«Մենք չենք տերը մեր երկրի․ ոչ մի ոլորտ Հայաստանից չի ղեկավարվում»․ Կարեն Հեքիմյան
204
Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 00:30
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք չենք տերը մեր երկրի: Հայաստանում և ոչ մի ոլորտ Հայաստանից չի ղեկավարվում և դա արդեն փաստ է: Քաղաքականություն, տնտեսություն, լոգիստիկա, կրթություն, առողջապահություն, էկոլոգիա, գիտություն և այսպես շարունակ: Ոչ մի ոլորտ տեղական կուրացիայի ներքո չէ: Եթե Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը Հայաստանում որոշվեր, ապա ընդդիմությունը, հերթական ընտրություն-շոուին պատրաստվելու փոխարեն, շատ վաղուց սահմանադրական ճգնաժամ կստեղծեր, պետության նախկին ղեկավարները ճակատագրական բացահայտումներ կհրապարակեին: Եթե Հայաստանում ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու անգամ նշույլներ լինեին, ապա Հայաստանը վաղուց ապաշրջափակված կլիներ և կախված չէր լինի Ալիևի կամ Էրդողանի քմահաճույքից: Հայաստանի կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, շրջակա միջավայրն այլևս ուղիղ փոխկապակցված են օտարերկրյա ներդրումների և դրամաշնորհների հետ: Հայ ազգը (եթե կարելի է այդպես անվանել) աստիճանաբար վերածվեց ժողովրդի, այնուհետև՝ բնակչության: Դե, իսկ բնակչությունը ոչ միշտ է երկրի տերը: Այս իմաստով, հաշվի առնելով բնակչության իրավունքների զանգվածային խախտումները և վերջինիս հանդեպ օրեցօր սաստկացող ֆինանսական տեռորը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը Հայաստանում վարձով է ապրում: Սինգապուր, Հարավային Կորեա, Իռլանդիա, Վիետնամ, Ռուանդա: 1960-80-ականներին այդ պետությունները շատ աղքատ էին, պատերազմներից ավերված, զանգվածային արտագաղթով: Սակայն վերջիններիս հաջողվեց բարեփոխումներ իրականացնել: Բոլորի դեպքում կարևոր դեր խաղաց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը: Մնացածն՝ ածանցյալ էր: Ցավոք, Հայաստանը բացառում է Սինգապուրի, Ռուանդայի, առավելևս՝ Իռլանդիայի, ուղին: Նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները «հմայվել են» Վենեսուելայով, Բելառուսով, Հյուսիսային Կորեայով և, միգուցե՝ Տաջիկստանով: Կարելի՞ է փոխել իրավիճակը: Իհարկե՝ միայն արմատային իշխանափոխությամբ: Իսկ, ե՞րբ: Միայն այն ժամանակ, երբ Հայաստանում վարձով ապրող բնակչությունը (գոնե՝ զգալի մասը) վերածվի ժողովրդի, այնուհետև՝ ազգի: Որտեղի՞ց սկսել: Իհարկե՝ մանկապարտեզից»: