«Նոր Սովետի անհրաժեշտությունը օր օրի դառնում է ժամանակի հրամայական». Արա Արայան
266
Այսօր, 02:06
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական և ռուս-ազերական ֆրոնտում: Ամենայն հավանականությամբ, խոսքը նախ և առաջ կապիտալի վերաբաշխման մասին է: Ամենամեծ կապիտալի վերաբաշխումը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ ստեղծվեց Սովետը: Հետո կապիտալի խոշոր վերաբաշխում տեղի ունեցավ Սովետի փլուզումից հետո: Այժմ հերթական վերաբաշխման պրոցեսն է: Ռուսաստանը նախկին Սովետից ներգաղթած էթնիկ խմբերից հետ է վերցնում խոշոր կապիտալը: Ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի, վերադարձող զինվորներին ու տեղական ազգաբնակչության սիրտը պետք է շահել, մեղավորի կերպար է անհրաժեշտ: Կովկասցիները լավ մեղավորի թեկնածուներ են, լինի հայ, վրացի, թե ազերի: Հետո, այժմ 90-ականները չեն, եկվորների փոխարեն տեղացիները կարող են և առևտրով զբաղվել և ծառայություններ մատուցել ու կառուցել: Եվ այդ պրոցեսը համաձայնեցված է նախկին ռեսպուբլիկաների, տվյալ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս կոմբինացիան ձեռնտու է բոլոր կողմերին: Ռեսպուբլիկաները ստանում են իրենց էթնիկ խմբերի պարագլուխների կապիտալի որոշակի բաժինը, Մոսկվան՝ տիրոջ իրավունքով վերցնում է իր տարածքում գտնվող հիմնական բիզնեսները, անշարժ գույքով հանդերձ: Այդ բիզնեսները էթնիկ խմբերին տրվել էին ժամանակավորպես, մինչ ոտքի կանգնեն և կայանան: Այդ բիզնեսների գլխին նշանակված տերերը ժամանակավոր մենեջերներ են, ուրիշ ոչինչ: Նրանց նույնպես չեն նեղացնի, բոլշևիկների պես չեն գնդակահարի: Այսպիսով, ոչխարները գոհ կլինեն, գայլերը՝ կուշտ: 100 տարի առաջ Սովետի ստեղծումը պատահական ծրագիր չէր, որ իրագործեց ընկեր Լենինը, դա անհրաժեշտություն էր: Իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո այսօրվա պես քաոսային էր, Արևմտյան աշխարհը տոտալ դեպրեսիայի մեջ էր: Որպեսզի Եվրոպան ոտքի կանգներ, շունչ քաշելու ժամանակ ունենար, անհրաժեշտ էր Սովետի պես մի կառույց, որը վերահսկողության տակ կպահեր ահռելի Եվրասիան իր մերձակայքով: Եվ Սովետը իր դերը հիանալի կատարեց: Այժմ կրկին քաոսային իրավիճակ է: Արևմուտքը գաղափարական և մարդկային ռեսուրս չունի աշխարհը բալանսի մեջ պահելու համար: Դեմոկրատիան դրոշակ դարձնելով աշխարհը փոխել չստացվեց: Իսլամական աշխարհը ավելի ռադիկալ դարձավ ու տարանջատվեց մյուսներից, Չինաստանը դարձավ գերզարգացած հսկա: Պառաված Եվրոպայում ամեն ինչ հին ու նամշած է, Եվրոպան դարձել է մեռնող թանգարան: Եվրոպան չունի դեմք, առաջնորդ, միասնական ծրագիր: Նոր Սովետի անհրաժեշտությունը օր օրի դառնում է ժամանակի հրամայական: Ժողովուրդները հոգնել են այս բալագանից, ուրախությամբ և մեծ պաստառներով կողջունեն նոր միությունը»: