«Ներկայիս հայաստանյան իշխանությունը Բաքվի համար հռչակվել է որպես «պատմական շանս»»․ Արման Աբովյան
136
Երեկ, 21:30
Այսօր Հարավային Կովկասի քաղաքական իրականությունը ձևավորվում է այնպես, որ Ադրբեջանն ու Թուրքիան բացարձակապես շահագրգռված են ներկա իշխանության պահպանմամբ Հայաստանում։ Հաշվի առնելով Հայաստանում գործող իշխանության աղետալիորեն ցածր վարկանիշը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, կանի ամեն հնարավորը, որպեսզի «փրկի» այսպես կոչված «թավշյա իշխանությանը»։ Կարծում եմ , որ շուտով մենք կլսենք, թե ինչպես թուրքերը և ադրբեջանցիները կիրականացնեն կոսմետիկ քայլեր՝ ռազմավարական նպատակներով։ Հայաստանյան նախընտրական փուլում, որը փաստացի արդեն մեկնարկել է, Բաքուն, ամենայն հավանականությամբ, դիմելու է մի շարք արտաքինից «դրական», սակայն իրականում մոլորեցնող քայլերի։ Նպատակը հստակ է՝ ստեղծել շահավետ մթնոլորտ իշխանության վերարտադրության համար և ամրապնդել նրա քարոզչական թեզերը «խաղաղության օրակարգի» մասին։ Այդ քայլերը կարող են ներառել՝ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի ժամանակավոր «սառեցումն» և կտրուկ հռետորաբանությունից հրաժարվելը։ Հայերի համար ճանապարհների բացման «պատրաստակամության» ցուցադրումը՝ դա ներկայացնելով որպես տարածաշրջանային ինտեգրման քայլ։ Հայաստանի օկուպացված, բայց ռազմավարական արժեք չունեցող որոշ հատվածներից թուրք-ադրբեջանական ռազմական դիրքերի ժամանակավոր հեռացումը։ Հայաստան Թուրքիա սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների (հիմնականում Ադրբեջանի քաղաքացիների ) համար։ Այս քայլերից և ոչ մեկը չի լուծի հիմնարար խնդիրներ, բայց դրանք կստեղծեն ուժեղ PR էֆեկտ՝ ներսում ձևավորելով իշխանության «արդյունավետության» պատրանք և այն ներկայացնելով որպես Բաքվի հետ «կոնստրուկտիվ երկխոսության» ունակ ուժ։ Գլխավոր նպատակը՝ իշխանության վերարտադրություն և սահմանադրական փոփոխություն։ Թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակը հստակ է՝ ստեղծել պայմաններ Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, որի էությունը կլինի գործող Սահմանադրության փոփոխությունը կամ վերացումը։ Սահմանադրությունը ներկայիս տեսքով մնում է իրավական ու քաղաքական պատնեշ՝ Բաքվի՝ Հայաստանի հանդեպ տարածքային և քաղաքական նկրտումները կյանքի կոչելու ճանապարհին։ Ներկայիս հայաստանյան իշխանությունը՝ Բաքվի համար հռչակվել է որպես «պատմական շանս»։ Ադրբեջանական վերլուծական շրջանակները բաց տեքստով հայտարարում են, որ հայաստանյան իշխանությունը Ալիևի համար «պատմական հնարավորություն» է՝ վերջնականապես վերացնելու հայկական գործոնը Հարավային Կովկասում։ Ադրբեջանում գիտակցում են, որ որևէ այլ հայկական իշխանություն չի կարող և չի համարձակվի գնալ նման հակահայկական քայլերի, որոնք իրականացնում է ներկայիս իշխանությունը։ Եզրափակելով կարող ենք միանշանակ սպասել մոտակա ամիսներին Բաքվից ցուցադրական «բարեկամական» ժեստեր, որոնք իրականում կունենան բացառապես «չոր» հաշվարկված նպատակ՝ պահել իշխանության ղեկին Բաքվին և Անկարային հարմար վարչակարգը և ավարտին հասցնել հայ պետականության ոչնչացման ռազմավարական ծրագիրը»։