Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արթիկը պետք է դիտել որպես ազգային վերակառուցման մոդել»․ Մհեր Մելքոնյան

«Արթիկը պետք է դիտել որպես ազգային վերակառուցման մոդել»․ Մհեր Մելքոնյան
83
Այսօր, 17:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներքին կայունության և տնտեսության վերակառուցման կարևորագույն ուղղություններից մեկը՝ տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի ստեղծումն է, որն այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել առանց համայնքների համաչափ ու երկարաժամկետ զարգացման։

Այս առումով Արթիկի օրակարգային ներառումը, որպես վերականգնվող տնտեսական և մշակութային կենտրոն, պետք է դիտարկվի ոչ միայն համայնքային, այլ՝ համապետական ռազմավարական շրջանակում։ Ներկայումս ցանկացած համայնքի վերածնունդ պետք է դիտվի ոչ որպես մեկուսացված տնտեսական ծրագիր, այլ որպես ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության և սոցիալական արդարության բաղադրիչ։

Արթիկը տարիներ առաջ եղել է խոշոր արդյունաբերության, շինարարական հումքի և գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման կարևոր կենտրոն։ Քաղաքը վաղուց հայտնի իր վարդագույն տուֆով։ Այս բնական հրաշքը ոչ միայն Արթիկի հարստությունն է, այլև ամբողջ Հայաստանի շինարարական մշակույթի անբաժանելի մասը։

Սակայն քաղաքական անկայունության, ռազմավարական մոտեցման և համաչափ զարգացման բացակայության պատճառով քաղաքը հայտնվել է լուրջ տնտեսական ու սոցիալական փակուղու մեջ։ Նույնիսկ այս պայմաններում Արթիկն ունի բացառիկ պոտենցիալ՝ վերածվելու ոչ միայն մարզային տնտեսական հենակետի, այլ նաև համայնքային զարգացած մոդելի՝ ամբողջ պետության համար։ Այսօր էլ Արթիկը շարունակում է պահպանել իր ներքին ռեսուրսները՝ ինչպես նյութական, այնպես էլ մարդկային։ Հենց այստեղ է թաքնված վերածննդի հնարավորությունը՝ այն ճիշտ մոդելավորելու դեպքում։

Արթիկի տնտեսական և համայնքային ճգնաժամը կարելի է պայմանավորել մի շարք համակարգային պատճառներով, որոնցից հիմնականներն են․

-Տնտեսական արտադրական ներուժը մնում է չօգտագործված,

-Գյուղատնտեսական հատվածը՝ տեխնոլոգիապես հետ ընկած,

-Բնակչության արտահոսք և ժողովրդագրական անկում՝ հատկապես երիտասարդության շրջանում,

-Բիզնես միջավայրը թերի է, ներդրումների գրավչությունը՝ գրեթե զրոյական,

-Տեղական ինքնակառավարման ֆինանսական և իրավական սահմանափակումներ, ինչը խոչընդոտում է երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրականացումը,

-Հասարակական պասիվություն՝ պայմանավորված հիասթափությամբ, անտեսվածության զգացումով։

Սակայն հենց այս բացասական պարամետրերի վերլուծությունն է, որ պետք է դառնա իրական զարգացման սկիզբը։ Որովհետև այնտեղ, որտեղ խնդիրները խորքային են, լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային և արժեքային։

Արթիկի վերածնունդը պետք է դիտարկվի միաժամանակ՝ տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Սա պահանջում է բազմաշերտ մոտեցում, որի առանցքները հետևյալն են.

1. Արդյունաբերության վերակենդանացում՝ որպես տնտեսական ողնաշար

-Ներդրումային և արտոնյալ հարկային քաղաքականություն՝ քարամշակման ու շինանյութերի արտադրության ոլորտներում,

-Տեխնոլոգիական վերազինում՝ մրցունակ արտադրանք ապահովելու համար,

-Արտահանման շուկաների քարտեզում Արթիկը պետք է վերադառնա որպես ազգային հումքային բրենդ։

2. Գյուղատնտեսության վերաիմաստավորում

-Ջրային և ագրոտեխնիկական ենթակառուցվածքների զարգացում,

-Ֆերմերական կոոպերատիվների խրախուսում և վերամշակող արտադրամասերի տեղայնացում,

-Օրգանական արտադրանքի ուղղությամբ նպատակային շարժում՝ արտահանման պոտենցիալով։

3. Մարդկային կապիտալի զարգացում

-Մասնագիտական կրթության և վերապատրաստման կենտրոնների ստեղծում՝ տեղական կարիքներին համարժեք,

-Երիտասարդների ներգրավում՝ համայնքային նախագծերում և որոշումներում,

-Կրթության և մշակույթի կապակցում՝ ազգային ինքնության հենքով։

4. Տուրիզմ և մշակութային ինքնություն

-Արթիկի պատմամշակութային արժեքների պահպանում և ներկայացում՝ որպես զբոսաշրջային ռեսուրս,

-Տարածաշրջանային մշակութային փառատոնների ու միջոցառումների կազմակերպում։

5.Ղեկավարության դերը. արժեհամակարգային վերաիմաստավորում

Ամեն ինչի հիմքում, սակայն, կանգնած է մեկ առանցքային հանգամանք՝ ովքե՞ր են առաջնորդում այս գործընթացները։ Այս բոլոր ծրագրերն իրականություն կդառնան միայն այն ժամանակ, երբ համայնքի ղեկավարման ղեկին կանգնած են՝

-Հայրենասեր, այսինքն՝ ոչ թե պաշտոնը, այլ ազգային պետության տեսլականով առաջնորդվող անհատներ,

-Բարոյական, այսինքն՝ անձնական շահը հանրային շահին ստորադասող գործիչներ,

-Ազգային արժեհամակարգով, այսինքն՝ այն մարդիկ, ում համար պետականությունը պարզապես գործիք չէ, այլ պատասխանատվություն սերունդների առջև։

Բարեփոխումների իրականացման համար անբավարար է միայն ֆինանսական ռեսուրս ունենալը։ Անհրաժեշտ է վստահություն, հասարակական համախմբում և քաղաքական կամք։ Իսկ դա հնարավոր է միայն ազգային և հոգևոր մտածելակերպ ունեցող ղեկավարության պարագայում։

Արթիկը պետք է դիտել ոչ միայն որպես մարզային տնտեսության վերականգնման հնարավոր տարածք, այլ՝ որպես ազգային վերակառուցման մոդել։ Մեզ պետք են քաղաքներ, որտեղ համատեղվում են տեղական նախաձեռնությունը, պետական ռազմավարությունը և ազգային արժեքային համակարգը։

Արթիկի վերածնունդը պետք է դառնա ապացույց այն բանի, որ Հայաստանը կարող է ունենալ համայնքներ, որոնք չեն լքում, այլ՝ վերադառնում են։

Ոչ թե աղքատության օջախներ, այլ՝ ստեղծարարության կենտրոններ։

Այստեղ է ձևավորվելու այն մոդելը, որով մենք պատկերացնում ենք մարզերի զարգացումը, տնտեսական ինքնաբավությունը և ազգային դիմադրողականությունը»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան