Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Խաղաղության պայմանագիր, որը չի բերելու խաղաղություն»․ «Մարտական եղբայրություն»

«Խաղաղության պայմանագիր, որը չի բերելու խաղաղություն»․ «Մարտական եղբայրություն»
162
Այսօր, 15:00

«Մարտական Եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է միաբանության և Ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը
2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կնքված համաձայնությունները, որոնք ներկայացվում են իբրև ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, իրականության մեջ չեն բերելու՝
ա) տևական և կայուն խաղաղության,
բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման։
Ա.
Խաղաղության պայմանագիրը, որի նախաստորագրումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, նույնիսկ վերջնական ստորագրվելու պարագայում չի բերելու և չի կարող բերել տևական ու կայուն խաղաղության, քանի որ.
ա) Ադրբեջանի քաղաքական ռազմավարությունն ուղղված է ոչ թե Հայաստանի հետ խաղաղ և հավասարազոր համակեցությանը, այլ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ գերակայության հաստատմանը, ինչը բազմիցս հաստատվել է Ադրբեջանի պաշտոնական խոսքով և քարոզչությամբ:
բ) Խաղաղության պայմանագրի կետերից դուրս, Ադրբեջանը պաշտոնական ամենաբարձր մակարդակով, հետևողականորեն և ինստիտուցիոնալ կերպով Հայաստանին ներկայացնում է հետևյալ պահանջները՝
1. Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում պետք է բնակեցվեն այստեղ նախկինում ապրած ադրբեջանցիները, որոնք պետք է ստանան անվտանգության հատուկ՝ ոչ հայկական երաշխիքներ։
Այս պահանջը Հայաստանին ներկայացվելու է նաև ԽՊ-ի վերջնական կնքման պարագայում։
2. Ադրբեջանը պաշտոնապես և հետևողականորեն ներկայացնում է Հայաստանի «ապառազմականացման» պահանջը, այսինքն՝ հավակնում է վերահսկողության տակ ունենալ պաշտպանության ոլորտում Հայաստանի քաղաքականությունը՝ ամենաբարձր պաշտոնական մակարդակում սպառնալով հակառակ դեպքում կանխիչ հարվածներ կիրառել:
Այս պահանջը նույնպես Ադրբեջանի ռազմավարական քաղաքական կուրսի մասն է։
3. Բաքվում շարունակվում է հայ գործիչների նկատմամբ դատավարությունը, որի քաղաքական իմաստը ոչ թե առանձին անհատներին դատելն է, ինչպես ներկայացվում է Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետության «մեղքի» հիմնավորումը, Հայաստան պետությունը որպես ցեղասպան, ագրեսոր և օկուպանտ ներկայացնելու իրավական հիմքերի ստեղծումը: Սրանից հետագայում բխելու են հասցված վնասի փոխհատուցման պահանջները:
Սա նույնպես հետևողական և համակարգված քաղաքականության մաս է, որը շարունակվելու է, անկախ ԽՊ-ի կնքվելու հանգամանքից:
4. Ադրբեջան պետության պաշտոնական գաղափարախոսությունը փաստացի մնում և մնալու է հակահայկականությունը, որի կենտրոնում «ագրեսոր» և «օկուպանտ» հայերի նկատմամբ պայքարի և հաղթանակի պատմությունն է: Ինչպես բազմիցս նշվել է ամենաբարձր պաշտոնական մակարդակում՝ այդ պատմությունն Ադրբեջանում երբեք չպետք է մոռացվի:
Այս քաղաքականությունը ոչ միայն վստահաբար չի փոխվելու և որևէ նշան չկա, որ կփոխվի, այլև չի էլ կարող փոխվել, քանի որ Ալիևյան կլանի իշխանության գաղափարական հիմնաքարն է:
Այս և մյուս փաստերն ու դրանց վերլուծությունը միանշանակ վկայում են, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի նկատմամբ թշնամանքի և ուժային սպառնալիքի քաղաքականությունը նաև ԽՊ-ի կնքումից հետո:
Ավելին՝ վերը ներկայացված պահանջները, ինչպես նաև օգոստոսի 8-ին կնքված համաձայնագրի որոշ կետեր, Ադրբեջանի համար մշտական առիթ են ստեղծում հարմար իրավիճակում Հայաստանի դեմ ագրեսիվ ուժային գործողություններ իրականացնելու համար:
Բ.
Օգոստոսի 8-ի համաձայնագրով նախատեսված՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության մասին կետը ոչ այլ ինչ է, քան ՀՀ-ի կողմից «միջանցքային» տրամաբանության, «զանգեզուրյան միջանցք» նախագծի ընդունում՝ անկախ նրանից, թե ինչ ձևակերպումներով կփորձեն դա թաքցնել և խճճել:
Այս կետը փաստացի կրկնում է և էությամբ չի տարբերվում 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի 9-րդ կետից, որում նույնպես խոսքն անխոչընդոտ հաղորդակցության մասին էր: Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ ռուսական փաստացի վերահսկողության փոխարեն խոսվում է ամերիկյան փաստացի վերահսկողության մասին:
Անխոչընդոտ ճանապարհը հենց այն է, ինչն այսքան տարի պահանջել է Ադրբեջանը և ինչին միշտ համաձայն է եղել, իսկ «անխոչընդոտ հաղորդացություն» ձևակերպումը նշանակում է միջանցք՝ Հայաստանի փաստացի վերահսկողությունից դուրս, հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանության օտարում:
Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է միջանցքի տրամաբանությունը՝ անկախ նրանից, թե ո՛ր արտաքին ուժի վերահսկողության մասին է խոսքը՝ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ որևէ այլ:
Այս քայլով Հայաստանի կառավարությունը հերթական անգամ խաբել է հայ ժողովրդին՝ տարիներով պնդելով, թե միջանցքը նրանց կարմիր գիծն է: Արցախի զիջումից հետո այժմ արդեն Սյունիքն է դառնում աշխարհքաղաքական խաղերի առարկան: Եվ «Արցախի հարցի» փոխարեն սկիզբ է դրվում «Սյունիքի հարցին»:
Գ.
Օգոստոսի 8-ի հայտարարությամբ նախատեսված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) լուծարման պահանջով համատեղ դիմումը ադրբեջանական հերթական պահանջն է, որը Հայաստանի կողմից կատարվել է ոչնչի դիմաց: Կարելի է չկասկածել, որ նույն կերպ կատարվելու է նաև Ադրբեջանի մյուս պահանջը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը:
Դ.
Նոյեմբերի 9-ի հայտարարագիրը հաշվի առնելով՝ Օգոստոսի 8-ի հայտարարությամբ Հայաստանն արդեն ստեղծում է առնվազն քաղաքական, եթե ոչ՝ իրավական նախադեպ, որ պատրաստ է հրաժարվել ինքնիշխանության հասկացության հիմքում ընկած հիմնարար իրավունքներից, ինչը Հայաստանի անկախության հարցում գուժում է անդառնալի հետևանքներ:
Օգոստոսի 8-ի հայտարարությունը, այսպիսով, հերթական կեղծիքն է և Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սկիզբ դրված ձախող քաղաքականության շարունակությունը:
Այս համաձայնագրի շահառուներն են՝
• ԱՄՆ-ն և անձամբ նախագահ Թրամփը,
• Իլհամ Ալիևը և Ադրբեջանը, որը հասավ իր հերթական ռազմավարական նպատակներին՝ Հայաստանի կողմից «զանգեզուրյան միջանցքին» փաստացի համաձայնությանը, ՄԽ-ի լուծարմանը: Վստահաբար նա շարունակելու է Հայաստանի նկատմամբ գերակայության հաստատման, թշնամանքի և ուժային սպառնալիքի քաղաքականությունը,
• Նիկոլ Փաշինյանը, որը մտնելով նախընտրական փուլ, իր քաղաքականությունը ներկայացնելու է որպես հայ ժողովրդին խաղաղություն բերող:
Միակ տուժողը հայ ժողովուրդն է, որին հերթական անգամ խաբում են՝ ներկայացնելով, իբր, խաղաղության ճանապարհ, երբ եղած քաղաքականությունը հեռանկարում հանգեցնելու է ճիշտ հակառակին՝ Հայաստանին պարտադրված հերթական պատերազմին։
Ե.
Մարտական Եղբայրություն միաբանությունը և Ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խումբը խնդիրը տեսնում են ոչ թե Օգոստոսի 8-ի հայտարարության կամ Նոյեմբերի 9-ից հետո ավետվող և այդպես էլ իրականություն չդարձող խաղաղության պայմանագրի առանձին կետերի մեջ, այլ բուն՝ կեղծ խաղաղության պայմանագրի մեջ ինքնին՝ համարելով, որ դա ոչ միայն չի հանգեցնելու խաղաղության, այլև ավելի է խորացնելու Հայաստան-Ադրբեջան խնդիրը՝ ապագայում հիմք դառնալով Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման փորձերի:
Մարտական Եղբայրությունը, հետևողական լինելով իր դիրքորոշումներում, հիմնարար խնդիրը տեսնում է Նոյեմբերի 9-ի համաձայնագրով սկիզբ դրված ողջ քաղաքական կուրսի մեջ, որի էությունն են՝ պարտության գաղափարախոսության ընդունումը և ոչնչի դիմաց շարունակական զիջումները, որոնց շարքը լինելու է անվերջ՝ ընդհուպ մինչև Հայաստանի փաստացի կամ, նույնիսկ, իրավական անկախության զիջում։
Մարտական Եղբայրությունը հետևողական է միջանցքի գաղափարի հարցում իր դիրքորոշման մեջ և քննադատում ու դատապարտում է դրա և՛ ռուսական, և՛ ամերիկյան վերահսկողությամբ տարբերակները։
Մարտական Եղբայրություն միաբանության համար իրավիճակից ելքի հիմնական սկզբունքը և կոչը հայ ժողովրդին մնում են՝
• գիտակցումը, որ խնդիրը Հայաստանի անկախության համար պայքարն է,
• գիտակցումը, որ իրավիճակից միակ ելքը հայ ժողովրդի՝ կրկին ուժային գործոնի վերածվելն է, իսկ հանուն սեփական իրավունքների պայքարը՝ Երկիր մոլորակի վրա արժանապատիվ ապրելու և բարգավաճելու միակ ուղին է,
• ազգային հեղափոխության իրականացումը, որի հղացքը և կետերը ներկայացրել և ներկայացնում ենք մեր հրապարակային ելույթներում։
Մարտական Եղբայրություն միաբանությունը նաև կոչ է անում հայ ժողովրդին պատրաստ լինել Սահմանադրության փոփոխության ապագա հանրաքվեն վերածելու հանուն Հայաստանի անկախության հանրաքվեի և մերժելով առաջարկվող նախագիծը՝ վերջ դնելու պարտության գաղափարախոսության վրա հիմնված ձախող քաղաքականությանը և այդ գաղափարախոսության կրող ողջ քաղաքական համակարգին՝ իր իշխանական և ընդդիմադիր բևեռներով հանդերձ»։