Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -3 °C

«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան

«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան
100
Այսօր, 03:06

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ լուր տարածվեց, թե Ռուս-Ուկրաինական պատերազմում զոհվել է մեր հայրենակից, ծնունդով Արցախից, Արբատ գումարտակի հրամանատար ՀԱՅԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Անմիջապես էլ լրահոսս լցվեց հակասական կարծիքներով: Բացի ցավակցություններից կային նաև տգեղ արտահայտություններ: Երկու այս հակադիր կարծիքների մեջ ընդհանուրը, սակայն, զարմանալիորեն այն էր, որ բոլորն էլ, այս կամ այն կերպ, նշում էին, որ զոհվել է Հայ ռազմիկ, որը չի մարտնչել Հայաստանի և հայերի շահերի համար՝ գոնե ուղղակիորեն...
...Հետաքրքիր մոտեցում է, ասեմ ձեզ, և առնչվում է մեր ազգային արխետիպային պատկերացումներից մեկին: Իրոք, չգիտես ինչու բոլորին թվում է, թե իրենց 5000-ամյա պատմության ընթացքում Հայ ռազմիկները կռվել են ԲԱՑԱՌԱՊԵՍ միայն այնպիսի պատերազմներում, որոնք ուղիղորեն առնչվել են հայերին և Հայաստանի շահերին: Շտապեմ հիասթափեցնել՝ դա ամենևին էլ այդպես չէ և Տարեգրքումս այս պահի առկա 7.832 էպիզոդներից ես ձեզ համար կարող եմ հարյուրավորները բերել, երբ Հայ ռազմիկը մարտնչել է ՈՉ ՀԱՆՈՒՆ հայերի և Հայաստանի շահերի՝ երբեմն այդ անելով այլ ուժի, իսկ երբեմն էլ հենց իր շահի համար: Ցավոք, կան նաև դեպքեր, երբ Հայ ռազմիկը մարտնչել է նույնիսկ ԸՆԴԴԵՄ հայերի և Հայաստանի շահերի:
Ամենահին հիշատակությունը, որ կարելի է բերել առ այս ամեն, վերաբերում է, թերևս, մ.թ.ա. 1756 թ-ի Դիալա գետի ճ-մ-ին, երբ Հայոց թագավորության օժանդակ զորաջոկատը օգնեց Ասորեստանի թագավորությանը հաղթել Իրանական լեռնաշխարհի արևմուտքում գործող լուլլուբեներին՝ ներկայիս քրդերի ֆիզիկական նախնիների մի կտորին: Ամենափառահեղ հիշատակություններից մեկն էլ, գոնե իմ կարծիքով, վերաբերում է Աշոտ Արծրունուն և Վահագն Քաջ Հայկազնին, որոնք գերվեցին մ.թ.ա. 331 թ-ի Գավգամելայի ճ-մ-ում, սակայն հետագայում Աշոտը տարբեր պաշտոններ զբաղեցրեց Պտղոմյանների թագավորության հիմնադիր Պտղոմեոս I-ի (մ.թ.ա. 323-282) մոտ, իսկ Վահագնն էլ ծառայության անցավ Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) թիկնապահ զորամասում: Վահագնի մասին IX դարի պատմիչ Թովմա Արծրունին ասում է, թե. «Սա մեծ ջանասիրությամբ առաջ գնաց զինվորական գործում՝ ջանալով կամ մեռնել թշնամու սրից, կամ հաղթել քաջասրտությամբ» (1.6):
Խուրան Արծրունին, որ հանդիսանում էր Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի (մ.թ.ա. 4 - մ.թ. 50) լավագույն զորավարներից մեկը, 33-34 թվականներին Պիրենյան թերակղզում օգնեց ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ կայսր Հուլիոս Տիբերիոսին (14-37), երբ սա. «...ոսկեհանքերի համար պատերազմ էր մղում իսպանացիների դեմ»: Հայերը հանդես եկան շատ լավ, իսկ. «...Խուրանը բազում քաջություններ ցուցաբերեց և հաղթանակներ տարավ, ինչի համար հույժ ուրախացած Տիբերիոսը ստադիոն կոչված վայրում նրան պատվեց ծիրանիով ու հաղթության պսակով»,- այս կապակցությամ հայտնում է նույն Թովմա Արծրունին (1.6): Արդեն հաջորդ հարյուրամյակներում Հռոմեական կայսրության բանակում կային հայկական նետաձիգ ստորաբաժանումներ: Վերջիններիցս մեկը 237 թ-ին նույնիսկ կայսր հռչակեց ոմն Տիտոսի, որը 6 ամիս անց սպանվեց, իսկ սրա գագաթնակետն էլ հանդիսացան պսևդոկոմիտատեսի կարգավիճակ ունեցող III-V դարերի հայկական երկու լեգեոնները՝ I Armeniaca-ն և II Armeniaca-ն:
527-1080 թվականներին ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ բանակի կազմում հայերի ունեցած դերը հանրահայտ է: Ավելին, մինչև 476 թ-ը կայսրերը հենց հայերից էին իրենց համար թիկնապահներ ընտրում՝ հաշվի առնելով ամենից առաջ մարտական հատկանիշները: Կայսերական թիկնազորը հայերից էր կազմված նաև առնվազն 960-1040-ական թվականներին, ընդ որում վերջինս հաճախ մասնակցում էր մարտական գործողությունների՝ փրկելով կայսրերի: Նույն բյուզանդական բանակի կազմում էր, սակայն նաև, որ հայերն ամենից շատ հանդես եկան ԸՆԴԴԵՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻ՝ առնվազն երեք անգամ մարտնչելով Հայոց պետականությունների դեմ, իսկ 20 անգամ էլ՝ ճնշելով հայերի ապստամբություններ:
Հանրահայտ է նաև հայերի մասնակցությունը Պարսից թագավորության արևելյան սահմաններում մղվող մարտերին, որտեղ ևս հայերն իրենց ՓԱՅԼՈՒՆ էին դրսևորում: Ի դեպ, կա կարծիք, որ թյուրքական լեզուներում մինչև այժմ էլ գոյություն ունեցող «արմեն» բառը, որն ունի շատ դրական իմաստ և նշանակում է «արի, քաջ, ակնառու, փայլուն և այլն», հենց սրա հետևանքն է:
Ավելին, հայերն աչքի էին ընկնում նաև ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Ալի իբն Յահիա ալ-Արմանին, որը զոհվեց արաբների համար անչափ ցավալի 863 թ-ի Հալուերս գետի ճ-մ-ում՝ Տիգրանակերտի մոտ, ըստ X դարի պատմիչ Մասուդիի (VIII, 74-75) հանդիսանում էր այն 4 ակնառու հերոսներից մեկը, որոնց պատկերները դրվում էին բյուզանդական եկեղեցիներում, որպես նրանց խիզախության, բայց որ ավելի կարևոր էր՝ ազնվասրտության, հարգանքի հավաստիք: Ինչպես մի ժամանակ Սասանյանների մոտ, այնպես էլ VIII-X դարերում Հայ ռազմիկների ամբողջական զորամասեր, կազմված երբեմն զենքի տակ դրված մինչ այդ գերված հայերից, մասնակցում էին խալիֆության մղած ռազմական գործողություններին: Ըստ XII դարի պատմիչ ալ-Սպահանու՝ նման զորամաս 1081 թ-ին հիշատակվում է նույնիսկ Սելջուկյան սուլթանության բանակում: Ավելին, առանձին հայեր նույնիսկ դառնում էին իսլամական աշխարհի ակնառու առաջնորդներ: Ամենահայտնի օրինակը Ֆաթիմյանների խալիֆության գլխավոր հրամանատար Բադրը կամ Պետրոսն էր, որը դեռևս երիտասարդ տարիներին 1022 թ-ին մի պահ ղեկավարեց Համդանյանների էմիրությունը, իսկ 1073-1094 թվականներին էլ փաստացի ղեկավարում էր Ֆաթիմյանների խալիֆությունը: Հիշենք նաև նույն խալիֆությունը XII դարում ղեկավարած Վահրամ Պահլավունուն, որն այդ պաշտոնը ստանձնեց մնալով քրիստոնյա, Ռուզզիքների տոհմին պատկանող վեզիրներին, ինչպես նաև Բադր-էդ-Դին Լուլուին, որը 1222-1259 թվականներին կանգնեց Զանգյանների աթաբեկության գլուխ:
ՕՐԻՆԱԿՆԵՐՆ ԱՆՉԱՓ ՇԱՏ ԵՆ, բայց խոսքը փակենք հայազգի մոտ մեկ տասնյակ «հաջողության զինվորների» այն բուռն գործունեությամբ, որը նրանք 1760-ական թվականների սկզբներին Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ ծավալեցին հեռավոր Բենգալիայում՝ լրջորեն հարամելով մինչ այդ երկրամասը նվաճել փորձող անգլիացիների ճաշը:
Լոռիս-Մելիքով և Բեհբութով Ռուսական կայսրությունում, Մամլուք Ռուստամ և տասից ավելի այլ հայազգի մամլուքներ Ֆրանսիայում, Հունգարական 1848 թ-ի հեղափոխության հերոսներ Էրնե Կիշ ու Յանոշ Ցեց, մարշալներ Բաղրամյան և Բաբաջանյան ԽՍՀՄ-ում, Խալիլ փաշա Օսմանյան սուլթանությունում, Ղառչաղա խան Սեֆյանների շահությունում, հայկական 5.000 հոգանոց հետևակը Վիեննայի 1683 թ-ի ճ-մ-ում Յան Սոբեսկու (1674-1696) դրոշի տակ, Կուլիկովո ու Գրյունվալդ - ո՞րը հիշես...
...Ասածս ի՞նչ է: Ես ՑԱՎՈՒՄ ԵՄ Հայկի զոհվելու համար ու նաև ցավում եմ, որ նա զոհվեց հայերի և Հայաստանի շահերին առնվազն ուղիղ չվերաբերող պատերազմում: Ես իրեն որևէ կերպ չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ նա ու իր հետ գտնվող հայերը ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐԵԼՈՒ ԱՆԳԻՆ ՓՈՐՁ ՈՒՆԵՆ և, օրինակ, քաղաքային մարտերը նրանք հաստատ որ շատ լավ կիրականացնեն, քան «հաստիքային ոմանք»: Ես կուզենայի, որ այդ մարդիկ հայերի և Հայաստանի համար պայքարեին, իսկ եթե քաղաքային մա՞րտ էլ, օրինակ, վարելիս լինեին, ապա դա լիներ Ստեփանակերտի կամ Շուշիի ազատագրման համար մղվող մարտերից մեկը: Ցավալի է և երիտասարդ հայի մահը, և այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի՝ գոնե ուղիղ այդ կերպ: Դա, սակայն, մեր 5000-ամյա պատմությանն ուղեկցող երևույթ է...
...Իմ երազած պետությունը կհավաքեր օտար դրոշների տակ պատերազմող այդ մարդկանց, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՆԵՐ հանուն հայերի ու Հայաստանի շահերի»: