«Երկու փաստաթղթերն էլ հիմք են նոր առճակատման և պատերազմական գործողությունների համար»․ Տարոն Սիմոնյան
143
Այսօր, 03:12
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ի և ՕԳՈՍՏՈՍԻ 8-ի ՄԱՍԻՆ Դժվար է լինելու, շատ դժվար, բայց նպատակամղված դիվանագիտական ու իրավաբանական աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինելու Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի շահերի դեմ ուղղված, միջազգային և ներպետական իրավունքը կոպտորեն խախտող երկու՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2025թ-ի օգոստոսի 8-ի փաստաթղթերի հետևանքների վերացումը։ Ինչո՞ւ են դրանք խախտում միջազգային և ներպետական իրավունքը։ Ներպետական իրավունքի մասին շատ ենք խոսել։ Այժմ՝ միջազգային իրավունքի մասին։ Երկուսն էլ կնքվել են Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 52 և 53 հոդվածների խախտմամբ։ Հոդված 52․ Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ։ Հոդված 53․ Պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր (jus cogens) նորմին։ Սույն Կոնվենցիայի նպատակների համար ընդհանուր միջազգային պարտադիր նորմն այն նորմն է, որը պետությունների միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընդունվում ու ճանաչվում է որպես նորմ, որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով։ Երկու փաստաթուղթն էլ Հայաստանի անունից հանդես եկող անձի կողմից ստորագրվել է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով։ Դա չեն թաքցնում ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Միացյալ Նահանգներում։ Բոլորն էլ իրենց այս կամ այն հայտարարություններում հնչեցրել են այն համոզմունքը, որ ստորագրում են, որպեսզի պատերազմը չշարունակվի և/կամ Ադրբեջանի կողմից նոր հարձակում չլինի։ Դրանից ավելի ուժի սպառնալիքի փաստ և ապացույց հնարավոր չէ գտնել։ Սա փաստում է հայկական կողմից ազատ կամքի բացակայության մասին։ Երկու փաստաթղթերն էլ ոտնահարում են ՄԱԿ-ի Կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված և ժամանակակից միջազգային իրավունքի հիմք հանդիսացող Ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքը, որը հռչակված է որպես jus cogens սկզբունք, ՄԱԿ-ի ստեղծման և գոյության նպատակ։ Երկու փաստաթուղթն էլ ուղղակի և անուղղակի կերպով ընդունում են պատերազմական հանցագործություններն ու նույնիս էթնիկ զտումների հնարավորությունն ու թույլատրելիությունը։ Մի արարքի, որը համարվում է միջազգային հանցագործություն, խախտում է ՄԱԿ կանոնադրությունն ու համարվում է ցեղասպանություն հանցագործության տարրերից մեկը։ Հասկանալի է, որ մարդ արարածը կոչված է սիրել և ձգտել խաղաղության, և հանուն դրա պատրաստ է կուրորեն հավատալ այն գեղեցիկ խոսքերին, որ իրեն մատուցվում են, բայց նաև այդ նույն մարդ արարածն ունի բանականություն և պետք է համարձակություն ունենա օգտվել այդ բանականությունից և առնվազն ԿԱՐԴԱ այն փաստաթղթերը, որ իր անունից ստորագրվել են։ Եվ եթե մի քիչ ուշադիր կարդա, ապա կտեսնի, որ երկու փաստաթղթերն էլ իրական կյանքում հիմք են հանդիսացել/հանդիսանալու նոր առճակատման և պատերազմական գործողությունների։ Հետևաբար․ անարդար և հիմնարար իրավունքները խախտող որևէ փաստաթուղթ չի կարող խաղաղության հիմք հանդիսանալ։ Մարդկության պատմությունը լի է նման ապացույցներով։ Նոր բան հորինել հնարավոր չէ, հատկապես որ մարդիկ դեռ հին գիտակցության կրող են։ Ի դեպ այդ վերջին փաստաթղթի ստորագրմամբ վերջնականապես փակվեց թշնամի պետությունում գերի պահվող իր նման հայ մարդկանց վերադարձն ապահովելու համար որևէ լծակ գործադրելու հնարավորությունը։ Դրա համար էլ թշնամի պետությունում սեպտեմբերի 3-ին հանգիստ փակեցին վերջին միջազգային կազմակերպությունը, որ կարող էր կապ պահել այդ մարդկանց հետ։ Հ․Գ․ Դժվար է լինելու, շատ դժվար, բայց հնարավոր է, հատկապես երբ կարողանանք հասնել նրան, որ ի տարբերություն շատ դեպքերի՝ մեր պարագայում Հայաստանի անունից նման թղթերի տակ ստորագրություն դնող, Հայաստանի անունից հայտարարություններ անող անձի գործողությունները իրավաբանորեն վերագրելի չեն Հայաստանի Հանրապետությանը»։