«Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ խոսույթը չի համապատասխանում պետբյուջեի թվերին»․ Ծաղիկ Վարդանյան
116
Այսօր, 02:06
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջության պարտադիր ապահովագրությո՞ւն, թե՞ պատրանք․ Բոլոր իշխանական շչակներով հայտարարվում է 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱ, մեկնարկի մասին: Սրան զուգահեռ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որտեղ արդեն իսկ թվային տեսքով ամարագրված է ԱՀԱ-ի ներդրումը, չնայած դեռ բժշկական ապահովագրության մասին օրենք էլ չունենք: Իրականում ԱՀԱ-ից ինչ սպասել և ինչն է փոխվելու ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում, կեցության կենսամակարդակում, առողջության կառուցվածքում: Արդյո՞ք ՀՀ քաղաքացին կունենա ավելի լավ առողջություն: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները միանշանակ չեն, դրանք բազմաշերտ և բազմավեկտոր են: Ներկայացնեմ ըստ էության. Այսպիսով՝ առողջության պարտադիր ապահովագրության օրենքի հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀՀ-ում ներկայում առողջապահական համակարգում ակնառու է առողջապահության համակարգի կառավարման, առողջության առաջնային պահպանման օղակի, դեղորայքային քաղաքականության, տեղեկատվական համակարգերի, կադրերով ապահովման գործառույթների արդյունավետության նվազեցում», չնայած ամեն օր առողջապահության ոլորտի կառավարիչները հայտարարում են նոր բարձրունքների գրավման, նոր արդյունավետ ծրագրերի և աննախադեպ հաջողությունների մասին: Ստացվում է, երբ պետք է արդյունավետ են, երբեմն էլ՝ անարդյունավետ: Վերջին հաշվով ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ առղջապահական ոլորտը արդյունավետ չի կառավարվում: ՀՀ պետական բյուջեի Առողջապահություն բաժին. Այն, որ ՀՀ պետական բյուջեում առողջապահական ծառայությունների համար հատկացումները շեշտակի քիչ են մեզ նման եկամուտներ ունեցող պետությունների համեմատ, դա անհերքելի փաստ է: Հատկանշական է, որ առողջապահության ոլորտի կառավարիչների խոսույթը ապահովագրական ծառայությունների մասով չի համապատասխանում ՀՀ պետական բյուջեի թվերին, գումարների չափերին: Այսպես, 2026թ. Պետական բյուջեն առողջապահական մասով այդքան էլ սփոփիչ չէ, չնայած հատկացվելիք ֆինանսական միջոցների որոշակի ավելացում ամրագրված է: Ներկայացնեմ մի քանի անկյունաքարային թվեր․ 2025թ-ի համեմատ 2026թ-ի Պետական բյուջեի առողջապահական բաժնին մասհանած գումարը ավելացել է շուրջ 43 մլրդ. դրամով, կամ 26%-ով, (2025թ.-ի 166,5 մլրդ. դրամից 210,9 մլրդ.դրամ ) կազմելով բյուջետային ծախսերի 5,9%-ը, 2025թ.-ի 4,9%-ի փոխարեն, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ առողջապահական հատկացումները կազմում են 1,8%, 2025թ.-ի 1,5%-ի փոխարեն: Հիշեցում, համաչափ պետական սոցիալական առողջապահական հատկացման նվազագույն սահմանաչափը ՀՆԱ-ի 4%-ն է: 2026 թվականի Պետական բյուջեի առողջապահական բաժինը տրոհված է 2 մասի. «1202 - 11006 Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ» միջոցառում, որի համար նախատեսված է առողջապահական բաժինը գումարի շուրջ 62%՝ 129,9 մլրդ. դրամ, մնացած 80,9 մլրդ. դրամը նախատեսված է պետական պատվերի և հանրային առողջապահական ծրագրերի համար: 2026թ.-ին նախատեսված է ապահովագրել շուրջ 1,7 մլն ՀՀ քաղաքացու, այդ թվում մոտ 537 000 65+ տարիքայի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների: Ակնհայտ է, որ պետական բյուջեից հատկացումները բավարար չեն լինելու, անգամ եթե մատուցվող ծառայությունների փաթեթը պետական պատվերի ծավալի չափով լինի: Այստեղ օգնության է հասնում մոտ 330 հազար վարձու աշխատողներից գանձվելիք ապահովագրավճարը: Այն քաղաքացիները, ում համախառն աշխատավարձը 200,000 դրամից բարձր է, նույնպես 2026թ.-ին նրանք ապահովագրվելու են և վճարելու են պարտադիր ապահովագրավճար՝ ամսական 10,800 դրամ չափով: Հետևաբար, տարեկան կտրվածքով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից 2026 թվականին «հավաքել» շուրջ 43 մլրդ դրամ ապահովագրավճար: ՀՀ կառավարությունը ապահովագրավճարը ինչ գույներով էլ ներկի և ինչ անունով էլ անվանի, միևնույն է պետք է փաստենք, որ 2026 թվականից շուրջ 330 հազար մեր քաղաքացիների համար ևս մեկ լրացուցիչ «հարկ» է ավելանում: Արդյո՞ք հարկ վճարող քաղաքացու համար ավելի որակյալ բուժծառայություններ են մատուցվելու, այ սա է հարցերի հարցը: Մյուս կողմից, շատ ապասոցիալական մոտեցում է նախատեսվում ապահովագրավճարի չափի մասով: Անկախ ստացած աշխատավարձից, քաղաքացին վճարելու է հաստատագրված թիվ: Այսպես, 250,000 դրամ հաշվարկային աշխատավարձ (հարկերը, սոց վճարը ներառյալ) ստացող քաղաքացու ապահովագրավճարը կազմելու է իր աշխատավարձի 4,3%,-ը, 1 մլն. դրամ աշխատավարձ ստացողի համր՝ 1%, իսկ 5 մլն ստացողի համար՝ 0,2%: Այսպիսի ապասոցիալական, անարդար մոտեցում իրեն սոցիալական հռչակած պետության պարագայում պարզապես աբսուրդի ժանրից է: Դե իհարկե, սոցիալական մեղմաղուցիչ մեխանիզմներ էլ են նկարագրում, օրինակ «Զինծառայողների հիմնադրին կատարվող վճարները մինչև 1.0 մլն դրամ ամսական աշխատավարձ ստացողների համար կնվազի և կսահմանվի ամսական 1000 դրամ» նախկին մոտ 5,500 դրամի փոխարեն: Սակայն անգամ նման գործիքներ կիրառելը չի վերացնում սոցիալական անարդարությունը: Հիշեցում. ՀՀ-ում քաղաքացիները իրենց գրպանից վճարում են առողջապահական ծախսերի շուրջ 84%-ը: ՀՀ կառավարիչները մեզ հավատացնում են, որ ապահովագրության ներդրումով այն կնվազի մինչև 25%, ասել կուզեն, որ քաղաքացիների գրպանից կատարվող ծախսերը պակասելու է 550 մլրդ. դրամով: Սակայն առողջապահական ապահովագրության մասով պետական բյուջեից սուբսիդավորումը անգամ 2029 թվականի համար զգուշությամբ ամրագրված է ընդամենը 300 մլրդ. դրամ: Տպավորություն է, որ իրենց ներկայացրած թվերը չեն համադրել իրենց իսկ խոսքի հետ: ՀՀ առողջապահության նախարարություն, առողջության պարտադիր բժշկական ապահովագրությունը ՀՀ քաղաքացու համար ավելի մատչելի և հասանելի՞ է դարձնելու բժշկական ծառայությունները, այլևս չարորակ նորագոյացությունով տառապող հիվանդների ընտանիքները աղետալի, աղքատացնող ծախսերի հետ չե՞ն առերեսվելու, ավելի լավ պոլիկլինիկական ծառայություն է լինելո՞ւ, և ամենակարևորը, ավելի քիչ են բնակիչները հիվանդանալու և քի՞չ են լինելու մահերը։ Նիկոլ Փաշինյան, տպավորություն է, որ կրկնելու ենք մեր հարևան Վրաստանի սխալները: Ներկայացվում է, որ առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ է ձևավորվում, սակայն ծառայությունների ծավալը չի ամրապնդվում դրանց խորությամբ: Հետևաբար ՀՀ քաղաքացիները շարունակելու են գրպանից մեծ ծախսեր կատարել առողջապահական ծառայություններ համար և մեր կյանքում առանձնապես փոփոխություն չի լինելու: Հ.Գ. Աշխատող և միջին կենսամակարդակ ունեցողներին «նվեր» կմնա «նոր հարկը» հին պրոբլեմների հետ միասին»: