Երկուշաբթի, 20 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Վաղը մեր բանկրոտ երկիրը իր պարտքերով հանդերձ կարող է առնել նույնիսկ Ադրբեջանը». Արա Արայան

«Վաղը մեր բանկրոտ երկիրը իր պարտքերով հանդերձ կարող է առնել նույնիսկ Ադրբեջանը». Արա Արայան
149
Այսօր, 02:06

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստան - փակուղի։
Ադրբեջանում հեղաշրջման փորձ է կանխվել։ Ձերբակալվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար ազդեցիկ Ռամիզ Մեխտիևը, ով դեռ Հեյդար Ալիևի մտերիմներից է։
Լուրեր են պտտվում, որ Մեխտիևի հեղաշրջման ծրագրի մասին Դուշանբեյում Ալիևին հայտնել է Պուտինը։
Տարօրինակ է, կարծես Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված էին, բայց Պուտինն այսպիսի քայլ է կատարում։ Նույն կերպ ռուսները ժամանակին ձեռք մեկնեցին Էրդողանին, ում հետ շատ հակասություններ ունեին։
Ասում են ժամանակին թուրքմենբաշի Նիայզովին հեռացնելու և Բերդիմուհամեդովին իշխանության բերելու ծրագիրը նույնպես ռուսական էր, Ուզբեկստանի հզոր նախագահ Իսլամ Քարիմովը ռուսների օգնությամբ հեռացվեց, Ղազախստանում Նազարբաևը փոխարինվեց Տոկաևով, ռուսների օգնությամբ Ղրղզստանում մի քանի անգամ իշխանափոխություն եղավ։
Բայց Ադրբեջանի, Ալիևների նկատմամբ Կրեմլի հավատարմությունը անքակտելի է։ Կրեմլը նաև ընդգծված հարգանք է ցուցաբերում Միջինասիական օղլիների ու Լուկաշենկոյի նկատմամբ։
Իսկ ահա Հայաստանի նկատմամբ՝ բոլորովին այլ, անհարգալից ու թշնամական վերաբերմունքի ականատեսն ենք։ Խրախուսվում և օգտագործվում է հակաիշխանական ցանկացած ընդդիմադիր ուժ։ Այս վիճակը դեռևս ԼՏՊ-ի ժամանակներից սկսած չի փոխվել, և ՀՀ իշխանություններն են ռուսական կամակատարներ, և ընդդիմությունը, ինչո՞ւմն է խնդիրը։ Արդյո՞ք մենք ավելի թույլ ժողովուրդ ենք, քան թուրքմենները, ազերիները, ղրղզներն ու այլոք...
Ոչ, մենք թույլ չենք, ոչ էլ ինքներս մեզ «դավաճան. ենք, խնդիրն այլ տեղ է։
Հայաստանը նախկին Սովետական երկրներից թերևս միակ բանկռոտ երկիրն է, որը չունի ոչ մի պետական սեփականություն։ Այս հարցին շատ եմ անդրադարձել, մեր պետությանը չի պատկանում ընդերքը, կամ արդյունաբերական որևէ ոլորտ։ Մեր պետության բյուջեն հիմնականում գոյանում է որոշ ընդերքօգտագործողների ու նանկերի վճարած փշրանքներից, քաղաքացիներից ու բիզնեսից գանձվող հարկերից, քաղաքացիներն ու հատկապես մանր և միջին բիզնեսն էլ ամբողջովին կախված են բանկերից։ Այսինքն փակ ցիկլ է, ՀՆԱ-ն չի ավելանում, հարկերն ու բանկային տոկոսներն են ավելանում, բանկից վերցնում, տալիս են պետությանը, իսկ պարտքը մնում է։
Եվ այս պարագայում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը ԼՏՊ ից սկսած մինչ օրս, նույն «կոմպլեմենտար տվողականության» գծի մեջ է։ Մի բան մեր պետության օրգանական համակարգից զիջենք, որևէ երկրի հովանավորության արժանանանք։
Իսկ Ալիևը ակնհայտ կարող է դեմ դուրս գալ Ֆրանսիայի պես երկրին, նրա մաս հանդիսացող կղզիներում անջատողական շարժումներ ֆինանսավորել և դրանից հետո ջերմորեն ողջագուրվել Մակրոնի հետ, ով իբր Հայաստանի շահերի պաշտպանի դերում էր հանդես գալիս, հայերի հասցեին զուտ էմոցիոնալ խոսքեր շռայլելով...
Մեր պետությունն այնքան թույլ է, որ եթե վաղը Վենեսուելան որոշի Հայաստանում որևէ հակապետական շարժում նախաձեռնել, դա անարգել կյանքի կկոչվի։ Էլ չասենք ավելի լուրջ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Այժմ ԱՄՆ-ում փաստերով խոսում են այդ թիվ մեկ գերտերության քաղաքական էլիտաների վրա Մոսադի ազդեցության մասին, ի՞նչ է կատարվել և կատարվում այդ առումով Հայաստանում, սարսափելի է պատկերացնելը...
Դուշանբեյում Պուտինը Ալիևին հանձնում է ռուսամետ հեղաշրջման ծրագիր, Դուշանբեյում ԱՊՀ երկրների ղեկավար օղլիները Ալիևի հետ ծաղրում են ՀՀ ղեկավարին, ասել է՝ Հայաստանին, իսկ այս ընթացքում Երևանում ռուսամետ ուժերի միտինգներ են, պետական ողջ ապարատը լծված է Ալիևի հերթական արտասանած «միջանցք» բառը հերքելու գործին և տերտերների դեմ պայքարին։ Չէ, մենք չենք պատկերացնում խայտառակության մակարդակը։ Մի ողջ պետություն, արդեն մի քանի տարի պայքարում է ռուսական ուժերի, նաև տերտերաց դեմ ու դեռ չի հաջողում, գժվելու բան է։
Օրինակ, եթե Ալիևը խոժոռ դեմքով նայի, Ադրբեջանի կրոնական առաջնորդ Փաշազադեն լեղաճաք կլինի, կփախնի, նույնը տեղի կունենա, եթե Պուտինը դեմ լինի պատրիարք Կիրիլին, Լուկաշենկոն Բելառուսի կրոնապետին և այլն...
21-րդ դարում, Պապ թագավորի ժամանակներում ապրելը ամոթաց ամոթ է, իսկ մեզ համար նորմալ...
Պետությունը մի օրգանիզմ է, որը չի կարող ապագա ունենալ, առանց մկանների, ոսկորների և այլ կենսունակ համակարգերի։ Փոքր պետությունների պարագայում, դա պարզապես բացառված է։ Ինչի ականատեսն ենք Հայաստանում։ Մեզ չեն հարգում և մեզ հետ հաշվի չեն նստում, որովհետև բանկրոտ ենք, այժմ արդեն, երկրի ընդերքից զատ, չենք տիրապետում նաև մեր ենթակառուցվաքներին։ Թրամփի ուղին ձևակերպեցինք, ուրախացանք և չհասկացանք, որ այդ քայլով փակվեց հայ-ադրբեջանակն ու հայ-թուրքական սահմանների բացման հարցը, ՓԱԿՎԵՑ։ Հանճարեղ ԼՏՊ-ն կարող է իր հավատարիմ Ռուբինյան հոր և որդուց հետո ԱԺ ամբիոնին նստեցնել նրանց թոռներին ու նրանք կարող են ևս մի քանի տասնամյակ հայ-թուրքական սահմանի վրա հանդիպել թուրքական կողմին, բայց դա ոչինչ չի փոխելու։ Մեզ ցույց են տվել և ֆիքսել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդակցվելու ՄԻԱԿ կետը, միակ ծակը, Մեղրիով...
Եվ այս հարցում մենք ականատես ենք լինում բոլոր մեծ խաղացողների համաձայնությանը, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Իրան, բոլորի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նույնն է, սա է մեր կշիռը։ Տաջիկստանի ցմահ նախագահը Թրամփին բարևելիս չի խեղճանում, նրա ձեռքը իր կողմն է քաշում, իսկ Թրամփը Նիկոլին...
Էլ հանձնելու բան չկա, հետագայում, ՀՀ իշխանությունները կարող են ընդերքը, կամ Թրամփի ուղին վերցնել ու տալ այլ երկրի, ամերիկացիներին, ռուսներին, պարսիկներին, թուրքերին...
Նույն կերպ վարվելու են հայկական անտեր կապիտալի հետ, Ռուբեն Վարդանյանից հետո հերթը Սամվել Կարապետյանինն է, սա արդեն կանխորոշված է։ Երբեմնի գլոբալիզացված հայությունը անտեր ու անպաշտպան վիճակում է։
Շուտով մեր երկիրը կմտնի տնտեսական խոր ճգնաժամի փուլ։ Մեր տնտեսական ակտիվություն կոչվածի դեմքը խայտառակ ու հանցավոր շինարարությունն է, փողոցում ավելացող նոր մեքենաները, պետական պարտքի միջոցներով սուբվենցիոն ծրագրերը, ջերմոցներն ու գնաճը...
Այս ամենի փլուզումը սկսվելու է հիփոթեքային ճգնաժամից։ Ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը մոտ է, ռուսական սպեկուլյատիվ կապիտալը արագ կհեռանա, իսկ մեր խնդիրները կելնեն ջրի երես։ Պետությունը եկամուտների այլ աղբյուրներ չունի, օրեցօր բարձրացնում, իսկ 2026-ի ընտրություններից հետո ավելի ուժգին է բարձրացնելու հարկային բեռը, բայց հարկատուների եկամուտները չեն աճում, բանկային պարտքերը չեն նվազում, նաև աճում է պետության պարտքը...
Սա փակուղի է և այս փակուղուց դուրս գալու պատկերացում չունեն, թե իշխանությունը, թե կրկես հիշեցնող ընդդիմադիր ուժերը...
Ահա այն նյութը, որի շուրջ պետք է ծավալվի հանրային բանավեճը, սա լինել-չլինելու հարց է։ Վաղը, մյուս օր, մեր բանկրոտ երկիրը իր պարտքերով հանդերձ կարող է առնել նույնիսկ Ադրբեջանը, գերտերություններին հերթ չի հասնի...
Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են շաբաթական 10 երկիր այցելել, այնտեղ հեծանիվ քշել, դրանից ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվելու...
Դե այս գրառման մեջ բարձրացված հարցերը յուրաքանչյուրդ դրեք ձեր նախնտրած քաղաքական դեմքի և ուժի առաջ, տեսեք՝ պատկերացում ունե՞ն...
Թե չէ, 21-րդ դարում, արհեստական բանականության ու էլեկտրիկ մեքենաների օրոք, տերտերի դեմ եք պայքարում, գալիս խելք ու խրատ եք կարդում...»։

Աղբյուրը`   Արա Արայան