Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՔՊ-ական չինովնիկների խուլիգանական արարքները դարձել են սովորական երևույթ»․ Նաիրի Հոխիկյան

«ՔՊ-ական չինովնիկների խուլիգանական արարքները դարձել են սովորական երևույթ»․ Նաիրի Հոխիկյան
110
Այսօր, 09:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության պաշտոնյաների, հատկապես ՔՊ -ական չինովնիկների մասնակցությամբ խուլիգանական արարքները, կռիվ ու ծեծ հրահրելը կամ պարզապես մարդուն առևանգելով խոշտանգելը վերջին ամիսներին դարձել է սովորական երևույթ։
1. 2025-ի ապրիլի 30-ին բլոգեր Արթուր Չախոյանը հարձակման ենթարկվեց Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա կամակատար մի քանի չինովնիկների կողմից։ Արթուրը համարձակվել էր բացահայտել թաղապետի թողտվությամբ կատարված ապօրինությունները։ Չախոյանին ծեծելուց հետո ՔՊ -ն և նրան կից մյուս գործիքները ոչ թե դատապարտեցին այդ հանցանքը, այլ ողջունեցին' պաշտպանելով առերևույթ խուլիգան թաղապետին։ Նա հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, բայց հանցանքի համար ոչ մի պատիժ դեռևս չի եղել։
2. 2025-ի հունիսի սկզբին Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և ևս մի քանի հոգի ՔՊ կուսակցության երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը Նորագավիթում ծեծի են ենթարկել Տիգրան Մակարյանին: ՔՊ-ի ու անձանբ Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերով գործը ծածկվեց' թաղապետին աշխատանքից հեռացնելով։ Սակայն ոչ ոք չպատժվեց։
3. 2025-ի հուլիսին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում ՔՊ-ական ղեկավարն ու նրա հարազատները առերևույթ ծեծի են ենթարկել ոստիկաններին։ Մասնավորապես, ՔՊ-ական գյուղապետ Սերոժ Գևորգյանի հայրն ու հորեղբայրը հավաքույթի ժամանակ ինչ-որ թեմայի վերաբերյալ տաքացած բարձր զրուցել են, հետո վիճել: Հորեղբոր աղջիկն ահազանգել է ոստիկանության բաժին: Տուն եկած ոստիկանների նկատմամբ, ըստ հաղորդագրության, բռնի գործողություններ է կատարել ՔՊ-ական գյուղապետի հայրը։ Ըստ ոստիկանների' այդ անձը նաև հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին, ինչին ՔՊ-ական գյուղապետ Սերոժ Գևորգյանը պատասխանում է, թե ինքը պատրաստ է ոստիկանների մայրերին անձամբ այցելել ու հոր փոխարեն ներողություն խնդրել' նշելով, թե իր հայրը ոչ թե ոստիկաններին է մայր հայհոյել, այլ ասել է' իմ տուն կանչողի մերն էլ, իմ գլխի սարքողի մերն էլ։ Ստացվում է' ՔՊ-ական գյուղապետի հայրը իր եղբոր դստերն է մայր հայհոյել, քանի որ նա է զանգել ոստիկանություն։
4. 2025-ի օգոստոսի 31-ին կրկին Խոյ համայնքի այս անգամ արդեն Շահումյան գյուղում են ծեծի ենթարկել ոստիկանի, կրկին ՔՊ-ական ղեկավարի ու նրա հարազատների ձեռամբ։ Ոստիկանության պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին իր անձնական օգտագործման «Ժիգուլի» մեքենան վատ վարելու մեղադրանքով ծեծել են Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու նրա հարազատները։ Այդպես պնդում է ոստիկանը: Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը հակադարձում է, թե ինքը չի մասնակցել ծեծին, բայց իր բարեկամները ծեծել են:
5. 2025թ. օգոստոսի 27-ին Հակոբ Կարապետյան քաղաքացին Ֆեյսբուքում դժգոհել է, որ Երևանի քաղաքապետարանի հսկիչները մտնում են ավտոբուսներ և անտեղի տուգանում ուղևորներին։ Այդ գրառումից հետո Հակոբին գրել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը և «հաշիվ պահանջել» գրածի համար, ապա զանգել ու, ըստ Հակոբ Կարապետյանի, սպառնացել, թե «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։ Սեպտեմբերի 12-ին անհայտ անձը հարձակվել է Հակոբ Կարապետյանի վրա և ծեծի ենթարկել նրան։
6. 2025թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին աշխատակցին խաբեությամբ տարել են անծանոթ վայր և ծեծի ենթարկել' առողջությանը ծանր վնաս հասցնելով։ Տուժածի համոզմամբ, այդ հարձակման հրահանգը տվել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ում հետ տուժած քաղաքացին աշխատանքային խնդիրներ է ունեցել։ Ըստ տուժած քաղաքացու' նրան ծեծելու ընթացքում պարբերաբար ասել են՝ «ստացի մեր Սուրոյի համար, մեր Սուրոյին նման բաներ ես ասել, դրա համար էլ էս վիճակում ես»։
Սրանք մի քանի դեպքեր են, որոնք կատարվել են վերջին ամիսներին ՔՊ-ական պաշտոնյաների ձեռամբ։
Ամենաթողությունը և խուլիգանությունը Հայաստանի կառավարության ամենատարբեր օղակներում է։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան