«Նախաստորագրած համաձայնագիրը հարկադրելու է մեզ ընդունել, թե Արցախի հարցը բարձրացնելը մեր մեղքն էր»․ Մարինե Պետրոսյան
147
Այսօր, 05:36
Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խառը զգացումներ են մեջս վաշինգթոնյան հանդիպումից հետո։ Անսպասելի գիտակցում, որ նոր պայքար ա սկսվում ոնց որ և պետք ա էդ պայքարին պատրաստ լինել։ Թրամփը մեկ էլ տեսար խաղաղության Նոբելյան ստացավ։ Ալիևը առաջարկեց, որ Նիկոլի հետ միասին նամակ գրեն դրա համար՝ Նոբելյանի կոմիտեին։ Կգրե՞ն։ Շատ հավանական ա։ Կստանա՞։ Չգիտեմ։ Հաստատ չի։ Հաստատն էն ա, որ Թրամփը ուժեղացնում ա Փաշինյանի դիրքերը եկող տարվա ընտրություններում՝ փաստացի հավանություն տալով Նիկոլի Խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկ։ Խաղաղություն։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը էսօր տենչում ա էդ խաղաղությունը։ Դե Նիկոլն էլ, Թրամփի հետ միասին, ասում են որ բերում էն էդ խաղաղությունը։ Վաշինգթոնյան կեցվածքից դատելով՝ ոնց որ Ալիևն էլ արդեն դեմ չի։ Լա՞վ ա ամեն ինչ։ Նրանք, ովքեր ասում են՝— չէ, լավ չի ամեն ինչ,— հիմնականում խոսում են միջանցքից։ Ասում են՝ Հայաստանը փաստացի Սյունիքով միջանցք ա տալիս Ադրբեջանին՝ դիմացը չստանալով ոչինչ։ Ընդդիմախոսներից շատերն էլ նշում են մեկ ուրիշ վտանգի մասին՝ էն մասին, որ Վաշինգտոնին Սյունիք բերելով, մենք սպառնալիք ենք ստեղծում Թեհրանի և Մոսկվայի համար, ինչը կարող ա վատ հետևանքներ ունենալ։ Էս երկու հարցերն էլ շատ կարևոր են։ Բայց կա ոչ պակաս կարևոր մի հարց, որի մասին ավելի քիչ ա խոսվում։ Փաշինյանի և Ալիևի նախաստորագրած համաձայնագիրը ոչ միայն փակում ա Արցախի հարցը, ոչ միայն կնիք ա դնում Արցախի հայաթափման վրա, այլ նաև հարկադրելու ա մեզ ընդունել, թե Արցախի հարցը բարձրացնելը մեր մեղքն էր և մենք պետք ա էդ մեղքը քավենք։ Այնինչ Արցախի ինքնորոշման հարցը հենց էն հարցն ա, որը պաշտպանելու հայոց համազգային որոշումի վրա ստեղծվել և կանգնած էր Հայաստանի Հանրապետությունը։ Արցախյան պատերազմը մենք չենք սկսել, Արցախյան պատերազմը սկսել ա Բաքուն։ Մենք՝ հայերս, Արցախի և Հայաստանի հայերս, սկսել ենք Արցախյան շարժումը։ Սկսել ենք էն ժամանակ, երբ Հայաստանը դեռ Սովետական Միության կազմի մեջ էր, անկախ չէր։ Ադրբեջանն էլ էր Սովետական Միության կազմի մեջ։ Իսկ Սովետական Միության մայրաքաղաքը՝ կենտրոնը, վերջնական որոշումներ ընդունողը, Մոսկվան էր։ 1988-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը որոշում ընդունեց՝ դուրս գալու Ադրբեջանական ԽՍՀ կազմից և մտնելու Հայկական ԽՍՀ։ Մոսկվան, որպես կենտրոն, պետք ա հաստատեր էդ որոշումը, որպեսզի ուժի մեջ մտներ։ 1988-ն էր, ձմեռ։ Երևանի Ազատության հրապարակը, որն էն ժամանակ դեռ Թատերական հրապարակ էր կոչվում, ծայրից ծայր լիքն էր մարդկանցով։ Ես էլ էի էնտեղ։ Մարդկանց մեծ մասը ակնկալում էր, որ Մոսկվան կասի՝ այո, և մենք կտոնենք կատարվածը։ Բայց Մոսկվան ասեց՝ ոչ։ Մոսկվան ոչ միայն ասեց՝ ոչ, այլև լուրերի «Վրեմյա» հեռուստածրագիրը, որը դիտում էր ողջ Սովետական Միության բնակչությունը, Երևանի հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց անվանեց «մի խումբ ծայրահեղականներ»։ Մոտավորապես ոնց որ Իլհամ Ալիևն ա մեզ հիմա անվանում ֆաշիստներ․․ ․․․ Մենք ֆաշիստներ չէինք։ Ստեփանակերտի մարզխորհրդի որոշումը ԽՍՀՄ սահմանադրությանը չէր հակասում և Մոսկվան հանգիստ կարող էր ասել՝ այո։ Իսկ Մոսկվան ոչ միայն ասեց՝ ոչ, այլ նաև զրպարտեց մեզ՝ Օպերայի հրապարակը ծայրից ծայր լցրած խաղաղ ժողովրդին անվանելով «մի խումբ ծայրահեղականներ»։ Հայ ժողովուրդը պե՞տք ա կուլ տար էդ վիրավորանքը թե՞ պետք ա կուլ չտար։ Հայ ժողովուրդն էդ վիրավորանքը կուլ չտվեց։ Արցախյան շարժումը շուտով նոր թափ առավ՝ նոր Ղարաբաղ կոմիտեի գլխավորությամբ։ Հայ ժողովուրդը Մոսկվայի ոչ-ին ասեց՝ ոչ։ Հենց դրանով էլ փաստացի սկսվեց Հայաստանի ինքնորոշումն ու անկախացումը։ Իսկ հետո Ադրբեջանը զինված հարձակման անցավ։ Մենք պատասխան տվեցինք և հաղթեցինք։ Մենք ֆաշիստ չէինք, մենք պաշտպանում էինք մեզ»։