«Նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է»․ Սուրեն Սուրենյանց
76
Այսօր, 00:30
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։ Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հարկադրելու հնարավոր դեպքերի առթիվ։ Սակայն իրականում տեղի ունեցող գործողությունները՝ զանգվածային բերման ենթարկումները, խուզարկությունները և հարցաքննությունները, ցույց են տալիս, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտի սահմաններից և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ ●Բերման են ենթարկվել կամ ձերբակալվել Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները, ●Խուզարկվել է թեմի առաջնորդարանը, ●Թեմի առաջնորդը գտնվում է Քննչական կոմիտեում։ Սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է՝ հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։ Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին։ Բայց արդյո՞ք տեղի ունեցողը միայն ներքաղաքական համատեքստ ունի: Ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։ Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։ Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։ Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Այս համընկնումը պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։ Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է։ Ու ցավալի է, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատար է: Այսօրվա գործընթացի մեկնարկային ազդակը դարձել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդումը։ Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների, որոնք ձևացնում են անկախություն, բայց փաստացի ծառայում են ազատությունների սահմանափակման և վերահսկողության խորացման քաղաքականությանը։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։ Երբ իշխանությունը փորձում է սահմանափակել այն խուզարկություններով ու ձերբակալություններով, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն Եկեղեցին, այլև՝ ազգային հիշողությունը, հասարակական ազատությունը և պետականության հիմքերը։ Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն: Եթե այսօր չպաշտպանենք Եկեղեցուն, վաղը չենք կարողանա պաշտպանել ոչ մի հիմնարար իրավունք»: