Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ նպատակներից»․ Հայկ Խանումյան

«Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ նպատակներից»․ Հայկ Խանումյան
98
Այսօր, 16:36

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դիտարկում է ոչ թե որպես ինքնուրույն խաղաղության օրակարգ, այլ որպես գործիք՝ ԱՄՆ-ից առավելագույն քաղաքական, տնտեսական և ռազմական օգուտներ քաղելու համար։ Այս համատեքստում Հայաստանը Բաքվի համար ավելի շուտ դեկորացիա է՝ աշխարհի ամենաուժեղ պետության հետ լայն համագործակցության հասնելու ճանապարհին։
Դավոսում Ալիև–Թրամփ հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանի հիմնական հետաքրքրությունը ամերիկյան սպառազինության և անվտանգության ոլորտում հնարավորինս լայն հասանելիությունն է։ Եթե նախկինում ԱՄՆ աջակցությունը հիմնականում վերաբերում էր Կասպից ծովում Ադրբեջանի նավատորմի արդիականացմանը, ապա առաջիկայում ռազմական համագործակցության ոլորտների էական ընդլայնումը միանգամայն հավանական է։
Միաժամանակ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ նպատակներից։ Պարզապես սահմանին պարբերական կրակոցների մարտավարությունը աստիճանաբար փոխարինվում է ավելի երկարաժամկետ, համակարգային և բազմաշերտ ճնշման ռազմավարություններով։
Զուգահեռաբար Բաքուն ակտիվորեն աշխատում է տարբեր լոբբիստական խմբերի հետ՝ իր իմիջի բարձրացման և Արցախի հարցը միջազգային օրակարգից հնարավորինս բացառելու նպատակով։ Ի դեպ, այդ խմբերը բավականին արդյունավետ են գործում և, ինչպես երևում է, տալիս են նաև որակյալ խորհրդատվություն։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ու բենզին բերելու գաղափարը հենց այդ «խորհրդատվության» արդյունքն է (ժարգոնային լեզվով ասած՝ կուտ տալը)։
Ցավոք, Հայաստանի իշխանությունները ռազմավարական մտածելակերպ չունեն։ Հակառակ դեպքում, պատերազմում պարտությունից և Արցախը կորցնելուց հետո նույնիսկ, կփորձեին օգտագործել Արցախի հարցը՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու, ինչպես նաև ամերիկյան տարբեր շրջանակների և լոբբիստական խմբերի հետ ավելի մեծ և երկարաժամկետ ռազմավարություններ կառուցելու համար։
Թուրքական կայսրության ձևավորումը, հնարավոր է, որոշ առումներով համընկնում է ԱՄՆ շահերի հետ, սակայն այդ «կայսրության» նկատմամբ վերահսկողություն ունենալը և լծակներ ստեղծելը առավել ևս բխում է ԱՄՆ շահերից։ Սա շատ լավ հասկանում են Արցախի հարցը բարձրացնող ամերիկյան շրջանակները։ Սա լավ հասկանում են նաև թուրքական դերակատարները՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։ Միակ կողմը, որը կարծես չի հասկանում այս տրամաբանությունը, Հայաստանն է։
Հայաստանի իշխանությունների համար, ըստ ամենայնի, բավական է, որ սահմանին չկրակեն, և ժամանակ առ ժամանակ էլ որևէ նկար հայտնվի Փաշինյանի և Թրամփի մասնակցությամբ՝ սոցցանցերում «հայփը» պահելու համար։
Կարճ ասած՝ Ադրբեջանը միաժամանակ մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ՝ փոխելով սլաքներն ու անցնելով ավելի երկարատև և խորքային ռազմավարության, զարգացնում է ռազմական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում, ակտիվորեն աշխատում է լոբբիստական խմբերի հետ և փորձում է չեզոքացնել կամ ոչնչացնել պրոհայկական, հատկապես Արցախի հարցով զբաղվող ամերիկյան քաղաքական նախաձեռնությունները։
Ուրախալի է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում, այնուամենայնիվ, խոսվում է միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև կիսահաղորդիչների արտադրության ուղղությամբ հնարավոր ծրագրերի մասին։ Թույլ ինստիտուցիոնալ կարողությունների պայմաններում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա առաջ տանել այս օրակարգերը, սակայն դրանց առկայությունն ինքնին կարևոր է՝ որպես հնարավորության պատուհան ապագայում՝ ավելի կոմպետենտ և ռազմավարական մտածողություն ունեցող կառավարության դեպքում»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան