Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում` թոշակային ֆոնդերից

«Հետք»-ը գրում է. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը։ Քաղաքացիների՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում հավաքված ապագա թոշակներից ևս պարտք է տրվում պետությանը։
Մեր տեսանյութերից մեկում պատմել ենք, թե ներկա դրությամբ 14 միլիարդ դոլարը գերազանցած պետական պարտքն ինչպես է կուտակվել և ինչ բեռ է դարձել պետական բյուջեի համար։ Իշխանությունները հավաստիացնում են, որ պարտքը կառավարելի է և նպաստում է տնտեսական աճին, ընդդիմախոսները՝ մատնանշում ռիսկերը։
Ինչպես պարզել ենք, վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի աճը պայմանավորված է հիմնականում ներքին պարտքով։ Սա այն գումարն է, որը Կառավարությունը պարտք է իր երկրի քաղաքացիներին, բանկերին և կազմակերպություններին։
Այս անգամ ուսումնասիրել ենք, թե ովքեր են Հայաստանի պարտատերերը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի գծով։
Ներքին պարտք. բանկերը Հայաստանի Հանրապետության գլխավոր պարտատերերն են
Ֆինանսների նախարարությունը նախընտրում է ավելի շատ հենվել ներքին պարտքի վրա, քանի որ այն վերցնում է հայկական դրամով, և արտարժութային ռիսկեր չեն առաջանում (ՀՀ դրամով)։ Բացի այդ, տոկոսները մնում են երկրի ներսում և կարող են խթանել տնտեսությունը։ Սակայն, այս համակարգը ունի նաև թերություններ՝ բարձր տոկոսադրույքներ և խոշոր ֆինանսական կառույցների հնարավոր ազդեցություն։
Ինչպես նշեցինք, ներքին պարտքը ձևավորվում է հիմնականում ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերից։ Ներքին պարտքի ոչ մեծ մաս են կազմում ռեզիդենտների գնած արտարժութային պարտատոմսերը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հրապարակած վիճակագրության, 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանը մոտ 2.9 տրլն դրամի (7.6 մլրդ ԱՄՆ դոլար)՝ ՀՀ դրամով ներգրավված պարտք ունի, որը հենց պետական պարտատոմսերն են։
Այս պարտքի հիմնական մասը՝ 2.6 տրլն դրամը, ձևավորվել է ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերի արդյունքում։ Մնացածը ոչ ռեզիդենտներն են գնել։
Ինչպե՞ս է սա աշխատում. պետությունը ներքին պարտք է վերցնում հիմնականում պետական պարտատոմսերի թողարկմամբ՝ թողարկում է արժեթղթեր, որոնք գնում են բանկերը, տարբեր ֆոնդեր, իրավաբանական անձինք կամ սովորական քաղաքացիներ։ Փոխարենը պետությունը խոստանում է պայմանավորված ժամկետում վերադարձնել գումարը և վճարել տոկոսները։
Իսկ ո՞վ է պետությանը 2.6 տրլն դրամի պարտք տվել։ Դրանք, մեծ մասամբ, ոչ թե հասարակ քաղաքացիներ են, այլ՝ խոշոր ֆինանսական կառույցներ։
Այսպես, առաջին տեղում բանկերն են։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի վերջի դրությամբ պետությունը բանկերին պարտք է 1.6 տրլն դրամ։ Նշված ամսվա դրությամբ այն կազմում է Հայաստանի պետական պարտատոմսերի 57%-ը։
Ակնհայտ է, որ վերջին հինգ տարիներին բանկերի գնած պետական պարտատոմսերի ծավալը կամ ավելի պարզ ասած՝ պետությանը տրված պարտքն անշեղորեն և բավականին տեսանելի տեմպով աճել է։ Եվ կարելի է պնդել, որ Հայաստանի ամբողջ պետական պարտքի աճի վրա դա էական ազդեցություն է ունեցել։
Համեմատության համար նշենք, որ հինգ տարի առաջ՝ 2021 թվականի սկզբի դրությամբ պետության պարտքը բանկերին կես տրիլիոն դրամի չափով է եղել։
Ստորև գրաֆիկում կարող եք տեսնել այդ միտումները, ինչպես նաև պետությանը պարտք տված մյուս հատվածների ցուցանիշները, որոնց ևս այս հոդվածում անդրադարձել ենք։
Հիշեցնենք, որ պետությունը նոր պարտքերին զուգահեռ մարում է հին պարտքերի մի մասը։ Այս տվյալները պատկերում են նշված պահին եղած պարտքերը։ Այսինքն՝ երբ պարտքի որևէ մասն արդեն մարված է, այն տվյալ օրվա վիճակագրության մեջ այլևս չի ներառվում»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
10602:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
147Երեկ, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
200Երեկ, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
112Երեկ, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
111Երեկ, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
114Երեկ, 11:36
«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
18330.06.2026, 14:12