Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ժառանգություն էր ստացել, եթե «գիտակցել» է, որ Ղարաբաղը թոկ էր մեր վզին»․ Հարութ Ուլոյան

«Ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ժառանգություն էր ստացել, եթե «գիտակցել» է, որ Ղարաբաղը թոկ էր մեր վզին»․ Հարութ Ուլոյան
95
Այսօր, 12:18

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակված 2019 թվականի պլանի կամ հռչակագրի տարիներ շարունակ մանիպուլացվող ու կեղծվող բովանդակությունը հետևյալի մասին էր․
- Տվյալ հռչակագիրը, ըստ էության, փուլային լուծում ենթադրող առաջարկ է եղել։ Որքան էլ դրա նախաբանում գրված լինի, թե տվյալ հռչակագիրը հիմնված է փաթեթային համաձայնության վրա, կամ որ դրա բովանդակությունը մեկ ամբողջություն է կազմում և դրա իրականացումը չի կարող առանձին-առանձին իրականացվել, այնուամենայիվ տվյալ հռչակագիրը չէր սահմանում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որի լուծումը ենթադրում էր հանրաքվե, որը պետք է տեղի ունենար անորոշ ապագայում՝ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
«Փաթեթային համաձայնություն» ասվածն, ըստ էության, վերաբերում է մնացած բոլոր դրույթների իրականացմանը, բացի հանրաքվեից։ Դրա էությունն այն էր, որ այնպես չստացվեր, որ, օրինակ, 5 շրջանները վերադարձվեին, բայց խաղաղապահների հարցը չլուծվեր կամ հետաձգվեր։
- Տվյալ պլանը ոչ թե միայն ռուսական կողմի առաջարկ է եղել, այլ Մինսկի խմբի։ Միայն սա բավարար է, որպեսզի հայտնի խամաճիկները քաղաքականապես ինքնաոչնչանային։ Բայց նրանք ոչ միայն չեն ինքնաոչնչանում, ոչ միայն չեն անդրադառնում տվյալ իրողությանը, ոչ միայն ներողություն չեն խնդրում, դեռ մի բան էլ շարունակում են հոխորտալ, թե ինչ ծանր ժառանգություն էր հասել խեղճ Նիկոլին։
- Նույն շրջանակները պնդում էին, թե խաղաղապահ ուժերի տեղակայումը, ևս, ռուսական կողմի պարտադրանքն է, քանի որ այն նախատեսում էր բացառապես ռուս խաղաղապահների տեղայակում։ Ըստ հրապարակված հռչակագրի, խաղաղապահները ոչ միայն միջազգային ուժերից պետք է բաղկացած լինեին, ոչ միայն դրանց կազմն ընտրվելու էր կողմերի համաձայնությամբ, այլև այդ ուժերի տեղակայվելուց հետո էր միայն ենթադրվում 5 շրջանների վերադարձը, այն էլ ՄԱԿ-ի մանդատով տրվող միջազգային երաշխիքների ներքո։
- Լաչինն ու Քելբաջարը չէին վերադարձվելու Ադրբեջանին և գտնվելու էին ԵԱՀԿ մշտադիտարկման տակ այնքան ժամանակ, քանի դեռ չէր լուծվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։
- Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվելու էր ոչ միայն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ ուժ չկիրառելու պարտավորությամբ, այլև Հայաստան-ԼՂ «առանձնահատուկ հարաբերությունների հիմքով», միջազգային խաղաղապահ առաքելության գործունեությամբ, Մինսկի խմբի համանախագահ երկրների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։

Ահա սա է մերժել Նիկոլը։ Բայց հոգ չէ, քանի որ այլևս ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ժառանգություն/առաջարկ էր ստացել նա, եթե, իր իսկ պնդմամբ, 2018 թվականին գալով իշխանության, նա «գիտակցել» է, որ Ղարաբաղը թոկ էր մեր վզին ու քանի դեռ դրանից չենք ազատվել, ոչ անկախ ենք լինելու, ոչ ինքնիշխան, ոչ երջանիկ, ոչ Ադրբեջանի տարածքով ցորեն էինք ներկրելու, ոչ Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տալու երդում էինք ուտելու, ոչ էլ կուշտ փորով հաց էինք ուտելու»։

Արցախ
Արցախ
Աղբյուրը`   Հարութ Ուլոյան