյնը: Մերձավոր Արևելքի նավթ արտահանող մնացած երկրներն ունեն որոշակի լոգիստիկ այլընտրանքներ. Սաուդյան Արաբիան՝ Կարմիր ծովի տերմինալով, ԱՄԷ-ն՝ Ֆուջեյրայով, Իրաքը՝ թուրքական Ջեյհանով (թեև վերջինիս կախվածությունը Հորմուզից միևնույն է շատ բարձր է):
Նեղուցի փակումը կարող է հարված հասցնել նաև Չինաստանի տնտեսությանը: Հենց այստեղով է Իրանը օրական մոտ 2 մլն բարել նավթ արտահանվում Չինաստան (ս.թ. մարտի-ապրիլի դրությամբ): Հետևապես, Հորմուզի պարալիզացումը կարող է բխել նաև ԱՄՆ շահերից՝ Չինաստանի դեմ մղվող առևտրային պատերազմի շրջանակներում:
Մյուս կողմից, նեղուցի փակումը Իրանի համար կարող է գործիք հանդիսանալ Չինաստանից ավելի պրոակտիվ դիրքորորոշում ստանալու համար, ինչը հատկապես կարևոր է Հնկաստանի փաստացի հակաիրանական դիրքավորման պայմաններում ռազմավարական բալանսի ապահովման համար:
Փոփոխականները շատ են: Պարտիան՝ չափազանց բարդ:
Սակայն ի վերջո նեղուցի փակել-չփակելու հարցը կախված է այն բանից, թե որքան կսեղմվի օղակը Իրանի շուրջ: Էքզիստենցիալ պայքարի ժամանակ տնտեսական հաշվարկը դառնում է երկրորդական: Պետք չէ մոռանալ Իրանի ռազմավարական մշակույթի մասին, որի գնահատումը պրագմատիկ-կոմերցիոն դիրքերից միշտ չէ, որ թույլ է տալիս օբյեկտիվ պատկեր է ստանալ:
Միաժամանակ, դա քաղաքական կամքի հարց է: Չմոռանանք, որ 1956թ. Արևմուտքի ու Իսրայելի հսկայական ճնշումների ենթարկվող Եգիպտոսի առաջնորդ Նասերը, այնուամենայնիվ, ազգայնացրեց համաշխարհային տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը, որը փակ մնաց շուրջ հինգ ամիս»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան