Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով»․ Տարոն Սիմոնյան

«Զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով»․ Տարոն Սիմոնյան
117
Այսօր, 20:42

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ մեր հարևանները բացահայտ և անկաշկանդ ձևով են խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը (անխոչընդոտ տարածքներ են զբաղեցնում ու ամրանում, օդային տարածությունն են օգտագործում առանց թույլտվության և հոխորտում են, թե շնորհակալ եղեք, որ ձեզ չենք ոչնչացնում), զուտ մեր դիվանագիտության համար հիշեցնեմ, որ աշխարհում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող պետությունների հատուկ իրավական կարգավիճակ, որը նրանց թույլ է տալիս առավել դյուրին եղանակով օգտագործել հարևան պետությունների ցամաքային և օդային տարածքը։
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է թե՛ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, թե՛ Սևծովյան տարածաշրջանային տնտեսական կազմակերպությանը, թե՛ Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին Նյու Յորքի կոնվենցիային, թե՛ Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերին, որոնք իրավունք են տալիս մեր նման պետություններին անխոչընդոտ մուտք ունենալ դեպի ծով (օրինակ՝ Թուրքիայի տարածքով) ․․․
Այս բոլոր փաստաթղթերի հիմքում ընկած գերիշխող սկզբունքն այն է, որ աշխարհագրությունը չպետք է ​​իրավական և տնտեսական անբարենպաստ հանգամանք հանդիսանա դեպի ծով ելք չունեցող պետությունների համար։ Իսկ այդ պետությունները՝ որպես միջազգային սովորութային իրավունքի դրսևորում, ունեն ծով մուտք գործելու իրավունք, որը լրացվում է տարանցիկ պետությունների պայմանագրային պարտավորություններով։
Բայց արի ու տես, որ չենք կարողանում ունենալ, որովհետև մեր երկու հարևանները, բացի այն, որ ագրեսիա են ցուցաբերում մեր նկատմամբ և շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը, այլ նաև վերոնշյալ շատ կոնվենցիանների կոպիտ խախտմամբ՝ փակ են պահում մեր սահմանները։
- Ինչո՞ւ․․․ որովհետև ԿԱՐՈՂԱՆՈՒՄ են ․․․
- Իսկ կարողանում են, որովհետև մենք ԹՈՒՅԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ․․․
- Իսկ թույլ ենք տալիս, որովհետև ԶԲԱՂՎԱԾ ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ այն ամենն, ինչն ունակ է նպաստել այդ ներուժի զարգացմանը․․․
- Իսկ ինչո՞ւ ենք դա անում, որովհետև ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄՏԱԾԵԼ և ՍՏԱՆՁՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ մեր որոշումների և ապագայի համար․․․
- Իսկ ինչո՞ւ ենք ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՈՒՂԵՂԻՑ, որովհետև հեշտ է անչափահաս լինելը, մեզ զբաղեցնելը ներքին քաղաքական բամբասանքներով ու «փրկիչների» մեծարանքով և տգիտության ու անբարոյականության քարոզիչների քաղաքական սերիալներով․․․»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան