ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Այս խայտառակ որոշումը իրավաքաղաքական աղավաղում է և իրավական համակարգի խորը ճգնաժամի վկայություն։ 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձությունների իրավական բնույթը միանշանակ է՝ դա պետական իշխանության բռնազավթման պահից սկսած, սահմանադրական կարգի տապալմամբ և ժողովրդի ինքնիշխան կամքի դեմ զինված ուժի կիրառմամբ իրականացված հանցագործություն էր։ Այս հանցագործության մեջ ներգրավված էր ոչ միայն քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, այլև ողջ ուժային և իրավապահ համակարգը՝ բանակից և ոստիկանությունից մինչև ԱԱԾ, Գլխավոր դատախազություն և դատարաններ։ Համաձայն միջազգային և ներքին իրավունքի, նմանատիպ զանգվածային և համակարգային հանցագործությունների դեպքում պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել մի քանի անձանց վրա նյութական պահանջ ներկայացնելով։ Քաղաքացիական հայցով տուժածների հատուցումը չի կարող փոխարինել քրեական պատասխանատվությանը։ Ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների դեպքում գործում է անհատական քրեական պատասխանատվության սկզբունքը՝ առանց վաղեմության ժամկետի, և այն պետք է տարածվի բոլոր հրաման տվողների, հրաման կատարողների և պետական ապարատը հանցագործության գործիք դարձնողների վրա։ Այս գործընթացը նաև բացառում է հարյուրավոր քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների իրավունքների վերականգնումը, ինչպես նաև այն հազարավոր քաղաքացիների վնասների հատուցումը, ովքեր հարկադրված լքեցին երկիրը։ Իրավական և քաղաքական արդարությունը պահանջում է, որ հատուցումը և պատասխանատվությունը համընդգրկեն բոլոր պատճառված վնասները՝ կյանքի, ազատության, առողջության, քաղաքական իրավունքների և տնտեսական հնարավորությունների կորուստները։ Այսօր պետությունը փաստացի ընդունում է, որ Մարտի 1-ի դեպքերը եղել են ապօրինի և պատճառել են վնաս, բայց պատասխանատվության ենթարկում է միայն մի քանի նախկին պաշտոնյաների՝ ձևականորեն սահմանափակելով խնդիրը նյութական փոխհատուցման շրջանակում։ Սա իրավաքաղաքական մանևր է, որն ավելի շատ ծառայեցնում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակներին, քան արդարադատության լիարժեք վերականգնմանը։ Իրական արդարադատությունը պետք է լիներ համապարփակ՝ ներառելով լիակատար փաստահավաք քննություն, միջազգային իրավական մեխանիզմների ներգրավում, համակարգային պատասխանատվություն և բոլոր տուժածների իրավունքների ամբողջական վերականգնում։ Առանց այդ ամբողջականության, այս գործընթացը մնում է կիսատ և անբավարար՝ արդարության գաղափարը փոխարինելով նրա իմիտացիայով»։