«Վաղարշապատի ընտրությունը Փաշինյանի «լեգալ հաղթանակի» և «լեգիտիմության փլուզման» ցուցիչ է». Վլադիմիր Մարտիրոսյան
132
Երեկ, 23:12
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղարշապատի ընտրությունը՝ Փաշինյանի «լեգալ հաղթանակի» և «լեգիտիմության փլուզման» բացահայտ ցուցիչ է: Պետք չէ խայծեր կուլ տալ և պայքարել կուլ տված խայծերի դեմ: Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը իբրև թե «ժողովուրդը կարևոր լիցք տվեց Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին» ոչ թե քաղաքական գնահատական է, այլ լեգիտիմության մանիպուլյատիվ ինքնավերագրում, որի նպատակը մեկ բան է՝ ավտորիտար վարչակարգի կողմից ամիսներ տևող հակաեկեղեցական արշավը ներկայացնել, որպես հանրային կամքի արտահայտություն։ Սակայն այդ ներկայացումն ունի մեկ հիմնարար խնդիր՝ թվերը չեն ստում, իսկ թվերի հետ ընտրական մանիպուլյացիան չի աշխատում։ Վաղարշապատի ընտրությունները ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ լեգալ հաղթանակը բացարձակ չի նշանակում լեգիտիմություն։ Այս տարբերությունն է հենց այն առանցքային քաղաքական հանգույցը, որը Փաշինյանը փորձեց քողարկել, սակայն թվաբանական պատկերը թույլ չի տալիս դա անել։ Լեգալ հաղթանակը ունի հստակ չափումներ՝ ընտրվել է օրենքի ուժով, կիրառվել են ընտրական օրենսգրքի մեխանիզմները: Այսինքն՝ իրավական առումով ՔՊ թեկնածուն հաղթել է։ Բայց քաղաքականությունը չէ իրավունքը։ Քաղաքականության մեջ գործում է երկրորդ՝ ավելի վտանգավոր չափումը՝ ԼԵԳԻՏԻՄՈւԹՅՈւՆԸ։ Այստեղ բացահայտվում է այն ճեղքվածքը, որ Փաշինյանը հրապարակային խոսքում փորձեց պատել «քաղաքական հաղթանակի» փաթեթավորմամբ։ 70.000 ընտրողից միայն 15.000-ն է աջակցել իշխանությանը։ Մասնակցությունը՝ 45%։ Բոյկոտն ու լռությամբ մերժումը՝ 55%։ Սա այլևս իրավական տվյալ չէ, այլ հասարակագիտական և քաղաքական փաստ: Ընտրությունն իրավականորեն կայացել է, բայց հանրային կոնսենսուս չի ձևավորվել, լեգիտիմության բազան շատ փոքր է, անչափ փոքր: Լեգիտիմություն չի կարող լինել այնտեղ, որտեղ չկա կոնսենսուս և տեղում ապրող քաղաքացիների 4/5-ը չի վստահում, շեշտում եմ չի վստահում և չի լեգիտիմացնում: Փաշինյանի գերկարևոր սխալը հենց իրավական հաղթանակը ներկայացնելն է, որպես ժողովրդական համաձայնություն իր հակաեկեղեցական ռազմավարությանը։ Սա անբարո մանիպուլյացիա է, քանի որ ընտրողները քվեարկել են կոնկրետ համայնքային թեկնածուի համար, ոչ այնքան Փաշինյանի, ուստի «վեհարանը ազատելու» օրակարգը և ամբողջ գործընթացը հայտարարել, որպես այդ օրակարգի «հանրային վավերացում»՝ բացարձակ կեղծ և սուտ է։ Երբ նա փորձում է այդ ընտրությունը ներկայացնել որպես «լիցք՝ Մայր Աթոռը ազատելու» իր քաղաքականությանը, իրականում նա վարչական հաջողությունը փորձում է վերագրել որպես ժողովրդական վստահություն, մինչդեռ Վաղարշապատն առերես ցույց տվեց հենց հակառակը։ Պետք չէ խայծեր կուլ տալ և պայքարել կուլ տված խայծերի դեմ: Այո, ընտրական համակարգի (Դ’Հոնտի բանաձև, ընտրական մաթեմատիկա, վարչական ներուժ, վախ, փոխկապակցվածություն, ընտրակեղծիք) պայմաններում ՔՊ-ն ստացավ իր համար ցանկալի արդյունքը։ Սակայն այստեղ է, որ լեգալությունն ու լեգիտիմությունը պետք է ստորակետով տարանջատել, այլ ոչ թե նույնացնել։ Լեգալ հաղթանակի հարցի հիմքում 15.000 քվե է։ Սա փաստ է: Լեգիտիմության հարցի հիմքում՝ 70.000 քվեարկելու իրավունք ունեցողներից այդ 15.000-ը միայն 21%-ն է։ Այսինքն՝ ըստ Փաշինյանի տրամաբանության՝ վեհարանի դեմ 7-ամսյա արշավին աջակցել է ոչ թե Վաղարշապատը, այլ նրա ընդամենը հինգերորդ մասը։ Եվ սա ոչ թե աջակցություն է, այլ իրականում քաղաքական և արժեքային մերժում գումարած մաթեմատիկա։ Վաղարշապատն արձագանքել է ոչ թե ընտրելով, այլ չմասնակցելով։ 55% բոյկոտը նշանակում է՝ 1. Փաշինյանի կողմից ուղիղ 7 ամիս քարոզված հակաեկեղեցական շինծու օրակարգի տապալում: 2. Դա չի դառնում հանրային պահանջ, 3. Դա չի դառնում Փաշինյան-Ժողովուրդ քաղաքացիական կոնսենսուս, 4. Դա չի վերածվում նույնիսկ միջին ինտենսիվության քաղաքական շարժման։ Վաղարշապատի մեծամասնությունը ձեռք քաշեց խաղից՝ այդպիսով բացահայտելով իշխանության լեգիտիմության ճեղքվածքը։ Այստեղ կա մի առավել կարևոր նրբություն, որը Փաշինյանը շահագրգռված է թաքցնել: ՔՊ թեկնածուն փաստացի իր հաղթանակը ապահովեց Փաշինյանի հակաեկեղեցական գծից հեռու մնալով։ Այսինքն՝ հաղթողը Փաշինյանի օրակարգը չգովազդեց, չներկայացրեց «վեհարանը ազատելու» քարոզ, ծրագիր, չդարձավ հակաեկեղեցական հռետորաբանության կրող և չէր ասոցացվում Փաշինյանի խրամատային պայքարի հետ։ Սա նշանակում է մեկ բան․ ՔՊ-ն հաղթեց ոչ թե Փաշինյանի օրակարգով, այլ դրանից հեռու մնալով։ Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր այդ հաղթանակը վերագրել հակաեկեղեցական քաղաքականությանը։ Դրա միակ պատասխանն է՝ քաղաքական մանիպուլյացիա։ Փաշինյանի փորձը՝ ՔՊ թեկնածուի իրավական հաղթանակից քաղել քաղաքական լեգիտիմություն իր համար՝ հատկապես Մայր Աթոռի դեմ պայքարի մասին հայտարարությամբ, քաղաքական տեսանկյունից անընդունելի է։ Այս քայլը իր էությամբ հանդիսանում է՝ հանուն սեփական լեգիտիմության՝ համայնքային ընտրության բռնազավթում և իշխանության վարչական արդյունքը ներկայացնել որպես հանրային վստահություն: Եթե վերացնենք վարչական վերահսկողությունը, շահային կախվածությունները, տեղական ճնշումները, ապա պատկերը դառնում է պարզ: Վաղարշապատի 70.000-ից միայն 15.000-ը մեղմ ասած «աջակցեց» իշխանությանը։ Այսինքն՝ 55.000-ը դեմ գնաց, չմասնակցեց կամ լռությամբ մերժեց։ Սա է իրական քաղաքական պատկերը, ինչն արդեն ամիսներ է թաքցվում պետական քարոզչության ներքո և սա է լեգիտիմության ցուցիչը Հետևաբար Փաշինյանի հայտարարությունն իրականում ոչ թե հաղթանակի ազդարարում է, այլ վախի արձագանք: Վախ՝ լեգիտիմության շարունակական կորստից: Վախ՝ հոգևոր իշխանության դեմ պայքարի ձախողումից: Վախ՝ սեփական օրակարգի մերժումից։ Եթե նա խորը ընկալի հանրային քաղաքական պատասխանը ապա կհասկանա, որ հողի վրա Վաղարշապատը տվեց ոչ թե լիցք, այլ ապտակ՝ նրա հակաեկեղեցական քաղաքականությանը։ P.S. Նա ունեցավ լեգալ հաղթանակ, բայց լեգիտիմության առումով պարտվեց։ Հենց այդ պատճառով նա փորձում է այդ ընտրությունը ներկայացնել որպես «Մայր Աթոռը ազատելու» հանրային համաձայնություն։ Իսկ իրականում այն դարձավ դեմի, հանրային լռության և բոյկոտի քվե, որը շատ ավելի ծանր է, քան ցանկացած պարտություն»: