Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից
181
Երեկ, 19:24

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանի նամակը «Երևան» քրեակատարողական հիմնարկից.
«Սիրելի հայեր, ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկված ներկայացնել օրվա իշխանությունների «Սրբազան պայքարի» ակտիվիստների, Բագրատ և Միքայել Սրբազանների և առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նվիրյալ հայերի ձերբակալությունները, սակայն որոշեցի գրել հակիրճ երկարը թողնելով ուրիշ առիթների:
Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրավունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հավատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:
Քրեական գործը ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:
Պետական իշխանության համակարգը թշնամիների թելադրանքով և ծրագրով ծանր մեղադրանքներ է (ահաբեկչություն, իշխանության զավթում) կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նվիրյալ հայերին:
Ես կսպասեմ արդարադատությանը, սրանով մեզ չեն վախեցնի։
Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել հանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հավատքի, մեր իրավունքների պայքարը:
Կեղծ խաղաղության անվան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջությամբ, ամեն օր, իսկ մեր տգետներն ու դավաճանները հավատում և համագործակցում են նրանց հետ:
Մենք պետք է պայքարենք առանց հուսահատվելու, վճռականորեն ընթանանք մեր ճշմարտության ճանապարհներով: ԱՍՏԾՈւՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդությամբ, հավատքով, զենքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրավունքը քրտնաջան աշխատելով և ստեղծագործելով:
Սիրելի հայեր, վտանգը շատ մեծ է: Թշնամին ատամները սրած հոշոտում է մեր սահմանները: Պետք է լինենք զգոն, համախմբված, պայքարենք թե բանտերից, թե ազատության մեջ, թե սահմանի վրա պաշտպանելով հայրենիքը, թե փողոցներում, թե խորհրդարանում։ Պայքարը պետք է լինին ամենուր։
Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրվանից պայքարել ենք հայկական պետությունը վերականգնելու - փափագով և մեծ կորուստների գնով, զոհողություններով ու զոհաբերություններով հասել ենք նպատակին, այնուհետև պայքարել ենք հայրենիքի մասունքները հետ բերելու համար: Այդ ճանապարհին շատ հզոր, նվիրյալ ընկերներ ենք կորցրել։ Բանտերում ու զնդաններում տասնյակ տարիներով տառապել են մեր ընկերները: Այսօր էլ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։ Իմ հայաստանյան բանտում գտնվելը չնչին զոհողություն է տասնյակ հազարավոր զոհվածների և վիրավորների կյանքի համեմատ:
Մի մտածեք մեր մասին, հատկապես ասեմ, որ այստեղ էլ լավ հայեր կան թե բանտապահների, թե կալանավորների մեջ:
Մենք անկեղծ զինվոր ենք...
Փառքը ԱՍՏԾՈւՆ, կյանք Նրա ժառանգներին՝ հայերին և հավերժություն Նրա ժառանգությանը Հայաստանին»։

Աղբյուրը`   ՀՅԴ Հայաստան