«Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, ավելի լուրջ վերաբերվեք մարտահրավերներին»․ Հովհաննես Ավետիսյան
126
Այսօր, 14:48
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսեցի Նարեկ Կարապետյանի ուղերձը, դրանից առաջ նախորդն էի լսել: Նարեկ ջան, բարեկամական մի քանի դիտարկում: Նախ այն թեզը, որ մասնավորը ավելի լավ կառավարիչ է, քան պետական հատվածը կեղծ է: Դա կապիտալիստական հասարակարգերի հորինած նարատիվն է, որը փոքր երկրների ենթակառուցվածքները գրավելու համար է հորինվել: Հաջորդը, օտար երկրի քաղաքացի իմ ազգակիցը չպիտի Հայաստանում ապրող իմ ազգակցի համար որոշումներ կայացնող լինի: Եթե որոշում կայացնողն ու իր հարազատները չեն կրելու իր կայացրած որոշման հետևանքները, ունենալու ենք ավելի անպատասխանատու միջավայր, քան հիմա է: Ուկրաինան ի դեպ, նման ձախողված փորձ ունի, նաև դրա հետևանքը դարձավ ներկայի պատերազմը: Քաղաքականության մասին: Գոյություն ունի politics և policy, հայերենում, ցավոք, երկուսին էլ քաղաքականություն են ասում: Փոլիտիկսը երազն է, նպատակը, դեպի ուր ուզում ես տանել ժողովրդին և իր պետությանը: Փոլիսին այն բոլոր ճանապարհները, միջոցները և գործիքներն են, որոնք ընտրելու ես փոլիտիկսով դրված երազիդ՝ նպատակներին հասնելու համար: Մինչ այս քո բոլոր զրույցները, որոնք լսել եմ քաղաքական նոր ուժ ստեղծելու համատեքստում փոլիսիների մակարդակում են, ընդ որում միայն տնտեսական փոլիսիների: Եվ որևէ անդրադարձ չկա փոլիտիկսին, այսինքն քաղաքականությանը: Ասեմ, որ մեր բոլոր խնդիրները քաղաքական դաշտում են և այս դաշտից են բխում փոլիսիների մակարդակի խնդիրները, նրանք որոնց միայն տնտեսական մասին դու անդրադառնում ես: Մեր քաղաքական դաշտի խնդիրները գոյաբանական են և դրանք տնտեսական քաղաքականությամբ (փոլիսիներով) շտկվողը չեն: Ամբողջովին հակառակն է, տնտեսական դաշտի խնդիրները կլուծվեն, երբ քաղաքական դաշտում պատշաճ որոշումներ կայացվեն: Ինչ վերաբերվում է ապաքաղաքական մարդկանց քաղաքական որոշումների ներգրավելուն. Մենք հիմա հենց այս մոտեցման ձախողման ականատեսն ենք, քաղաքական Նիկոլը հավաքել է ապաքաղաքական մարդկանց և դարձրել է իր գործիքը, ինքն էլ դիկտատոր: Եվ վերջապես, բիզնեսմենը չի կարող, ունակ չէ (մտածողության մակարդակում, քանի որ պետությունը փող սարքելու մասին չէ) պետություն լավ կառավարել: Պատմական օրինակները բազում են, դրանցից ամենավառը հենց հիմա մեր աչքի առաջ ԱՄՆ-ում: Ժամանակին Քեննեդին էլ նման մտքեր ուներ, և նշանակեց Ֆորդ ընկերության հաջողակ տնօրեն Ռոբերտ Մկնամարային ԱՄՆ պաշտպանության նախարար: Հետևանքների մասին կարծում եմ տեղյակ ես, տասնյակ հազարավոր ամերիկացիների և միլիոնավոր վիետնամցիների անիմաստ կորսված կյանքեր և պարտված Վիետնամի պատերազմ: Եթե իրապես որոշել եք ձեր ընտանիքով զբաղվել քաղաքականությամբ, խնդրում եմ ավելի լուրջ վերաբերվել մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին: Երկիրը մահամերձ է և հերթական պոտենցիալ դիլետանտությունը մեզ նոր կորուստներ է բերելու: