«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք՝ 1,4 մլն բնակչությամբ Պրահայում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պաշտպանելու հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին իրենց՝ ուղղակի վճարելու պարտավորությունը։
Նոյեմբերի 15-ին Պրահայում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեցին հանրահավաքի՝ ի պաշտպանություն Չեխիայի հանրային հեռուստատեսության և ռադիոյի անկախության։ Սա վերջին մեկ ամսում նույն խնդրով երկրորդ բազմամարդ հավաքն էր, որն իր մասշտաբներով անգամներով գերազանցում էր նախորդը։ Այս անգամ հանրահավաքին, տարբեր հաշվարկներով, մասնակցել է 400–600 հազար մարդ։
Ի՞նչ է կատարվում։
Չեխիայում տնային տնտեսությունների համար հեռուստատեսության և ռադիոյի պարտադիր վճարը կամ լիցենզիոն տուրքն ամսական 205 կրոն է՝ մոտ 9 եվրո։ Այդ գումարն անմիջապես ուղղվում է հանրային հեռարձակողների ֆինանսավորմանը՝ շրջանցելով պետական բյուջեն։
Սակայն վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունն առաջարկում է վերացնել այդ վճարները և հանրային հեռարձակողներին ֆինանսավորել պետբյուջեից։ Առաջարկվող փոփոխություններով նրանց ֆինանսավորումը նաև մոտ 15 տոկոսով կկրճատվի։
Մեկ այլ երկրում, գուցե նաև Հայաստանում, սա ողջունվեր։ Չէ՞ որ առաջին հայացքից ֆինանսական բեռի թեթևացումը գրավիչ առաջարկ է։ Սակայն Չեխիայում ցուցարարները մտավախություն ունեն, որ այդպիսով հանրային հեռարձակողները ֆինանսապես ավելի կախված կդառնան իշխանություններից։ Վերջիվերջո կծառայեն ոչ թե հանրային, այլ օրվա իշխանության շահին։ Ի թիվս այլ գործոնների, հայտնի՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքը ոչ ոք չի չեղարկել։
Կառավարությունն էլ պնդում է, թե ցանկանում է թեթևացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ առանց միջամտելու լրատվամիջոցների անկախությանը։
Մեծ հաշվով սա ոչ թե ֆիսկալ բեռի, այլ կառավարությունից անկախ աղբյուրներից տեղեկացված լինելու իրավունքի համար պայքար է։ Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը։
Իհարկե, քաղաքացիների ուղղակի վճարն ինքնին անկախության երաշխիք չէ։ Նշանակություն ունեն նաև ղեկավարների նշանակման կարգը, խմբագրական ինքնուրույնությունը, ֆինանսավորման կանխատեսելիությունն ու հանրության առջև հաշվետվողականությունը։ Նույն կերպ պետական բյուջեից ֆինանսավորումն ինքնաբերաբար չի նշանակում իշխանական վերահսկողություն։ Հարցն այն է, թե համակարգն ինչքանով է պաշտպանում լրագրողին քաղաքական միջամտությունից։
Պրահայում բողոքի իմաստն այս տեսանկյունից շատ հասկանալի է․ մարդիկ պաշտպանում են մի համակարգ, որը համարում են իրենց տեղեկացված լինելու իրավունքի երաշխիքներից մեկը։ Հանրային լրատվամիջոցը պետք է քաղաքացուն օգնի վերահսկել իշխանությանը։ Եվ դրա համար այն պետք է կարողանա իշխանությանը տալ նաև այն հարցերը, որոնք վերջինս չի ցանկանում լսել։
Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։
Հայաստանում Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն ֆինանսավորվում են պետական բյուջեից։
2027 թվականից կառավարությունը նախատեսում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը։
Բայց պատկերացրեք՝ Հայաստանում էլ առաջարկվի առանձին պարտադիր վճար՝ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն ֆինանսավորելու համար՝ շրջանցելով պետական բյուջեն։ Այդպիսով ֆինանսավորումն անմիջականորեն կկապվի քաղաքացիների հետ՝ նվազեցնելով պետական բյուջեից կախվածությունը։
Ենթադրում եմ՝ այս հիպոթեթիկ նախաձեռնության անգամ կտրուկ մերժումն իր ենթատեքստում կունենար հարց վստահության մասին․ ինչո՞ւ վճարել, եթե վստահ չես, որ քո ֆինանսավորած լրատվամիջոցը ծառայելու է նաև քեզ՝ անկախ քաղաքական հայացքներիցդ։ Այդ պատճառով նման փոփոխությունը միայն նոր վճար սահմանելով չի կարող սկսվել։ Այն պետք է ուղեկցվի անկախության տեսանելի երաշխիքներով, ծախսերի թափանցիկությամբ և հանրության առջև իրական հաշվետվողականությամբ։
Պրահայում հանրահավաքը մեզ հենց այս հարցն է ուղղում․ որքանո՞վ ենք կարևորում անկախ տեղեկություն ստանալը, և պատրա՞ստ ենք մասնակցել դրա ֆինանսավորմանը։
Դուք կաջակցեի՞ք Հայաստանում նման համակարգի ներդրմանը։ Եվ ի՞նչ երաշխիքներ կպահանջեիք ձեր վճարի դիմաց»։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
501:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
6300:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
150Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
68Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
107Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
126Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
119Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
73Երեկ, 22:42