Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հայ ժողովրդի ռազմական պատմության ամենաարժեքավոր դրվագներից մեկը Հայոց ձորի ճակատամարտն է». Մհեր Հակոբյան

«Հայ ժողովրդի ռազմական պատմության ամենաարժեքավոր դրվագներից մեկը Հայոց ձորի ճակատամարտն է». Մհեր Հակոբյան
150
Այսօր, 02:06

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ժողովրդի ռազմական պատմության ամենաուշագրավ և արժեքավոր դրվագներից մեկը մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ի Հայոց ձորի ճակատամարտն է։ Մինչ առանձին նկարագրմամբ այս ճակատամարտին անդրադառնալը, սակայն, մի քանի խոսք վերջինիս վերաբերյալ։
Խնդիրը կայանում է նրանում, որ այս ճակատամարտը ավանդականորեն համարվել է վիպական և հեքիաթային, սակայն ուշադիր ուսումնասիրողն այստեղ ոչ մի «հեքիաթային» տարր չի գտնի, քանզի մարտական գործողությունները ու դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների նկարագրությունը նման ենթադրության որևէ հիմք չի թողնում։ Ինչ վերաբերում է այս ճակատամարտի թվականին, ապա տոմարագիտական հաշվարկներով վաղուց արդեն հիմնավորվել է վերջինիս կոնկրետ տարին, ամիսը և օրը։
Իր հերթին, «հեքիաթային», այն էլ զգալի վերապահումներով, կարող են համարվել թերևս միայն հաղորդումները «երկնադեզ հսկաների» և «հավերժ քաջերի» մասին, սակայն ակնհայտ է, որ «երկնադեզ հսկաներ» և «հավերժ քաջեր» ասելով Մովսես Խորենացին կամ այն աղբյուրը, որից օգտվել է նա, առաջին դեպքում ուղղակի ուզեցել են ընդգծել հակառակորդի բանակի ընտիր կազմը ու նրանում հատկապես հաղթանդամ ռազմիկների մեծ քանակությունը, իսկ երկրորդում էլ, ըստ երևույթին, նկատի է ունեցվում հետագա Աքեմենյանների և Սասանյանների Մատյան գնդի նման մի զորամասի մասնակցությունը, որի կազմը, ինչպես հայտնի է, անփոփոխ էր ու այն անվանվում էր նաև «անմահների գունդ»։ Ըստ երևույթին թշնամու «երկնադեզ հսկաներից» և «հավերժ քաջերից» կազմված այս զորագունդը հանդիսացել է հետագա աքքադական 5.400 հոգանոց վարձկան-մշտական զորաբանակի նախատիպը, որն էլ հետագայում ավելի զարգացած տեսքով, ի դեմս «անմահների» «Մատյան գնդի», հանդիպում ենք Աքեմենյանների ու Սասանյանների բանակներում։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
2492 օգոստոսի 11 – Հայոց ձորի ճ-մ (Վասպուրական նահանգ, Տոսպ գավառ, Վանա լճի արևելյան ափին, Խոշաբ գետը Վանա լիճը թափվելու տեղից ոչ հեռու)
Միջագետքին տիրած Էլամի արքա Մեսիլիմը, որն արդեն հնարավորություն էր ստացել կենտրոնացված ձևով տնօրինել տեղի ուժերը, Արատտայի քրմապետությունից պահանջեց ընդունել իր գերիշխանությունը, սակայն ստացավ մերժում: Ի պատասխան դրա՝ Մեսիլիմի գլխավորած Էլամի թագավորության բանակը (50.000) երկու զորասյունով ներխուժեց Արատտայի քրմապետության տարածք, ընդ որում վերջինս այնքան վստահ էր իր ուժերին, որ որոշեց ճակատամարտ տալ միայն իր գլխավորած գլխավոր զորասյունով:
Հայկական բանակի առաջնորդ Հայկը, Կադմոսի հետախուզական ջոկատից տեղեկանալով, որ թշնամին երկիր է ներխուժել հենց երկու զորասյունով, որոշեց գլխավոր զորասյան դեմ ճակատամարտ տալ մինչև նրանց միավորվելը՝ հակառակորդի թվական գերակշռությունը գոնե մասնակիորեն չեզոքացնելու մտայնությամբ: Իր հերթին, Հայկը ճակատամարտի համար ընտրեց այնպիսի վայր, որտեղ Հայկական բանակը կունենար դիրքային առավելություն: Այդ նպատակով ընտրվեց Խոշաբ գետի լեռնահովիտներից մեկը, որտեղ էլ Հայկական բանակը (մոտ 15.000) ամուր պաշտպանական դիրքեր գրավեց և փակեց թշնամու բանակի առաջխաղացման ճանապարհը:
Օգոստոսի 11-ին թշնամու բանակը մոտեցավ Հայկական բանակի դիրքերին և, հույս դնելով թվական գերակշռության վրա, պատրաստվեց հընթացս հարված հասցնել: Հայկական բանակը ընդունեց սեպաձև դասավորություն՝ սեպի սուր ծայրն ուղղելով դեպի թշնամու դասավորության կենտրոն, ընդ որում Հայկը հատուկ ուժեղացրեց իր բանակի մարտակարգի ձախ կողմը՝ այնտեղ տեղավորելով համեմատաբար լավ պատրաստված ռազմիկների: Իր հերթին, Էլամի թագավորության բանակը ֆալանգ կազմեց: Անմիջապես մարտից առաջ Հայկը ոգևորիչ խոսքով դիմեց իր ռազմիկներին և միաժամանակ ձևավորեց նաև Հայկական բանակի մարտական ծրագիրը՝ գլխավոր հարվածի ուղղությամբ անակնկալ ու սրընթաց հարվածով ճեղքել հակառակորդի դասավորությունը, ջախջախել բլրի վրա ամրացած Մեսիլիմի թիկնապահ գունդը և, սպանելով նրան, խուճապի մատնել թշնամու բանակին:
I փուլ – Մեսիլիմի բանակը անցավ հարձակման, ի պատասխան որի Հայկական բանակը հակահարձակման անցավ և հուժկու հարված հասցրեց հակառակորդի մարտակարգի կենտրոնին: Բռնկվեց համառ մարտ: Տեսնելով մարտի անհեռանկար բնույթը և անորոշ ելքը՝ Մեսիլիմը իր բանակին հրամայեց նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը՝ դիմադրությունը ավելի լավ կազմակերպելու ու երկրորդ զորասյանը սպասելու համար:
II փուլ – Հայկը իր թիկնապահ գնդով շեշտակի հարվածով ճեղքեց թշնամու բանակի մարտակարգը և մոտեցավ Մեսիլիմին: Հայկի թիկնազորը կատաղի մարտի բռնվեց Մեսիլիմի թիկնազորի հետ: Այդ ընթացքում Հայկը մոտեցավ Մեսիլիմին և իր լայնալիճ աղեղից այնպիսի ուժով նետահարեց նրան, որ նետը, ծակելով թշնամու զրահը ու, սպանելով Էլամի և Միջագետքի արքային, դուրս եկավ նրա թիկունքից ու խրվեց գետնի մեջ: Թշնամու բանակը խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և, ծանր կորուստներ պատճառելով նրան, դուրս մղեց Հայաստանի սահմաններից:
Հայերը կորցրին մոտ 3.000, թշնամին՝ մոտ 20.000 զինվոր:
Հենց նոր ավարտված ճակատամարտը և Մեսիլիմի սպանվելը ճակատագրական նշանակություն ունեցավ նրա տերության համար, որի գոյությունը, ինչպես և կարելի էր սպասել, դադարեց։ Արդյունքում էլամցիները հետ քաշվեցին դեպի իրենց լեռները, իսկ շումերները, շարունակելով «լավագույն ավանդույթները», վերադարձան հին ու մասնատված դրությանը՝ միաժամանակ, սակայն, առժամանակ զգուշանալով շարունակել բացահայտ թշնամություն անել լեռնականների հետ: Վերջին հանգամանքն իր հերթին և հայերին, և էլամցիներին ապահովեց բավականին երկար տևած հանգստի մի ժամանակաշրջան»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան