Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Գյումրիում գործում է 1 պետական բժշկական կենտրոն, չկա պահուստային բուժհաստատություն». Մհեր Մելքոնյան

«Գյումրիում գործում է 1 պետական բժշկական կենտրոն, չկա պահուստային բուժհաստատություն». Մհեր Մելքոնյան
128
Երեկ, 20:18

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրու առողջապահական համակարգի՝ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին վերջին տարիների ընթացքում շատ է խոսվել։ Բայց ես խնդիրը ներկայացնելու եմ ոչ թե որպես սոցիալական դժգոհություն, այլ որպես անվտանգային սպառնալիք։
Այսօր Գյումրիում գործում է ընդամենը ՄԵԿ պետական բժշկական կենտրոն։ Մեկ կենտրոն 120 հազար բնակչություն ունեցող քաղաքում։ Այս փաստն ինքնին արդեն պետության կողմից քաղաքացիական անվտանգության՝ հիմնարար երաշխիքի խախտում է։
Սա չի կարող ընկալվել այլ կերպ, քան պետական ռազմավարական լուրջ սխալ և անվտանգության նկատառումներից բխող սպառնալիք։
Պատկերացնում եք՝ երկրաշարժ, համաճարակ, քիմիական վթար կամ ուղղակի զանգվածային դժբախտ պատահար։
Գյումրիում չկա պահուստային բուժհաստատություն։
Այդ մեկ հիվանդանոցը վաղուց արդեն աշխատում է իր հնարավորությունների ամբողջ չափով՝ առանց լուրջ արդիականացման, առանց մարդկային ռեսուրսների բավարար համալրման:
ՀՀ կառավարությունը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝
1. Գյումրիում կառուցել երկրորդ պետական բազմապրոֆիլ հիվանդանոց։
Սա անհրաժեշտ է քաղաքում բժշկական ծառայությունների բաշխման հավասարակշռության, սպասարկման որակի բարձրացման և արտակարգ իրավիճակներում ռիսկերի նվազեցման համար։ Երկրորդ հիվանդանոցը պետք է ունենա ժամանակակից շենքային ու տեխնիկական ենթակառուցվածքներ՝ համալրված փորձառու կադրերով։
2. Գյումրու բժշկական կենտրոնի վերազինում և կադրային համալրում։
Պետք է անհապաղ սկսվեն արդիականացման աշխատանքներ՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու, բժշկական անձնակազմի վերապատրաստման և խրախուսման ծրագրեր մշակելու միջոցով։ Կադրային քաղաքականությունը պետք է դառնա մարզի առաջնահերթությունը։
3. Առողջապահության ֆինանսավորման թափանցիկության և արդյունավետության վերահսկողություն։
Արտաքին անկախ վերահսկողության ներդրումը կօգնի կանխարգելել կոռուպցիոն ռիսկերն ու ներդրումային ծրագրերի դանդաղումը։
4. Համայնքային առողջության պաշտպանություն՝ իրազեկման և նախազգուշացման ծրագրեր։
Հասարակության մասնակցությունը բարձրացնելու համար կարևոր է մշակել մարզային առողջապահական կրթական արշավներ, որոնք կնպաստեն հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի հաստատմանը։
5. Խիստ վերահսկողություն սահմանել գյումրեցիներին մատուցվող բուժծառայությունների որակի վրա։
Սա պարզապես առողջապահական հարց չէ։
Սա լրջագույն խնդիր է թե՛ ռազմավարական, թե՛ անվտանգային տեսանկյունից։
Այս կարևոր հարցում կառավարության գործողությունները պետք է լինեն անհապաղ»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան