«Փաշինյանի ուղերձը՝ որպես ինքնարդարացում և նոր քաղաքական նարատիվի հաստատում»․ Արմեն Հովասափյան
![]() 31 Այսօր, 15:42 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի 2025 թ․ օգոստոսի 23-ի ուղերձը, նվիրված Անկախության հռչակագրի տարեդարձին, արտաքինից կառուցված է որպես պետական տոնական ելույթ, սակայն իրականում պարունակում է գաղափարական և քաղաքական ծանր դիսկուրս։ Այն կարելի է դիտարկել որպես համաժամանակյա ինքնարդարացում և նոր քաղաքական նարատիվի հաստատում, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տիրաժավորում է հանրային հարթակում։ Փորձենք մի քանի քայլանոց մտավարժանքներով բացել Փաշինյանի կողմից մանիպուլացված «հիմնավորումները» և դրանց տալ տրամաբանական եզրահանգումներ։ Առաջին կարևոր շերտը վերաբերում է պատմական հիշողության վերաիմաստավորմանը։ Ըստ էության՝ նա Հռչակագիրը ներկայացնում է ոչ թե որպես անկախության հաղթանակի խորհրդանիշ, այլ որպես խորհրդային իշխանությունների կողմից ձևավորված սոցիալ–հոգեբանության հետևանք՝ փաթաթան, որն իբր Հայաստանի անկախությունը դարձրել է ռազմավարական անհնարինություն։ Այս մոտեցմամբ Փաշինյանը դեֆորմացնում է ազգային–պետական շարժման պատմական նշանակությունը՝ այն դասելով խորհրդային դոկտրինի տրամաբանական շարունակության մեջ։ Այսպիսով, անկախության ճանապարհը ներկայացվում է ոչ թե ազգային ինքնագիտակցության պոռթկման, այլ՝ արտաքին ձևավորված գաղափարական մոդելի արդյունք։ Ավելի պարզ ասած՝ «դրսից պարտադրված նարատիվ», որը, ըստ նրա, հայի ու հայկականության հետ ոչ մի աղերս չունի։ Հավանաբար առաջիկայում իր «Իրական Հայաստանի» մասին հերթական ելույթներում Փաշինյանը կփորձի այս պնդումը դարձնել հանրային ընկալման բնական մասը՝ հաստատուն կերպով ամրապնդելով այն։ Մյուս կարևոր բաղադրիչը ուղերձում առկա բացահայտ խոստովանական տարրն է։ Փաշինյանը փաստացի ընդունում է, որ 2018–2020 թթ․ ընկած ժամանակահատվածում, նույնիսկ տեսականորեն հնարավոր լինելով զիջումների միջոցով կանխել պատերազմը, ինքը դիտավորյալ չի գնացել այդ քայլին։ Նրա հիմնավորումն այն է, թե զիջումները կուժեղացնեին Հայաստանի կախվածությունները և կվտանգեին անկախությունը։ Սակայն այս պնդումը հակասում է իր իսկ ներկայացրած ներկայիս ռազմավարությանը, քանի որ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Հայաստանի պետականության կորուստներն անհամեմատ մեծ եղան։ Այսպիսով, նրա խոստովանությունը ավելի շատ հնչում է որպես հետպատերազմյան պարտության արդարացում, քան որպես ռացիոնալ քաղաքական հաշվարկ։ Այն կարելի է դիտարկել որպես յուրատեսակ խոստովանական ցուցմունք, որը ոչ մի կերպ չի տեղավորվում 2020-ի սեպտեմբեր–հոկտեմբերին Փաշինյանի հնչեցրած «սա մեր վերջին Սարդարապատն է» հայտարարության տրամաբանության մեջ։ Երրորդ շերտում ձևավորվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որն ըստ նրա՝ ապահովել է խաղաղություն Ադրբեջանի հետ, երկխոսություն Թուրքիայի հետ և իբր նոր որակի հարաբերություններ Վրաստանի ու Իրանի հետ։ Այստեղ հստակ տեսանելի է «խաղաղություն = անկախություն» նոր համարժեքությունը։ Այս ձևակերպումը բացահայտ հակադրվում է դասական ազգային–պետական մոտեցմանը, որտեղ անկախությունը բխում է ինքնիշխանության, անվտանգության ու ինքնապաշտպանության ունակությունից։ Փաշինյանի մոտ ինքնիշխանությունը փաստացի վերանվաճվում է խաղաղության միջոցով՝ անկախ նրանից, թե այդ խաղաղությունն ինչպիսի զիջումների հաշվին է ձեռք բերվել։ Մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ն փաստացի չունի ոչ մի տեսանելի ձեռքբերում կամ դրական տեղաշարժ։ Հաջորդ առանցքային շերտը՝ ելույթում տեղ գտած պնդումներն են՝ («Հայաստանը այսօր ավելի անկախ է, քան երբևէ», «ավելի ինքնիշխան է, քան երբևէ» և այլն), որոնք իրականում ունեն ոչ թե փաստական, այլ հոգեբանաքարոզչական բնույթ։ Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին և ներքին վիճակը չի հաստատում այս գերագնահատված գնահատականները․ պատերազմից հետո երկրի անվտանգային միջավայրը թուլացած է, իսկ սուբյեկտայնությունը՝ կասկածի տակ։ Ուստի այս պնդումները նպատակ ունեն ձևավորել նոր նարատիվ, ըստ որի պարտությունը պետք է ընկալվի որպես իրական անկախության սկիզբ։ Փաշինյանը փորձում է այս ձևակերպումներից կերտել նախընտրական հարմար թեզեր, որոնք հետագայում, դանդաղ և հետևողականորեն, կփորձի կյանքի կոչել։ Փաշինյանի ուղերձը կարելի է կարդալ որպես երկակի փաստաթուղթ․ մի կողմից՝ պատմական հիշողության վերանայում և ազգային շարժման արժեզրկում, մյուս կողմից՝ սեփական քաղաքական վարքագծի անուղղակի արդարացում։ Նրա խոսքում առկա է ինքնախոստովանական տարր, երբ բաց տեքստով ասում է, որ մինչև 2020-ի պատերազմը զիջումների ճանապարհով չի գնացել՝ լիովին գիտակցելով դրա հետևանքները։ Այսպիսով՝ ելույթի բովանդակությունը ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է պարտությունը ներկայացնել որպես հաղթանակի նոր փիլիսոփայություն։ Սակայն անկախության գաղափարի սրբագրումը, պատմական շարժման արժեզրկումը և խաղաղության՝ որպես ինքնիշխանության համարժեքի ներկայացումը երկարաժամկետ առումով կարող են ունենալ ճակատագրական հետևանքներ։ Փաշինյանի ուղերձը դառնում է ոչ թե պատմության գնահատական, այլ քաղաքական ինքնախոստովանություն՝ սեփական սխալների փաթեթավորված արդարացում»։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |
«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով
417:06«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի պահանջները»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
1216:54«Անհայրենիք Նիկոլը ծախում է ՀՀ ցանկացած կտոր, և ով դեմ կլինի, նրա նկատմամբ քրգործեր կկարվեն»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
1416:48«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին»․ Բայրամով
4616:42«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, այլ ոչ թե ստորագրումն է ցույց տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը»․ Բայրամով
4716:24«Ուզուրպացված դատական համակարգն օգտագործվում է որպես քաղաքական ռեպրեսիաների գործիք»․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
3616:12«Հակամարտության կարգավորումը համապատասխանում էր մեր ազգային շահերին»․ Բայրամով
6316:06«Հայաստանի զինումը կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտն էր»․ Բայրամով
5316:00