Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Իսկ ո՞ւր է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ քրեական գործը». Լևոն Բարսեղյան

«Իսկ ո՞ւր է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ քրեական գործը». Լևոն Բարսեղյան
100
Այսօր, 01:06

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հատիկ առ հատիկ պատասխանեք, թե կարող եք.
Տիկնայք և պարոնայք իշխանավորներ, իշխանազուններ, հեղափոխականներ և արդեն ջիգյարով հարմարվողական հիպոտեկառուներ,
Որ այսպես ջիգյարով Ս. Կարապետյանի ժամանակվա էլցանցի չարաշահումներն եք հրապարակում, լավ եք անում իհարկե, թե քր գործերի հիմքեր կան՝ պտի հարուցվեն ու քննվեն ինչպես հարկն է կոնկրետ չարշահումների մասով, առանց վաղեմության ժամկետների վրա խաղալու, հարցեր ունեմ.
1. Էդ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախկինում (տարբեր կազմերով) ամեն սակագին հաստատելիս, չի նայե՞լ ծախսերի ծավալը, տեսակները, հիմքերը, աուդոտորական եզրակացությունները, հեչ չի տեսե՞լ, որ ուռեցրած է ինքնարժեքը, որն էլ բնականաբար ազդել է սակագնի վրա: Բարդ հարց չէ, չէ՞: Բա որ ինքնարժեքը 8 անգամ ավելի դեմ տային, էլի հաստատելո՞ւ էին: Թե՞ Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը (մինչև էլցանցի ազգայնացումը) էլցանցի Սամվել Կարապետյանին ասած են եղել՝ մի քիչ խղճով հաշվեք ու հանձնաժողովին ասել են՝ շատ չխորանաք, արդեն սակագինը պայմանավորվել ենք: Թե չէ, էլի նույն հարցն եմ տալիս. հանձնաժողովն ինչո՞ւ չի տեսել էդ սակագնային քրեական հավելումները, ամեն անգամ գին սահմանելիս: Տեսներ, կասեր՝ էլցանց ջան, հլը էս ծախսը հանի ծախսերի միջից, հլը էս էլ հանի, էս էլ հանի ու տես ինչքան է լինում ինքնարժեքը, էս էլ քեզ շահույթ, ու կպարզեր, որ, ասենք, 2 դրամ էժան է լինում կիլովատը...: Կներեք էսքան խուրդելու համար, հիպոտեկում խճճված կլինեք, ասի ասեմ իմանաք:
2. Եթե չի տեսել՝ ու հալած յուղի տեղ է ընդունել ներկայացրած սակագնի մեջ ինքնարժեքի թիվը, ուրեմն հենց ա′յդ քրեական գործ է, ո՞ւր է այդ քրեական գործը: Ե՞րբ եք հարուցում:
3. Եթե տեսել են, որ ուռճացված է սակագինը ու ծածկադմփոց են արել, էլի քրեական գործ է, ե՞րբ եք հարուցում:
4. Եթե հիմա չեք հարուցում քրեական գործ, ի՞նչ խորհուրդ կտաք անել, մենք հարուցե՞նք, ժողովրդով հավաքվենք, հարուցենք, դատենք, բանտ սարքենք դնենք մե՞ջը, ամեն օր լոբով ճաշ տա՞նք: Բա պետությունն ինչի՞ համար է, բացատրեք խնդրեմ:
5. Ե՞րբ պարզ կլինի, թե չարաշահումներով ուռճացված ինքնարժեքով սարքված սակագներով ինչքան փող են քերել սպառողներից, ու էդ փողերը, երբ ու ինչպես են վերադարձվելու Հայաստանին:
Եթե այս հարցերի հիմքով որակյալ քննություն ու հետևանքներ չեն լինելու, չարժե ամեն օր պատմել, որ էլցանցը չարաշահել է մեր հաշվին, այսինքն, սակագնի հաշվին վարկեր ու հավելագրումներ է արել և այլ ողբ երգել:
և վերջինը.
6. Եթե նախկինում ուռճացրել են ինքնարժեքը, վրան էլ շահույթ դրել, գին է սահմանել հանձնաժողովը, ինչո՞ւ հիմա, երբ բացահայտվել են այդ սակագնային ուռճացումները, ու պետությունը շահույթ հետապնդող չէ, դա էլ պիտի հանվի, (վերաներդրումների թիվը շահույթ չէ, դա սակագնային ծախերի մեջ հաշվենք) սակագինը չի իջեցրել նույն այդ հանձնաժողովը: Եթե չէ, ու էլցանցը պետական հիմնարկ է, հանձնաժողովն ի՞նչ մեղքս է այդ մասով, ինչու պիտի հանձնաժողովը պետական հիմնարկի ծառայության սակագին սահմանի: Երկուսն էլ պետական հիմնարկ են, ե՛ւ էլցանցը, ե՛ւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը: Թե՞ մտածում եք՝ պետական էլցանցը կարող է տմարդի լինել Շահ Աբասից առավել, թող մեկ այլ պետական հիմնարկ սակագինը սահմանի՞, լու՞րջ: Բա Փոքր Մհերը ե՞րբ է գալու, մեզ ազատի էս պարզ խնդիրները լուծելու դարդից»։

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան