«Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն շանտաժը, որին դիմեց իշխանությունը զավթելիս»․ Արթուր Դանիելյան
63
Այսօր, 10:30
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Փաշինյանը կրկնեց 2018 թվականի հեղաշրջման գլխավոր թեզը: Ինչպես 7 տարի առաջ, այդպես էլ հիմա, իր գլխավոր հենարանը Ալիևն է: 2018-ին նա ասաց՝ կամ վարչապետ կլինի ինքը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Նա այդ բառերը արտաբերում էր այն պահին, երբ շփման գծի երկայնքով կուտակված էին ադրբեջանական զորքեր, որոնք սպասում էին երևանյան գործընթացների հանգուցալուծմանը: Եթե Սերժ Սարգսյանը համառեր և հրաժարական չտար, ապա ստիպված կլիներ մի կողմից դիմակայել ադրբեջանական ներխուժմանը, մյուս կողմից էլ՝ զսպել ժողովրդական ցասումը ներսից: Երեկ, արդեն 2025 թվականի օգոստոսի 21-ին, Փաշինյանը պնդեց որ «առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև»: Սա ըստ էության կրկնությունն է այն շանտաժի, որին Փաշինյանը դիմեց իշխանությունը զավթելիս: Նա ասում է, որ եթե իրեն չընտրեն/չվերընտրեն վարչապետ, ապա Ադրբեջանը կհարձակվի, և Հայաստանը վարչապետ պարզապես չի ունենա: Այսինքն կամ Բաքուն պիտի Հայաստանում վարչապետ նշանակի կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Նույն թեզը, նույն դավաճանական ամբարտավանությունը, նույն ատելությունը սեփական պետության և ժողովրդի հանդեպ, որ կուտակվել էր իր մեջ՝ տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի կողմից անտեսված լինելու պատճառով: Սակայն կա այս երկու դրվագի միջև շատ կարևոր ու չափազանց նուրբ մի տարբերություն, որն էլ իրավիճակի փրկության բանալին է: Եթե առաջին դեպքում նա շանտաժի էր ենթարկում Սերժ Սարգսյանին և որպես ճնշման լծակ օգտագործում մոլորյալ մարդկանց բազմությունը, ապա այսօր նա արդեն շանտաժի է ենթարկում հենց այդ մարդկանց՝ հայ ժողովրդին: Իրավիճակի նրբությունը հասկանալու համար պետք է լիարժեք ըմբռնել այն իրողությունները, որի պատճառով Փաշինյանը ստիպված է նման շանտաժի գնալ: Խնդիրը նրանում է, որ աշխարհաքաղաքական այս վերադասավորման փուլը հավերժ չի տևելու: Ինչ-որ պահի գլոբալ խաղացողները վերբաշխելու են իրենց ազդեցության գոտիները և նորից համաձայնության գան որոշ կանոնների շուրջ: Միջազգային իրավունքի ներկայիս զուտ սիմվոլիկ կարգավիճակը նորից արդիական կդառնա և հենց այդ օրվան է պատրաստվում Ալիևը: Նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի վերջին տարիների իր ձեռքբերումները անխոցելի լինեն միջազգային իրավունքի տեսակետից: Հենց այս կենսական նշանակություն ունեցող խնդիրն է նա լուծում, ստիպելով հայ ժողովրդին նորից ընտրել Փաշինյանին և դրանով հաստատել, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի կամքին դեմ չէ: Ալիևը շատ լավ գիտի, որ ըստ Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի միջազգային պայմանագիրը համարվում է անվավեր, եթե այն կնքվել է ուժ կիրառելու սպառնալիքի ներքո: Էդ էսօր է ԱՄՆ-ն Չինաստանի հետ մարտի բռնվել ու մի կողմ դրել միջազգային իրավունքը: Էդ էսօր է Ռուսաստանը թաղված ուկրաինական ճակատում: Էդ էսօր են Եվրոպացիք ամեն ինչ ներում Փաշինյանին ու Ալիևին՝ հակառուսական օրակարգի մեջ մնալու խոստման դիմաց: Էդ էսօր է Իրանը սեփական նախագահներին և գեներալներին հուղարկավորում ու վերքերը լիզում: Էդ էսօր է Իսրայելը կարողանում անպատիժ ցեղասպանություն իրագործել: Վաղը իրավիճակը կարող է փոխվել... և հենց այդ վաղվա օրվա մասին մտածելով է Ալիևը պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն իր հոժար կամքով գնա ընտրություններին և ընդունի, որ մենք մեր կամքով ենք հանձնել մեր երկիրը, որ Նիկոլը մեր ընտրածն է: Միջանցքը, 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում ու Հայաստանի մասնատումը հաջորդ փուլի օրակարգում են: Ներկա պահին պետք է պարտադիր, անխոցելիորեն ֆիքսել ներկայիս ձեռբերումները: Ալիևի գլխավոր խնդիրը Նիկոլի լեգիտիմության ճգնաժամն է և նա ամեն ինչ անելու է, որ վերջինս այս ճգնաժամը հաղթահարի: Պետք եղավ զորքը կհանի ՀՀ տարածքից, գերիներին հետ կտա, կերդվի երբեք չհարձակվել, տո փող էլ կբաժանի, ասֆալտ կփռեն, նպաստ կբաժանեն (կարևորը չզինվենք): Ալիևին պետք է, որ հայերը ընտրեն Նիկոլին: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց իմ հիշելով հայերը ինադ ընկնելու շատ յուրօրինակ հատկություն ունեն... Մեկ Սերժ փակուղի գցելը հնարավոր է, մեծահարուստներին ունեզրկելն էլ դժվար բան չէ, տասնյակ կուսակցապետ բանտարկելը խնդիր չէ, հարյուրավոր ակտիվիստի շարքից հանել-բռնել-սպանելն էլ մի երևելի պրոբլեմ չի: Բայց մի քանի միլիոն հայի ստիպել, որ նրանք հրապարակավ երդվեն, որ սիրում են ապրել կզած, որ պաշտում են էս թալանչի վիժվածքներին, որ Ջեյլոյից բացի մեզ էլ բան հետաքրքիր չէ... եսիմ... նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ իրավական տեսանկյունից նրանց ընդամենը պետք է կես միլիոն հայ... եսիմ... կհավաքի՞: Մեր խնդիրը այդ կես միլիոնը թույլ չտալն է»: