Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«2022-ին ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը». Գառնիկ Դանիելյան

«2022-ին ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը». Գառնիկ Դանիելյան
157
Այսօր, 13:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է։
1992 թվականի ապրիլի 10-ին, այնուհետև՝ ապրիլի 22-23-ին, Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը ենթարկվեց հարձակման։
Ողբերգական այս իրադարձությունը, որին զոհ գնացին 100-ից ավելի հայեր, ցեղասպանություն է։ Ադրբեջանական բանակին միացած քաղաքացիական անձինք ավարտին հասցրին էթնիկ զտումը՝ ամենադաժան տանջանքների ենթարկելով կանանց, երեխաներին, ծերերին։
Մարդկանց տանջամահ անելուց և ողջակիզելուց հետո ադրբեջանցիները կողոպտեցին և հրկիզեցին գյուղը։
2022 թվականի մարտի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առաջարկ էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու և նոր հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։
ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը։
Զավեշտալի է, որ հայերին պարբերաբար էթնիկ զտման ենթարկած Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջում է մարտի 31-ը հռչակել հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր։
Ցեղասպանությունից է խոսում մի պետություն, որը դեռևս 2 տարի առաջ շրջափակման ենթարկեց արցախցիներին՝ իրականացնելով էթնիկ զտում։
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Այն ազգերը, որոնք մոռանում են պատմությունը՝ հերոսական ու ողբերգական էջերով, վտանգում են իրենց ապագան։
«Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»․ Հրանտ Մաթևոսյան։
Այս բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ 34 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը, երբեք չպետք է ջնջվի մեր հավաքական հիշողությունից։
Խոնարհումս՝ Մարաղայի և բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան