Ուրբաթ, 06 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հանքարդյունաբերությունն այսօր հատկապես Սյունիքի կենսագործունեության ու դեմոգրաֆիայի հիմքն է». Հակոբ բադալյան

«Հանքարդյունաբերությունն այսօր հատկապես Սյունիքի կենսագործունեության ու դեմոգրաֆիայի հիմքն է». Հակոբ բադալյան
106
Այսօր, 18:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իսկ սա չափազանց կարևոր է.

Օրերս Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան արել է հայտարարություն, մտահոգություն հայտնելով չեխական «Առնիկա» կոչվող հասարակական կազմակերպության՝ Հայաստանում գործունեության վերաբերյալ:

«Արդեն մի քանի տարի շարունակ, չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, և ոչ օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը՝ որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին։
Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում՝ հողից, ջրից և քաղաքացիներից»:

Ընդգծելով, որ կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, ասոցիացիան նաև նշում է, որ նման գործունեությունը պետք է իրկանացվի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին և ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։

Մինչդեռ, հանքագործների ու մետալուրգների ասոցիացիան մատնացույց է անում, որ «Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկատվությունը տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման և վավերացման մեխանիզմների, ինչպես նաև ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։

Հարգելի բաժանորդներ, սա մի հարց է, որը մշտապես պահում եմ իմ ուշադրության կենտրոնում, որովհետև.

ա) Հայաստանի ավելի ու ավելի այսպես ասած առևտրայնացվող և սպասարկումների ու ծառայությունների դաշտ տեղափոխվող տնտեսության համար հանքարդյունաբերությունը չափազանց կարևւոր նշանակություն ունեցող ծանր հրետանի է:

բ) հենց այդ տնտեսական կարևորությունից ելնելով հանքարդյունաբերությունը թիրախ է բոլոր այն երկրների համար, որոնց շահից չի բխում Հայաստանի տնտեսության ինքնաբավության որևէ աստիճան: Ավելորդ է ասել, որ առաջին հերթին դա Ադրբեջանն է: Ադրբեջանի իշխանությունը հետեւողական քաղաքականություն է վարում Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, այն ներկայացնելով իբրև թե ռեգիոնալ շրջակա միջավայրի վտագ: Այն դեպքում, երբ հենց ինքը Ադրբեջանը իր տարածքում իրականացնում է միլիարդավոր դոլարների հանքարդյունաբերական ներդրումային ծրագրեր:

գ) հանքարդյունաբերությունը այսօր հատկապես Սյունիքի՝ Հայաստանի ռազմավարական, ողնաշարային մարզի կենսագործունեության ու դեմոգրաֆիայի հիմքն է: Ու նաև սրա պատճառով է, որ այն Ադրբեջանի թիրախում է տարիներ շարունակ: Բնական է, որ այդ թիրախավորումը իրականացվում է նաև օգտագործելով այսպես ասած «անկախ միջազգային» ՀԿ-ների:

Հետևաբար, Հայաստանի համար սա ռազմավարական նշանակության խնդիր է, որտեղ պետք է լինի պետության շահերի բծախնդիր ու աչալուրջ պաշտպանություն: Այո, հանքարդյունաբերությունը պետք է լինի նաև շրջակա միջավայրի պաշտպանության բարձր չափանիշներով: Բայց այդ խնդիրը բացառապես Հայաստանի խնդիրն է, որի լուծման համար պետք են ոչ թե միջազգային ՀԿ-ներ, այլ Հայաստանի հանքարդյունաբերողների, պետական կառույցների, ինչպես նաև գիտահեն բնապահպանական կազմակերպությունների համակարգված և համադրված աշխատանք»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան