Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ալիևը շարժվելու է ծայրահեղ երկընտրանքների տրամաբանությամբ». Արմեն Պետրոսյան

«Ալիևը շարժվելու է ծայրահեղ երկընտրանքների տրամաբանությամբ». Արմեն Պետրոսյան
178
Երեկ, 03:06

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ներկա հավասարումը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հատկապես կապուղիների ապաշրջափակման խնդրի՝ աշխարհաքաղաքական մակարդակի բարձրանալը երկու հիմնական կողմ ունի՝ դրական և բացասական։
Ըստ այդմ.
Դրական է այն, որ խնդրի նման մասշատաբայնությունը և տարաբնույթ բանակցային օրակարգերի առկայությունը գրեթե ամբողջովին զրոյացնում են ռազմական լուծումների հնարավորությունները։ Այս պահի դրությամբ ռազմական սցենարի հավանականությունը կարող է պայմանավորված լինել հատկապես տարածաշրջանային պատերազմի հավանականությամբ։
Բացասական կողմն այն է, որ հատկապես Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղին միջանցքային ձևաչափով ստանալու հարցն անձամբ Ալիևի համար վերածվել է հերթական «կյանքի նպատակի»։ Հետևաբար, այս հարցում Ադրբեջանի խաղամոլ նախագահը պատրաստ է հնարավոր ամենաբարձր խաղադրույքներին՝ իր նպատակին հասնելու համար։
Ըստ էության, ներկայում հենց այս սցենարի ականատեսն ենք, երբ պաշտոնական Բաքուն բոլոր հնարավոր ուղղություններով ակտիվացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ չխնայելով որևէ ռեսուրս։
Նման պայմաններում՝ համեմված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շարունակվող անորոշությամբ, Հայաստանի համար իրավիճակը բավականաչափ բարդ է։ Այսինքն՝ Ալիևը շարժվելու է ծայրահեղ երկընտրանքների տրամաբանությամբ՝ կա՛մ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ, կա՛մ շրջափակման շարունակում՝ ընդ որում դրա համար նաև զգալի գին վճարելով հատկապես Թուրքիային և այլ հետաքրքրված խաղացողներին։
Այս իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր է ավելորդ շտապողականությունից խուսափելը, խնդրի նկատմամբ առավելագույն կառուցողական դիրքորոշում դրսևորելու շարունակականությունը, բայց նաև ՀՀ ազգային շահերին հակասող որևէ լուծման բացառումը։ Սա ենթադրում է հիմնախնդրի հանգուցալուծման ձգձգում, բայց նման սցենարն այս պահին ամենակօպտիմալն է, քանի որ Ադրբեջանի վարքագծի փոփոխություն հնարավոր կլինի կանխատեսել բացառապես աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի ֆիքսմանը զուգահեռ»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան