Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել»․ Վլադիմիր Մարտիրոսյան
69
Այսօր, 17:18

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 խնդիր, որոնցից Փաշինյանը չի կարող փախչել և չի էլ կարող լուծել դրանք: Դրանք են իր լեգիտիմության դեֆիցիտը և դրանից բխող կեղծ խաղաղության պարադոքսը, որը որևէ կերպ իրապես ամրացնել նա չի կարող: Մոտ մեկ շաբաթ առաջ նշել էի, որ իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք և իշխանությունը Վաշինգթոնյան ճռճռան շոուից բացի ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն, բացատրություն տալ այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական: Փաշինյանը զգում է, որ վաճառքի ենթակա «խաղաղությունը» խամրում է դեռ չեկած: Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա բրիֆինգ է անում:
Որքան էլ բրիֆինգ անի միևնույն է նրա իշխանության ճգնաժամը ունի երեք առանցքային բաղադրիչ, որոնք անբեկանելի են և անլուծելի, քանի որ նա այլևս անցել է ռուբիկոնը․
1. լեգիտիմության բացարձակ դեֆիցիտ,
2. ավտորիտար ռեժիմի աստիճանական ձևավորում,
3. հասարակության հոգեբանական ընկալումը, որտեղ նույնիսկ խաղաղությանը հնարավոր չի հավատալ, քանի որ այն բերում է խրոնիկ խաբեբան։
Այս երեք երևույթները սերտաճել են միմյանց հետ և ստեղծել են փակուղային իրավիճակ։
1. Լեգիտիմության դեֆիցիտ
Փաշինյանի իշխանության գոյության ամենամեծ խնդիրը ընտրություններով ձևականորեն ստացած իրավական մանդատը չէ։ Նրա հիմնական թուլությունը այն է, որ նա դադարել է ընկալվել որպես վստահելի իշխանություն։ Հանրային հոգեբանության մեջ նրա խոսքը զրկված է արժեքից։ Նրա որոշումները նույնիսկ, եթե տեսանելիորեն լավ արդյունք խոստանան, հանրության ճնշող մեծամասնության կողմից ընկալվում են կասկածանքով։ Սա կոչվում է լեգիտիմության դեֆիցիտ․ իշխանությունը չի ընկալվում որպես օրինական և արժանահավատ առաջնորդություն։
2. Ավտորիտար ռեժիմի վերածվելու վտանգը:
Փաշինյանի լեգիտիմության կորուստը անխուսափելիորեն բերում է իշխանության ավտորիտարացման։ Դա պարզ մեխանիզմ է․ որքան քիչ վստահություն ունի առաջնորդը, այնքան ավելի է դիմում ճնշումների, դատական և քաղաքական ինստիտուտների վերահսկողությանը, քարոզչական մանիպուլյացիային: Փաշինյանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս այդ անցումը․
• քաղբանտարկյալներ,
• դատարանների ճնշում,
• լրատվադաշտի խեղաթյուրում մետաճշմարտութուններով ու կեղծիքով
• հանրային բևեռացում, որտեղ ընդդիմախոսը ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացի է, այլ «թշնամի»։ Արդյունքում լեգիտիմության դեֆիցիտը լրացվում է ոչ թե վստահության վերականգմամբ, այլ ավտորիտար գործիքակազմով։
3. Խաբեբայության հետևանքով հանրային ապատիա:
Փաշինյանին չեն հավատում ոչ միայն նրա սխալների, այլ հատկապես նրա խրոնիկ խաբեբայության պատճառով։ Երբ մի առաջնորդ անընդհատ խոստանում է մի բան, բայց իրականում իրականացնում է հակառակը, հասարակության հոգեբանության մեջ ձևավորվում է երկու բան.
• ապատիա՝ մարդիկ դադարում են հավատալ որևէ խոստման,
• հոգեբանական մերժում՝ նույնիսկ եթե նա բերում է ինչ-որ դրական երևույթ (օրինակ՝ խաղաղության խոստում), մարդիկ չեն հավատում, որովհետև խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ այն բերողը, իսկ եթե բերողը Փաշինյանն է, ապա դա արդեն կեղծ է և ֆեյկ:
Այս երևույթը կոչվում է քաղաքացիական վստահության կոլապս։ Երբ կեղծիքը երկար ժամանակ ներկայացվում է որպես իրականություն, հասարակության համար անհնար է դառնում ընդունել նույնիսկ իրական հաջողությունը։
Այսօր Հայաստանում առկա է փակ շղթա․
• լեգիտիմության դեֆիցիտը վերածում է իշխանությանը ավտորիտար ռեժիմի,
• ավտորիտար գործիքակազմը խորացնում է հանրային բաժանումը,
• խաբեբայության հետևանքով առաջացած հոգեբանական մերժումը թույլ չի տալիս, որ նույնիսկ «խաղաղություն» հասկացությունը ընկալվի որպես արժեք։
P.S. Փաշինյանի խնդիրն այն չէ, թե ինչ արդյունք է նա բերում։ Նրա խնդիրն այն է, որ նա դարձել է այնպիսի քաղաքական ֆիգուր, որի բերած նույնիսկ լավագույն արդյունքը հասարակության աչքում կեղծ է։ Իսկ սա նշանակում է մեկ բան․ Հայաստանում պետականության վերականգնման առաջին պայմանը Փաշինյանի լեգիտիմության դեֆիցիտի խորացումն է»։