«Տուժողները, ինչպես միշտ, լուռ են»․ Հայկ Մարտիրոսյան
182
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 02:24
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում տեղի ունեցող երկրաքանդման բազում երևույթներից մեկն էլ անմեղ թվացող, բայց խորքում մայրաքաղաքում կյանքը անտանելի ու դժոխային դարձնող գծի առաջ տանումն է: Ու այդ առաջմղման ամենացցուն, բայց ոչ ոքի կողմից չնկատվող երևույթներից մեկն էլ փողոցների երթևեկության կարգի փոփոխությունն է: Անթիվ, անհամար արգելքներ են մտցվել: Ամբողջական ավտոբուսի գծեր են առանձնացվել, տասնյակ շրջադարձեր են արգելվել և որ ամենասարսափելին է՝ տասնյակ մեծ ու փոքր փողոցներ վերածվել են միակողմանի երթևեկության գոտիների: Եթե միակողմանի փողոցներն աշխատում են խիստ կազմակերպված և «գրիդ»՝ շարքային կառուցվածք ունեցող քաղաքում՝ ինչպիսին Նյու Յորքն է, ապա պարտադիր չէ, որ դա աշխատի Երևանի պես արևելյան նողկալի բազարի վերածված իր էությամբ վրանային ավանում: Շրջադարձերի արգելումը, կարգի փոփոխությունն ու հատկապես միակողմանիացումը մեծացնում են երթևեկի տարածությունը, խլում հսկայական ժամանակ, էլ ավելի ծանրաբեռնում երթևեկությունը, որովհետև ավելի երկար է նախկինի համեմատ մեքենան ճանապարհներին ժամանակ անցկացնում և վառելիք կամ հսկայաական հավելյալ էլեկտրաէներգիա ու մեքենայի մաշվածություն են արժենում վարորդներին: Միակողմանիացումը Երևանի նման խոշոր գեղերում մշտապես հանգեցնում է երթևեկության էլ ավելի վատթարացման և հատուկ է տգետ, անուղեղ, բայց արագ ու մակերեսային լուծումներին ապավինող մտածողությանը: Հիմա էլ միակողմանի է դառնալու Սարյան փողոցը: Մի բան, որ երթևեկը կենտրոնում դարձնելու է արդեն իսկ անհնար: Կենտրոնի փողոցները դարձել են օրվա տարբեր ժամերին անանցանելի, իսկ իրականում այս փոքրիկ գեղավանի ճանապարհներին կորսված ժամանակը ահռելի է դարձել: Իսկ խորքում ոչ թե վիճակը բարելավելն է, այլ կյանքն իրոք որ անտանելի դարձնելը: Անտանելի, որ կյանքի որակի անկումից ճնշված՝ դեռևս արտագաղթելու ունակները թքեն՝ հեռանան երկրից: Որքան քիչ բնակչություն՝ այնքան հեշտ է լինելու եկվորների հաստատումը իրենց նոր հայրենիքում: Ահա թե ինչու է ուղղությունը դառնում ամենուր միակողմանի: Դուրս: Միայն դեպի դուրս երկրից: Որ միակողմանի ուղով եկվորները հեշտ ներս գան: Միայն դեպի ներս: Իսկ այս ամենից տուժողները, ինչպես միշտ լուռ են: Եվ շատերն անգամ գոհ են: Ինչպես միշտ: Ինչպես միշտ՝ սրանց պարագայում»: