Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Էրդողանը լուրջ զիջումներ կորզեց Պուտինից սիրիական ու ղարաբաղյան հակամարտություններում»․ Գարիկ Քեռյան

«Էրդողանը լուրջ զիջումներ կորզեց Պուտինից սիրիական ու ղարաբաղյան հակամարտություններում»․ Գարիկ Քեռյան
43
Այսօր, 14:00

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արցախը կորցրեցինք, բայց պահպանեցիք Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը և նրա միջազգայնորեն ճանաչված տարածքը»: Այս թեզը պարզ և հստակ այժմ գտնվում է հանրային քաղաքական դիսկուրսի կենտրոնում: Ինչպես Է այն հիմնավորում և արդարացնում վարչապետն ու նրա քաղաքական թիմը և ինչպես են այն քննադատում և հակադարձում ընդդիմադիր գործիչները, մենք տեսնում և լսում ենք ամեն օր և ամեն ժամ, երկկողմանի բոլոր քաղաքական քննարկումներում և հրապարակային խոսքի մեջ: Իսկ ո՞րն է իրականությունը: Ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտությունը կանխատեսելու ունակություններ ունեցող մասնագետ լինելու համբավին, բայց կարծում եմ, որ իրականությունը հետևյալն է: 2014թ.-ին, երբ Կիևում հաղթել էր երկրորդ Մայդանը, հաստատվել էր հակառուսական վարչակարգ, որին ի պատասխան ՌԴ-ին էր միացվել Ղրիմը, Կրեմլը և Արևմուտքը նախապատրաստվում էին պատերազմի: Բայց, քանի որ, հակամարտող կողմերում կային միջուկային տերություններ, Արևմուտքը ընտրեց պատերազմի վարման նոր տեսակ, միջնորդավորված պատերազմ Ուկրաինայի տարածքում, ուկրաինական ժողովրդին որպես թնդանոթի միս օգտագործելով: Այս յուրահատուկ պատերազմում Ռուսաստանի հաջողությունը կախված էր պատժամիջոցները հաղթահարելու ձևերից ու միջոցներից: Վճռական էր հատկապես Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի և հետխորհրդային պետությունների պատժամիջոցներին չմիանալը: Այստեղից ծնվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն ձևավորելու և զարգացնելու կրեմլյան քաղաքականությունը: Որպեսզի պարզ լինի դրա կարևորությունը, հատկապես կնշեմ Հարավային հոսք գազատարի երկու ճյուղերը, որոնք Սև ծովի հատակով ռուսական գազը թուրքական տարածքներով հասցնում են համաշխարհային շուկաներ և մինչև օրս Հյուսիսային հոսքի պայթեցումներից հետո պահպանում են իրենց կարևորությունը: Տաղանդավոր Էրդողանը շատ հմուտ դիվանագիտությամբ կարողացավ օգտագործել այս խաղաքարտը և լուրջ զիջումներ կորզեց Պուտինից սիրիական և ղարաբաղյան հակամարտություններում: Հետևանքներն արդեն առկա են: Սիրիան դարձավ պրոթուրքական պրոտեկտորատ, իսկ Արցախը հայաթափվեց: Այնուամենայնիվ հայ ժողովրդին համարելով որպես երեք հարյուր տարվա բարեկամ և հոգեհարազատ ժողովուրդ, նաև տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական և ինտեգրացիոն/տնտեսական միակ գործընկերը, ռուսական ղեկավարությունը աշխատում էր ելքեր գտնել այդ դաշնակցությունը չկորցնելու համար: Դրան էր նվիրված Լավրովի պլանի շրջանառումը, որը նախատեսում էր շրջակա յոթ շրջանների հանձնումից հետո Արցախում ռուսական զորքերի տեղակայումը և կարգավիճակի հարցի հանումը օրակարգից: Կարող եմ ենթադրել նաև, որ կարող է և եղած լինի առաջարկություն Միանալ ՌԴ-Բելառուս միությանը, որպեսզի կանխվի ադրբեջանաթուրքական որևիցե ռազմական հարձակում Հայաստանի և Արցախի վրա: Պարզ է, որ սա տանելու էր ինքնիշխանության մակարդակի որոշակի իջեցման: Իրադարձությունները որոնք տեղի ունեցան 2020-23թթ. ցույց տվեցին, թե, որ ուղին ընտրեց Հայաստանի գործող իշխանությունը: Եվ Արցախի կորստով ինքնիշխանության պահպանման թեզի մեջ ճշմարտություն կա: Արդարացի էր դա, թե ոչ՞, կասի հայ հասարակությունը 2026 թ. ընտրությունների ժամանակ, ծանր ու թեթև անելով 2018-2026թթ. իրադարձությունները: Վերջում նշեմ միայն, որ նույն իրավիճակն էր 1920թ.-ին: Հայաստանը կարող էր պահպանել 70 000 քառ. կմ. տարածքը, եթե գարնանը ընդուներ խոհրդային իշխանությունը, հրաժարվեր անհեռանկար արևմտյան կողմնորոշումից և Սևրի պայմանագրից: Օհանջանյանի կառավարությունը հրաժարվեց և անփառունակ ջախջախվեց «անկախ» Հայաստանը: Մի հարյուր տարի հետո էլ պատմաբանները կգնահատեն այսօրվա քաղաքականությունը, իսկ ժողովուրդը թող ազատ մտորի և իր գնահատականը տա առաջիկա ընտրություններում»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան