Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ընտրական պրոցեսի առանցքային հարցերից է այն, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում»․ Հակոբ Բադալյան

«Ընտրական պրոցեսի առանցքային հարցերից է այն, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում»․ Հակոբ Բադալյան
116
Այսօր, 19:42

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Որ բանկ մտնում ես՝ հերթեր են: Ես չեմ հասկանում, մեր քաղաքացիները ինչի՞ պատճառով են ստիպված այդքան հերթ կանգնել բանկերում: Ինչո՞ւ է մարդկանց կյանքի ընթացքն այսքան շատ «կախվել» բանկերից:

Եվ սա այն դեպքում, որ շատ շատերը օգտվում են վճարային տերմինալներից և օնլայն բանկինգից: Եվ սրանով հանդերձ՝ գրեթե բոլոր բանկերի մասնաճյուղերում հերթեր են:

Սա ցույց է տալիս, որ քաղաքացուն դարձրել են բանկի «դոնոր»: Չէ՞ որ այդ ամենը ենթադրում են միջնորդավճարներ, ֆինանսական օպերացիաներ, որոնք բանկերին ապահովում են գերշահույթներ: Վերջին չորս տարիներին Հայաստանի բանկային համակարգը աշխատում է գերշահույթներով: Որովհետև ոչ միայն ռելոկանտներ են եկել կամ ՌԴ հանդեպ պատժամիջոցների այլ էֆեկտներ կան, այլ պարզապես Հայաստանի կառավարությունը ավելի ու ավելի է կայացնում որոշումներ, որոնք մարդկանց կյանքում բանկերը դարձնում են անշրջանցելի:

Երբ մենք խոսում ենք ընտրական պրոցեսի մասին, մոռանում ենք, թերևս, այդ բաղադրիչը: Բանկերը Հայաստանում կապիտալի խոշորագույն կրողներ ու «պահուստավորողներ» են, իսկ ընտրական պրոցեսում կապիտալի դիրքորոշումը առանցքային է, ուզեք, թե ոչ:

Մենք խոսում ենք այն մասին, որ գործող իշխանությունն ունի ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը, չգիտես ինչու կասկածում ենք Ռուսաստանի աջակցության առումով, բայց չենք խոսում, թերևս, այդ ամենից ավելի առարկայականի՝ բանկերի աջակցության մասին: Մինչդեռ, Հայաստանի բանկային համակարգը բնականաբար համաշխարհային բանկային կապիտալի մի օղակ է, ու անկասկած այդ հարցում օղակը չի կարող ունենալ ամբողջ շղթայից առանձին դիրքորոշում:

Հետևաբար, Հայաստանի ընտրական պրոցեսի, կամ իշխանության ձևավորման պրոցեսի առանցքային հարցերից մեկը, եթե ոչ հարցերի հարցը, այն է, թե ինչ դիրքորոշում կա բանկային համակարգում:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան